![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/5271691349747427621.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, որը կլոր տարին զբաղված է թիմում խարդավանքներ հյուսելով, իր թիմակիցներին վարկաբեկելով, հիմա փորձում է պարզերես անել իրեն ու, ինչպես թիմակիցներն են բնութագրում, լրիվ այլ մարդ երեւալ:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ թիմակիցներին պիտակավորելու, վարկաբեկելու, մեկին կաշառակերության համար մեղադրելու, մյուսին էլ «դեղ ցրող» պիտակավորելու համար ՔՊ-ում Անդրանիկ Քոչարյանին որոշել են պատժել՝ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելով:
Հարցը այն կարեւորությունն է ստացել, որ Նիկոլ Փաշինյանը Անդրանիկ Քոչարյանին «բերման» է ենթարկել ՔՊ վարչություն ու ստիպել ներողություն խնդրել պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանից եւ իր աներորդի Հրաչյա Հակոբյանից, որոնց Քոչարյանը վատաբանել էր՝ նրանց կապելով խաղադրույքներով եւ թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով՝ «գործարարի դեղ ցրողներ»:
Հիմա իր՝ մազից կախված պաշտոնը փրկելու համար Անդրանիկ Քոչարյանը փորձում է սիրաշահել բոլորին, վերականգնել հարաբերությունները թիմակիցների հետ, անգամ նրանց իր սենյակ է կանչում, զրուցում, որպեսզի ցույց տա, թե իր մասին թյուր կարծիք են ձեւավորել, իսկ իրականում ինքն ամենեւին «խառնակիչ» չէ, ինչպես բնորոշում են իրեն թիմում:
Չնայած Քոչարյանի ջանքերին՝ ՔՊ-ականները պատմում են, որ ամենեւին էլ չեն հավատում նրան. Անդրանիկ Քոչարյանը նույնն է ու փոխվողը չէ:
Մեր տեղեկություններով՝ այն բանից հետո, ինչ Քոչարյանը հրապարակավ ներողություն է խնդրել Հրաչյա Հակոբյանից եւ Սիսակ Գաբրիելյանից, Քոչարյանից վիրավորված մյուս ՔՊ-ականները եւս դիմել են Փաշինյանին ու ասել՝ իրենք եւս սպասում են ներողության: Բայց Քոչարյանը ներողությունը դեռ չի խնդրել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: