Սայաթ-Նովա, Աշուղ Հավասի, Ջիվանի է երգում մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ աշխատող երաժիշտը: 11 տարի է` նա նվագում ու երգում է դրսում: Հպարտությամբ ասում է, որ երգացանկում 162 երգ ունի, իսկ այսօրվա երգարվեստի վառ ներկայացուցիչները համերգներ են ունենում, որտեղ 4-5 երգ կատարելուց հետո ասում են` հոգնեցինք: «էսօրվա դրությամբ ես չեմ նախանձում, բայց որ աստղեր են ասում, չեմ իմանում ինչեր են ասում, էսօր երգող չկա, բացի մի քանիսից, այն էլ էստրադային ժանրում: Ժողովրդական ժանրում վաբշե երգող չկա: Նունե Եսայանը երգո՞ւմ ա, Անդրեն երգո՞ւմ ա. նրանք երգողներ չեն: Բան չունեմ ասելու, բայց մեր ժողովրդին հարիր չէ էլի, մեր ազգային մշակույթն աշխարհում ամենահզոր մշակույթն ա, մեր մշակույթը, մեր գիտությունը մինչեւ 90 թիվն է, որ աշխարհին զարմացրած է, 92 թվից հետո կամաց-կամաց իջանք արդեն ճահիճ»,-խոսակցական հետաքրքիր ակցենտով իր մտահոգությունն է հայտնում «փողոցային» երաժիշտը:
Պարզվեց` նա ծնունդով Կապանից է, բայց երբ աղջիկը Երեւանում ընդունվել է համալսարան, ապա ամուսնացել, ինքը եւս կնոջ հետ տեղափոխվել է Երեւան. «Սկսել եմ դրսերում նվագել 90 թվից հետո: Ես լեռնային ինժեներ եմ մասնագիտությամբ: Ղափան գնամ, ի՞նչ անեմ, Ղափանում սկի աշխատանք չկա: Երաժշտական դպրոց չեմ գնացել, բայց երաժշտությունը մեջս կար… Տեսա, որ աշխատանք չեն տալիս, որտեղ գնում եմ` 40 տարեկանից բարձր պետք չի, 62 տարեկան եմ հիմա»: Դեռ կենսաթոշակ չի ստանում, բայց քանի որ տեսողության հետ կապված խնդիր ունի, որոշակի չնչին գումար ստանում է պետությունից. «Տեսողությանս հետ կապված՝ մի երկու կոպեկ ստանում եմ: Էնքան, որ այսօրվա օլիգարխը՝ որ գրպանից էդքան ընկնի, երեւի չկռանա` վերցնի էդ փողը»:
Իսկ փողոցում նրա աշխատած գումարի չափը տվյալ օրվանից է կախված. «Օր ա պատահում` 3000, օր ա պատահում` 4000, նայած էլի: Օրական 4-5 ժամ երգում եմ տարբեր տեղեր, կարող ա գնամ Հյուսիսային պողոտա, կարող ա գնամ Ամիրյանի վրա: Դե իհարկե շատ քիչ է, կինս էլ է աշխատում, ամիսը մի 30.000 էլ ինքն ա ստանում»: Երբ հետաքրքրվեցինք, թե արդեն 10 տարի նա դրսում նվագում է, արդյո՞ք նրան չեն անհանգստացնում, ասաց. «Չէ՛, չէ՛, չէ՛, իմ արվեստին նայողն ինչքան չուգուն մարդ լինի, որ մոտենա, բան ասի: Մի քանի տարի առաջ ոստիկանության մեջ կար ընտանիքից տուպոյ, անդաստիարակ մեկը, ես նստած եմ ստեղ, ասում ա` մի՛ երգի: Ա՛ շան տղա, ինչի՞ չերգեմ: Բայց հիմա` փառք Աստծո»:
Մեր երաժիշտը սեփական երկրի բարելավման մասին մտածում է, թե` մինչեւ երկրում հեղափոխություն չլինի, գաղափարը չգա իշխանության, երբեք լավ բան չի լինի: «90 թվից հետո ժողովուրդը դուրս ա եկել փողոց ու աշխատանք ա ման գալիս: ԱԺ-ն դրել ա մի այնպիսի օրինագիծ, որ աշխատավարձը գնում ա ստաժի վրա: Հա էսօրվա երիտասարդներինը թող ստաժի վրա գնա, բա էն մարդկանց շպրտել ես փողոց` վաղը, մյուս օր ի՞նչ թոշակ ստանան: Հակաժողովրդական օրենքներ ա, որ չի տեղավորվում մարդկային ուղեղում: Էսօր մի մարդ կարա 4-5 հատ սամալյոտ առնի, բայց մարդ կա` աչքերը բացում ա, ասում ա` երեխայիս ինչ եմ տալու: Մեկը եսիմ քանի 100 հազար թոշակ ա ստանում, մեկը` 20.000. ծայրահեղությունից ծայրահեղություն»,-կարծես միջնադարից Ֆրիկի խոսքերը հիշեցնելով` բողոքում էր երաժիշտը:
«Ժողովուրդն անորակ ա, անորակ: Էսօրվա դրությամբ քաղաքական դաշտում բեմադրական սցենարներ ա գնում, օրինակ` Գագիկ Ծառուկյանն օգնություն ա տալիս չէ ժողովրդին, բան չեմ ասում, լավ ա անում, դա քաղաքականություն ա, բայց ժողովուրդը չի հասկանում, թե դրա տակ ինչ կա: Օրինակ` Տիգրան Կարապետյանը, ճիշտ ա, քաղաքականությունից անգրագետ ա, բայց լավ մարդ ա, տվող մարդ ա: Թե չէ էսօրվա դրությամբ, որ սցենարներ են տալիս, արա՛, բա դրա տակը տեսե՛ք` ինչ ա: Բա մենք ուզում ենք էսօրվա իշխանություններից մի կերպ պրծնենք, հերիք ա էդքան վատ ապրենք, ինչի՞ են էսօրվա դրությամբ մեր ազգի լավագույն մարդիկ փախնում ստեղից: Էս 2 օրը հեռուստատեսությամբ լսեցի, որ Լիխտենշտեյնի իշխանությունից մի մարդ է` հայ է, հարց են տվել` հայրենիքդ չե՞ս կարոտում, ասել ա` հայրենիքս կարոտում եմ, բայց ես դրսում ապրում եմ հայավարի, հայեցի, իսկ Հայաստանում ես չեմ կարա, չեն թողնի` հայավարի ապրեմ: Լավագույնները փախնում են երկրից, բա մենք պատերազմող երկիր ենք, փոխանակ էնպես անեն` մեր ինտելեկտուալ ռեսուրսը ներհոսք տա, ոչ թե արտահոսք»,-իր դատողություններն է անում կապանցի երաժիշտը:
Ըստ մեր զրուցակցի` Հայաստանի համար միակ մարդը, որ արժանիքներ ունեցող ղեկավար կլինի, Րաֆֆի Հովհաննիսյանն է. «Նա չափազանց հայրենասեր է: Ա՛յ, ղեկավարն էդպիսի մարդ պետք ա ըլնի` կրթված, ոչ թե մականունավոր, ամոթ ա, երիտասարդները պիտի պայքարեն: Հեռուստատեսությամբ ի՞նչ ֆիլմեր են դնում, էսօրվա երիտասարդությունն ի՞նչ պիտի սովորի, էս սաղ ցավ ա: Կոմիտասը որ 15 թվին գժվեց, ա՛յ գժվելն էս ա»:
«ՓՈՂՈՑԻ» ԵՐԱԺԻՇՏԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ