Ո՞Ր ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ 300 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՇԵՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ-ից ներկայացրել են՝ որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը եւ որ դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում։

 

 

Հարց 1

300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում

300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին, այսինքն հարկվող եկամուտներին այս շեմը չի վերաբերում։

 

Հարց 2

300 հազար դրամի շեմը վերաբերում է մեկ գործարքին, թե՞ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքներին

300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։

 

Հարց 3

Եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է 300 հազար դրամ, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը:

Այո, հայտարարագրում պետք է ներառել 300 հազար  դրամ եւ ավելի գումարը: Այսինքն, եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է հենց 300 հազար դրամ, ապա այդ գումարը պետք  է ներառել հայտարարագրում:

 

Հարց 4

Ինչ անել, եթե նախքան 300 հազար դրամի շեմը սահմանելն արդեն իսկ 2025 թվականին ներկայացրել եք հայտարարագիր

Այն չհարկվող եկամուտները, որոնց համար սահմանվել են շեմեր, կարող են հայտարարագրում լրացվել ամբողջությամբ՝ անկախ այդ շեմերը (չափերը) գերազանցելու հանգամանքից։ Հետեւաբար, ներկայացված հայտարարագրի հետ կապված լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։ Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ չհարկվող եկամուտներից հարկի վճարման պարտավորություն չի առաջանում։

Հարց 5

Եթե Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին կատարվել է 300 հազար դրամից  պակաս փոխանցում, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը

Եթե հայտարարատու եք եւ 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։

 

Հարց 6

Արդյո՞ք 300 հազար դրամի շեմը վերաբերում է արտերկրից ստացված նվիրատվության գումարներին

Այո, 300 հազար դրամ շեմը վերաբերում է նաեւ արտերկրից որպես նվիրատվություն ստացված եկամուտներին։ Այսինքն, եթե հայտարարատու եք եւ 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։

 

Հարց 7

Արդյո՞ք պետք է հարկ վճարել, եթե ՀՀ տարածքից կամ արտերկրից փոխանցված գումարը գերազանցում է 300 հազար դրամի շեմը

Ոչ, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք գերազանցում են 300 հազար դրամը, ապա այդ եկամուտները հայտարարագրելով, որեւէ հարկային պարտավորություն չեք ունենա։

 

Հարց 8

Եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը, պետք է հայտարարագրում լրացնել միայն գերազանցո՞ղ մասի գումարը, թե՞ ամբողջը

Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ քաղաքացուց միանվագ փոխանցվել է օրինակ՝ 400 հազար դրամ, ապա հայտարարագրում պետք է ներկայացնեք հենց 400 հազար դրամ եկամուտը։

 

Հարց 9

Արդյո՞ք պետք է հայտարարագրել աշխատավարձը, եթե այն չի գերազանցում 300 հազար դրամի շեմը

300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետեւաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։

Շարունակությունը ArmLur.am կայքում

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ՏՆՕՐԵՆԻՆ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում պետությանը պատճառված 17 միլիոն 299 հազար 250  դրամի գույքային վնասի մասով  հարուցված քրեական գործի մասին։ Դրանում  մասնավորապես  ասված է. «Գ.Խ.-ն, պարտավոր լինելով ապահովել ՊՈԱԿ-ի մասնաճյուղի բնականոն գործունեությունը, մինչեւ 2021 թ. սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում անտառօգտագործման նկատմամբ պատշաճ վերահսկողություն չի իրականացրել, որի հետեւանքով անտառատնտեսության տարածքում ապօրինի հատվել է 500 ծառ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: 2025 թվականի հունվարի 15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի տնօրենի, երկու անտառապետի եւ վեց անտառապահի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին, որոնք բավարարվել են: 2025 թ. հունվարի 16-ին երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետեւանք), յոթ անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը): Մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, բացակայելու արգելք եւ գրավ, երկու անձի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցում եւ բացակայելու արգելք, երկու անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք եւ գրավ, երեք անձի նկատմամբ՝ բացակայելու արգելք»: Նշված չէ, թե ապօրինի հատված ծառերը ե՞րբ են հատվել, նշված է՝ «մինչեւ 2021 թ. սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում», երբվանի՞ց մինչեւ այդ  ընկած ժամանակահատվածը։  Հատված ծառերի  թիվը 500 է, նման գործերում կլոր թվերը կասկածելի են։  Նոյեմբերյանի անտառտնտեսության կալանավորված տնօրեն Գիգոլ Խասիկյանն իրեն մեղավոր չի համարում, նա ունի փորձառու փաստաբան։ Նոյեմբերյանից հայտնեցին, որ տարեմուտից առաջ ստուգողները մանրազնին ստուգել են Նոյեմբերյանի  անտառները, սակայն, խախտումներ չեն հայտնաբերել, ուստի որպես ապօրինի հատված ծառեր՝ գրանցել են մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 15-ը հիմնականում քամուց տապալված, հաշվառված ծառերը։ Նոյեմբերյանից հայտնում են, որ ստուգումներն իրականացրել է Եղվարդից Վաղարշակ Ամիրխանյանի գլխավորած խումբը, Ամիրխանյանը մտերիմ է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ։  Նոյեմբերյանում ասում են, որ Հայկ Սարգսյանը Նոյեմբերյանում անտառտնտեսություն նոր տնօրենի թեկնածու ունի, այդ պատճառով է կենտրոնացել Հայաստանում լավագույն անտառտնտեսություններից մեկի՝ Նոյեմբերյանի անտառտնտեսության վրա։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս