![](https://armlur.am/wp-content/uploads/2025/01/2-caxik-kayq.jpg)
Վիրուսները շարունակում են գրոհել։ 2025 թվականի հունվար ամսվա երկրորդ շաբաթվա տվյալների համաձայն՝ սուր շնչառական վարակների աճ է գրանցվել։
Թե՛ մեծահասակների, թե՛ 0-18 տարեկանների շրջանում նկատվում է սեզոնային գրիպի, թոքաբորբի դեպքեր։
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում դիմել են 7278 բուժառու:
Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի համանախագահ Ծաղիկ Վարդանյանի հետ։
-Տիկի՛ն Վարդանյան, ինչի՞ հետեւանքով են գրանցվել սուր շնչառական վարակների նման քանակությամբ դեպքեր։
-Մենք հիմա սեզոնային գրիպի ակտիվացման շրջանում ենք գտնվում եւ մոտավորապես նախատեսվում էր նախորդ՝ 2024 թվականի ակտիվության նման տարի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում մեր տարածաշրջանի համար նախատեսվել էին այդպիսի թվեր։ Այս պահին ակտիվացումը բնակլիմայական պայմանների, ինչպես նաեւ շփումների արդյունքն է, քանի որ երեխաները գնում են դպրոց, մանկապարտեզ եւ այդ շտամերի խումբն ավելի շատ է լինում։ Եթե արձանագրենք, որ սա աննախադեպ է, ապա այդպես չէ։ Սա սեզոնային գրիպի տարածվածության թույլատրելի սահմանն է։ Բայց այս հանգամանքը չի նշանակում ոչինչ չանել, անպայման է կանխարգելիչ բոլոր միջոցները իրականացնել։
-Որո՞նք են այդ կանխարգելիչ միջոցները։
-Անձնական հիգինեայի միջոցների պահպանումն է՝ առաջին հերթին ձեռքերի լվացումը, մաքուր պահումը, շփման մեջ շատ չողջագուրվելը, չափից դուրս սերտ շփումները նվազեցնելը, հիվանդ վիճակում այլ անձանց հետ շատ չշփվելը, հնարավորինս ինքնամեկուսացումը, աշխատանքային գործունեությունը դադարեցնելն ու տանը մնալը։
-Այսինքն՝ այս կերպ կարելի է խուսափե՞լ սեզոնային վիրուսներից։
-Այս կերպ ամբողջապես խուսափել, բնականաբար չենք կարող, բայց մասամբ կարող ենք վարակվելու հավանականությունը իջեցնել։ Եթե նորմայում մեկ վարակված անձը վարակում է 2 կամ 3 հոգու, մենք կարող ենք այն սահմանափակել 1-ով։ Սա կբերի սեզոնային գրիպի որոշակի սահմանափակման։ Ավելի ճիշտ, կառավարելի տարբերակն է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը, որն այս փուլում մի փոքր հայտնի չէ՝ ինչքանով էֆեկտիվ կլինի։ Կառավարելի վարակի տարբերակներից են պատվաստումները, իսկ հաջորդը՝ անձնական հիգիենայի եւ շրջապատի հետ շփման հիգիենայի պահպանությունը, եւ երրորդը՝ արագ դիմելը բժշկին. չպետք է թույլ չտալ, որպեսզի բարդություններ լինեն։ Դեռ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում էր, որ կոնկրետ այս սեզոնի համար քառավալենտ վակցինաներ են սպասվում, քանի որ շտամները մի քանիսն են, որոնք շրջանառվում են։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑՆ ԻՄ ԱՄԵՆՕՐՅԱ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է. Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբկացության անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Ռիգայում գտնվելու օրերին, երբ մասնակցում էի ռազմավարական հաղորդակցությունների թեմայով կազմակերպված սեմինարներին, առիթ ունեցա հանդիպելու Լատվիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Պոլ Բրամմելին (H.E. Mr. Paul Brummell): Զրույցը շատ արդյունավետ եւ ջերմ էր: Քննարկեցինք մի շարք հարցեր` կապված տարածաշրջանում առկա իրավիճակի հետ:
Օգտվելով առիթից՝ խնդրեցի դեսպանին, որպես միջազգային հանրության ներկայացուցիչ իր ուշադրության կենտրոնում պահել Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անարդար դատավարության եւ դրա թափանցիկության հարցը:
Հայ գերիների վերադարձի հարցն իմ ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասն է: Եվ ես օգտագործում եմ բոլոր հնարավոր ու անհնար միջոցները՝ հասնելու նրանց տունդարձին»,- գրել է նա։
ՍԱՀՄԱՆԻՆ ԱՆՎՏԱ՞ՆԳ Է
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը` հայերեն եւ անգլերեն։ Մասնավորապես, «Ռազմաքաղաքական ռիսկեր» բաժնում գրված է. «Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երեւույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում։ Միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության եւ միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների եւ էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի։
Այս համատեքստում Ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետեւողական զարգացումը եւ ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսեւորում է։ Այդ խոսույթներից են այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի եւ արեւմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռեւանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները։