ՀԱՐՑ. Խանութում վաճառողուհուն խնդրեցի տալ իմ ընտրած պահածոն: Տանը, առանց նայելու, թե ինչ է տվել, բացեցի ու հայտնաբերեցի, որ բոլորովին այլ պահածո է: Զայրացած հետ տարա, բայց վաճառողուհին չվերցրեց` պատճառաբանելով, որ բացած վիճակում չեն վերցնում: Հետաքրքիր է իմանալ, թե ով է ճիշտ` սպառո՞ղը, թե՞ վաճառողուհին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Վաճառողը, իհարկե, իրավունք ունի բացած վիճակում տվյալ ապրանքը չվերցնել: Այստեղ հարցը մեղավորները չեն, տրամաբանորեն բաց սնունդը ինչպե՞ս նա կարող է հետ վերցնել: Տվյալ դեպքում վաճառողուհին ճիշտ է եղել, բայց նախ եւ առաջ վաճառողները պարտավոր են սպառողին լիարժեք տրամադրել ինֆորմացիա: Խանութներում պարտավոր են ոչ միայն բացատրել, այլեւ պետք է տիրապետեն տվյալ մթերքի բաղադրությանը, ժամկետին, ինչ որ կապված է տվյալ սննդի հետ:
Ընդհանրապես սպառողները պետք է իմանան, թե խանութներում որ ապրանքներն են պարտավոր հետ վերցնել, եւ որոնք` ոչ: Սպառողները հանգիստ կարող են հետ վերադարձնել կոշիկը, շորը, ուտելիքը, որը բացված չէ ու փաթեթավորման մեջ է: Օրինակ` այս պահին ունենք բողոք, որ թանկարժեք կոշիկը հետ չեն վերցնում, ես զբաղվում եմ այդ հարցով, եւ պիտի այնպես անենք, որ հետ վերցնեն:
Իսկ բարդ տեխնիկական սարքերը չեն վերցնում, փոխարենը տալիս են երաշխիքային կտրոն: Հետ չեն վերցնում նաեւ դեղորայքը, եւ չի էլ կարելի:
Արմեն Պողոսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողի հետ տեղի ունեցածը կրկին հուշում է, որ նախընտրելին խոշոր խանութներն են: Տվյալ դեպքում, եթե Մ.Բալայանն ինքն ընտրեր սննդամթերքը, հաստատ չէր սխալվի: Համենայնդեպս, եթե նույնիսկ սխալվեր, ապա խանութ վերադառնալու, վաճառողի հետ վիճելու եւ նյարդայնանալու առիթ չէր ստեղծվի: