Քաղաքացիները կարող են չվճարել 5 տոկոսը` հիմք ընդունելով ՍԴ-ի որոշումը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՍԴ-ի կայացրած որոշման մեջ ավելի քիչ իրավաբանություն կա ՝ավելի շատ է քաղաքականությունը: Կենսաթոշակային նոր օրենքը պետք է տապալված համարել»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց  իրավաբան Նորայր Նորիկյանը:

Նրա  խոսքով ` ձևավորվելիք նոր կառավարությունը ոչինչ չի կարող անել, քանի որ այս օրենքի վարկաբեկվածության աստիճանը շատ խորն է:

«Թեև կենսաթոշակային նոր օրենքի կիրառումը միս ու արյուն տվեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Հեռացած վարչապետի մասին վատ բան չեմ ուզում ասել, բայց նրա քաղաքական ֆիասկոյի պատճառներից մեկն էլ ՍԴ-ի որոշումն էր»,- նկատեց բանախոսը:

Փաստաբանը կոչ արեց չվճարել պարտադիր կենսաթոշակայի 5 տոկոս վճարը մինչև սեպտեմբերի 30-ը, քանի որ դրանք հետ վերադարձման ենթակա գումարներ են:

Armlur.am լրատվականի հարցին` ինչպե՞ս կարող է քաղաքացին  հավատալ իրավաբանի խոսքին, եթե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը  հակառակ հայտարարությունն է անում ՝ պրն Նորիկյանը հիշեցրեց, որ ՍԴ նախագահն ու անդամն իրավունք չունեն մեկնաբանելու օրենքը:

Երկրորդ` ՍԴ-ի որոշման 42-րդ հոդվածը նախատեսում է վերահաշվարկի հնարավորություն: Եթե գործատուներն իրենց աշխատակիցներից պահում են 5 տոկոս կուտակային վճարը, փաստաբանի տեղեկացմամբ քաղաքացին իրավունք ունի  ՍԴ-ի որոշումը ձեռքին` հատկապես եզրափակիչ մասում  6-րդ կետին հղում տալով՝  մտնել դատարան և հետ ստանալ իր գումարները:

Ասուլիսի մյուս բանախոս, գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանի խոսքով` ՍԴ-ն ժամանակ շահեց նման որոշում կայացնելով:

Նոր կառավարությունը պիտի կարողանա  համոզել քաղաքացիներին, որ վճարեն կամ սառեցնեն օրենքի կիրառությունը:

«Գործատուները հիմա  չեն շտապում վճարել գումարները, ավելին` մենք օգնելու ենք մեր գործատուներին, որպեսզի նրանցից հանվի  տույժ ու տուգանքները, որոնք կվերաբերեն կենսաթոշակային գումարների չվճարմանը»,- եզրափակեց Մակարյանը:

Սոնա Դավթյան




Լրահոս