ՄՏԱՀՈԳԻՉ Է ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

 

«Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները եւ արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ մնալու օրենսդրական պահանջը, որեւէ կերպ քննարկման առարկա չդարձնելով դեպքին առնչվող տարբեր հանգամանքների քննության անհրաժեշտության հարցը, որն այս փուլում այլ մարմինների իրավասության շրջանակում է, Մարդու իրավունքների պաշտպանը հարցը խիստ կարեւորում է ատելության հրահրման եւ բռնության կոչերի քննության քրեադատավարական պրակտիկայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից:

Ատելության հրահրման եւ բռնության կոչերի դեպքերի քննության միջազգային չափանիշներին, Հայաստանում ատելության հրահրման եւ բռնության կոչերի քննության պրակտիկային ու առկա խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է դեռեւս 2023 թվականին հրապարակված իր՝ «Ատելության հրահրման եւ բռնության կոչերի դեպքերի քննությունը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական համակարգում» վերտառությամբ ուսումնասիրության շրջանակներում՝ անդրադառնալով ինչպես խնդրին վերաբերելի միջազգային չափանիշներին, այնպես էլ Հայաստանում առկա պրակտիկայի խնդիրներին:

Ատելության խոսքի քննությանը վերաբերելի միջազգային իրավական չափանիշներով մանրամասն ամրագրվում են այն բոլոր հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել ատելության հրահրման պարագայում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների իրավաչափությունը գնահատելիս:

Ըստ այդմ՝ հանրային շահին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արված հայտարարությունների, հրապարակումների, տարածված նյութերի, քաղաքական բանավեճի, քաղաքական բնույթի քննադատության եւ երկխոսության պարագայում խոսքի իրավաչափ սահմանափակման շրջանակը բավականին նեղ է, եւ այդ սահմանափակումը, հատկապես եթե այն իրականացվում է քրեաիրավական կառուցակարգերով, պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ։

Ավելին, քաղաքական գործիչներին եւ պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակը ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում, եւ պետությունը պետք է զգուշավորություն ցուցաբերի նրանց պաշտպանության նպատակով քրեաիրավական միջոցների դիմելու հարցում, հատկապես երբ առկա են այլ միջոցներ, որոնցով հնարավոր է արձագանքել անարդարացի քննադատությանը։

Միջազգային չափանիշների համաձայն՝ ատելության կամ բռնության հրահրման փաստի առկայության վերաբերյալ դատողություններ անելիս պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, ինչպես, օրինակ՝ այն հանգամանքը, թե ում է ուղղված խոսքը, որքանով է այդ խոսքի հասցեատերը կամ թիրախավորված խումբը խոցելի տվյալ հասարակությունում: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր որոշումներից մեկով անդրադառնալով ոստիկանությանն ուղղված անվայելուչ, նսեմացնող եւ անհարգալից եզրութաբանությամբ քննադատությանը, կարեւորելով ոստիկանների պաշտպանության համակարգի անհրաժեշտությունը, միեւնույն ժամանակ, ընդգծել է, որ վիրավորանքների, ծաղրի կամ զրպարտության միջոցով կատարվող հարձակումներից քրեաիրավական կառուցակարգերով պաշտպանության համատեքստում ոստիկանությունը, որպես իրավապահ մարմին, չի կարող դիտարկվել որպես չպաշտպանված փոքրամասնություն կամ ճնշումների եւ անհավասարության պատմություն ունեցող խումբ, կամ նախապաշարմունքների, թշնամանքի եւ խտրականության ենթարկվող խումբ կամ որեւէ այլ պատճառով խոցելի խումբ։

Ելնելով անձի կատարած հրապարակման եւ իրավասու մարմնի հաղորդագրության վերլուծությունից, նկատի ունենալով վերը շարադրված չափանիշները՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը։ Այդ հանգամանքը կարող է լուրջ բացասական հետեւանքներ ունենալ նաեւ ատելության հրահրման գործերի քննության պրակտիկան միջազգային չափանիշներին չհամապատասխանող եղանակով զարգացնելու եւ այս հիմքով խոսքի ազատության հայեցողական սահմանափակման դիտանկյունից։

 

 

 

ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔ ԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹ

Հունվարի 30-ին Երեւանի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ապօրինի զենք-զինամթերք եւ թմրամիջոց պահելու ու օգտագործելու կասկածանքով Իսահակյան փողոցում ձերբակալել եւ բաժին են տեղափոխել 45-ամյա մի տղամարդու։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է վեց փամփուշտով լիցքավորված մարտականի ձեւափոխված թմբուկավոր ատրճանակ, երկու փամփուշտ, գաղտնի փականով ծալովի դանակ եւ դեղնականաչավուն զանգված։ Նա հայտնել է, թե զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է: 45-ամյա տղամարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին:

 

 

ԴԵՐԱՍԱՆԻ ՄԵՔԵՆԱՅԻՑ «ԿՐԻՍՏԱԼ» ՏԵՍԱԿԻ ԹՄՐԱՄԻՋՈՑ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ երգիչը խոստովանել է, որ գտնվածն իրեն է պատկանում, այն ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով ու իր օգտագործման նպատակով է պահել մեքենայում։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են Infinity մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թեւատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն, որի մեջ պարեկները հայտնաբերել են «կրիստալ» տեսակի թմրանյութ։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս