Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկառուների աջակցության ծրագիրը, որի համար շահառու է հանդիսանում 218 հազար մարդ։
ArmLur.am-ին Աշխատանքի և սոցալական հարցերի նախրարությունից փոխանցեցին, որ երեկվանից «անհուսալի վարկառուներից» ստացվել է 350 դիմում, որից 110-ը համապատասխանել են ծրագրի պայմաններին և նրանց դիմումները հաստատվել են։ 240 դիմումատուների դիմումների մերժման պատճառը ծրագրի պայմաններին չհամապատասխանելն է։
Այսպիսով ArmLur.am-ը ներկայացնում է՝ ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից։
Համաձայն Կենտրոնական բանկի կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ» վարկառուների թիվը շուրջ 341,000 է, իսկ այն վարկառուները, ովքեր դասակարգված են որպես «անհուսալի» և համապատասխանում են սահմանված պայմաններին, շուրջ 218 հազար են։ «Անհուս
ալի վարկեր» ունեցող անձանց ոչ ֆորմալ զբաղվածությունից դուրս բերելու և նրանց տնտեսական ակտիվությունը վերականգնելու նպատակով՝ 2025 թ. փետրվարի 1-ից Հայաստանում գործարկվում է ծրագիր, որի համաձայն՝ պետությունը պատրաստ է աջակցել «անհուսալի վարկ» ունեցողներին մարել վարկը՝ աշխատավարձից գոյացող եկամտահարկն ուղղելով վարկի մարմանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ ծրագիրը, որն իրականացվում է ԱՍՀ նախարարության կողմից և որի նպատակը «անհուսալի վարկեր» ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանումն է, ընդգրկում է վարկային պարտավորություն ունեցող այն անձանց, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը, դիմելու օրվա դրությամբ, փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են «անհուսալի» դասով առնվազն 3 տարի։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե «անհուսալի վարկառու» դարձածներից քա՞նիսն աշխատանք ունի, և որքա՞ն գումար է հատկացվելու վարկեր ունեցող անձանց աջակցելու համար։
Նախարարությունից փոխանցել էին, որ «անհուսալի վարկառուների» մինչև 20%-ն ունի ֆորմալ զբաղվածություն․ մնացածը կամ չունեն աշխատանք կամ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ։ Նախագծի հիմքն այն է, որ ոչ թե պետությունն է բյուջեից գումար հատկացնում, այլ անձի աշխատավարձից է այն փոխանցվում․ «Բռնագանձվող գումարի չափը մինչ այս նախագիծը 50 տոկոս էր։ Այս որոշմամբ 50 տոկոսի փոխարեն կսահմանվի 20%՝ 24 ամիս ժամկետով»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան։ Փետրվարից գործարկվող ծրագրին կարողանալու են դիմել նրանք, ովքեր ունեն գրանցված զբաղվածություն։ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման ծրագիրը չի իրականացվելու մյուս հարկատուների հաշվին, այլ տվյալ անձն աշխատելու է և իր վարկի մարման աջակցության չափը կազմելու է իր իսկ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով»,- փոխանցում են նախարարությունից։ Այսինքն՝ պետությունն այլ գումար չի ուղղելու անհուսալի վարկի մարմանը, այլ այն՝ ինչ որպես եկամտահարկ կգոյանա տվյալ անձի աշխատանքի դիմաց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան