![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/7.jpg)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ:
Անդրադառնալով նախորդ տարի կատարված աշխատանքներին եւ ձեռքբերումներին՝ նախարարը նշել է, որ տարին ոլորտի առաջխաղացման առումով կարեւոր էր. «Ձեւավորվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, ընդունվել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը, ներկայում ակտիվորեն մշակվում են ենթաօրենսդրական ակտերը, որոնք պետք է նպաստեն թանգարանների աշխատանքային գործունեության կարգավորմանը, թանգարանի այցելուների համար որակական փոփոխությունների ապահովմանը: Նախորդ տարվա կարեւոր աշխատանքներից էր նաեւ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի մշակումը եւ ներդրումը, որն այս տարվանից պետք է ամբողջապես գործի: Տոմսային համակարգի էլեկտրոնային հարթակը բազմաբնույթ համագործակցությունների եւ հաշվետվողականության նոր հնարավորություն է տալիս»: Հանդիպման նպատակն է եղել քննարկել 2025 թվականին իրականացվելիք աշխատանքները, առկա գործընթացներում թանգարաններին ներկայացվող փոփոխություններն ու առանձնահատկությունները, ինչպես նաեւ ֆինանսական ցուցանիշների հստակեցման, չափելիության, էլեկտրոնային տոմսային համակարգի գործարկման եւ հաշվետվողականության նոր համակարգին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թանգարանային գործունեության ակտիվացման եւ տեսանելիության բարձրացման կարեւորությանը՝ նշելով, որ այն գործնականում կարեւոր նշանակություն ունի մշակութային կյանքի բարելավման առումով: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր թանգարան ունի իր առանձնահատկությունները, որոնց միջոցով էլ ձեւավորվում են թիրախային լսարանները եւ այցելությունները. «Թանգարանների այցելուներին տարբեր ծրագրեր, կրթամշակութային նախագծեր եւ ծառայություններ առաջարկելու ուղղությամբ ակտիվ նախաձեռնողականությունը պետք է զարգացնենք: Այս համատեքստում առկա են միջազգային եւ հայաստանյան թանգարանների բազմաթիվ հաջողված օրինակներ: Մեր թանգարանները հրաշալի վայրեր են բազմաբնույթ ծրագրերի իրականացման, տարբեր ձեւաչափերով գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցելու համար, որը կնպաստի հանրության մշակութային կյանքի հարստացմանը»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ թանգարանների կապիտալ վերանորոգումների, գույքի եւ սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությանը։ Ժաննա Անդրեասյանը շեշտել է թանգարանային ոլորտի միջազգային համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ որպես մշակութային ժառանգության տարածման եւ հանրահռչակման կարեւոր բաղադրիչ՝ ընդգծելով նաեւ թանգարանային ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման բաղադրիչը։ Թանգարանների տնօրենների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հեղինակային իրավունքի պաշտպանության, միջազգային համագործակցության ակտիվացման, պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնման, հանրահռչակման, կրթամշակութային ծրագրերի ակտիվացման, բաժանորդային ծրագրի լավարկման եւ ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերի։
ՀՀ ԿԳՄՍՆ
ԱՐԱՄՈՆ ԵՎ ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԾ ՀԱՄԵՐԳԻ
Տեւական դադարից հետո Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, որոնց մեծ մենահամերգին երկրպագուները երկար են սպասել, փետրվարի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան հին ու նոր երգերով, լավ տրամադրությամբ եւ անակնկալներով։
Արտիստների վերջին մեծ համերգային երեկոն տեղի է ունեցել 2018 թվականին։ «Հետո սկսվեց համավարակը, այնուհետեւ՝ 44-օրյա պատերազմը։ Այդ ամենից հետո ո՛չ խոսելու, ո՛չ երգելու ցանկություն կար։ Լռությունը հենց այդ մասին էր, որովհետեւ ապրում էինք Արցախի ցավով։ Փառք ու պատիվ մեր տղաներին, բայց կյանքը շարունակվում է, ապրել, ստեղծագործել է հարկավոր, ուստի տարիներ անց հասունացավ համերգի ժամանակը», – նշում է Արամոն։
Երեկոյին կհնչեն հեղինակային երգեր, հայտնի կոմպոզիտորների սիրված գործեր՝ նոր շնչով, նոր մեկնաբանությամբ։
Արամոն եւ Էմմա Պետրոսյանն ավելի քան երեսուն տարի միասին են։ Ապրում են, արարում են, սակայն ամեն անգամ բեմ բարձրանալիս նրանց սիրտը թրթռում է։ «Այժմ համերգի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, փորձեր են, անցուդարձ է, եւ այդ սրտի թրթիռն արդեն կա, հուզմունքն ակնհայտ է, ինչը բնական է։ Եթե դա չլինի, ուրեմն ինչ-որ բան սխալ է։ Պետք է ժպիտ, սեր, ջերմություն, դրական էներգիա փոխանցել հանդիսատեսին, որը եկել է վայելելու երաժշտությունը։ Կյանքում եւս պետք է սեր փոխանցել։ Տալիս ես այդ սերն ու ստանում ես այն, բացասականն ես տալիս, դա ես ստանում։ Պետք է առաջնորդվել սիրով, Աստծո լույսով»,- հավաստիացնում է արտիստը։
Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի հետ հանդես են գալու հեղինակավոր երաժիշտներ, սկսնակ երգիչներ։
Բեմում նրանց կընկերակցի դաշնակահար, ջազմեն, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանը, որի հետ Արամոն շուրջ տասնյոթ տարի աշխատում է։ Նրանք նվագում են ջազային տրիոյում Նիկողայոս Վարդանյանի հետ։ Հանդես կգան նաեւ Գարիկ Սարիբեկյան տրիոն, «Երեւան» լարային քառյակը, Gorgeouz Beats-ը, որը, ըստ Արամոյի, հիանալի երիտասարդ է եւ կարողանում է հրաշալի մեկնաբանել հայտնի կոմպոզիտորների սիրված ստեղծագործությունները, ինչպես նաեւ երիտասարդ երգիչներ Հրաչյա Խաչատրյանն ու Նարե Էլիզբարյանը։
«Հրաչյան եւ Նարեն Էմմայի ուսանողներն են։ Նարեի հետ կերգեմ ջազային ստանդարտ, իսկ իմ հեղինակային «Կտավ» երգը Էմման կկատարի Հրաչյայի հետ, որն արդեն ավարտել է Առնո Բաբաջանյանի անվան քոլեջը։ Նրանց առաջին մեծ բեմելը կլինի մեզ հետ, եւ մենք պարտավորվում ենք աջակցել սկսնակ ու տաղանդավոր երգիչներին, երգչուհիներին, ուստի մեր համերգներին կմեծանա նրանց ներկայությունը։ Պետք է ճանապարհ հարթել նրանց համար, ճիշտ ուղու վրա դնել, որպեսզի հայ երգը, երգարվեստն առաջ տանեն»,- ասում է Արամոն։
Համերգին հանդես կգան նաեւ դաշնակահար Մադաթ Ավանեսովը, սոլո կիթառահար Արամ Վարդանյանը, բաս կիթառահար Էդգար Ավետիսյանը, շեփորահար Դանիել Մելքոնյանը, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, զուռնա, բլուլ` Ավագ Մարգարյան, հարվածայիններ` Գեւորգ Հարությունյան:
Համերգային երեկոյի ընդմիջմանը գինու եւ շամպայնի հյուրասիրություն է սպասվելու։