![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/1.2-qp-kadreri-sov.jpg)
Նիկոլ Փաշինյանը ոչ բացահայտ նախընտրական քարոզարշավ է անցկացնում, սակայն իր ղեկավարած կուսակցությունում կամ դրա շուրջ կադրեր չկան՝ պետական պաշտոններում նշանակվելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պետական համակարգում առկա թափուր հաստիքները՝ արձանագրելով կադրային սովը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, արտաքին գործերի նախարարությունում, ֆինանսների նախարարությունում, շրջակա միջավայրի նախարարությունում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում անգամ նախարարի առաջին տեղակալի հաստիքներն են թափուր:
Ավելին՝ իշխանությունը 1-2 ամիս մի քանի ընտրական փուլ անցկացնելուց հետո միայն կարողացավ գտնել արդարադատության նախարար եւ Գրիգոր Մինասյանին փոխարինող։ Ու թեեւ հայտարարվել էր, որ նոր նախարարը պետք է լինի քաղաքական թիմից, բայց այդպես էլ չգտան նրան, մի կերպ Սրբուհի Գալյանին նշանակեցին նախարարի պաշտոնում:
Գալյանը տեղակալներ նշանակեց 2 երիտասարդների՝ Տիգրան Դադունցին եւ Աննա Կարապետյանին, վերջինս անգամ իրավաբանի կրթություն չունի։
ՏԿԵ նախարարության կադրային սովը հասել է նաեւ նրա ենթակայության տակ գտնվող Ջրային կոմիտե։ Վահագն Գեւորգյանը՝ Ջրային կոմիտեի նախկին նախագահը, դեկտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականից։ Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել. այժմ նա տնային կալանքի տակ է։
Կադրային սովը այցելել է տեսչական մարմիններ եւս. օրինակ՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն գրեթե 3 տարի է նախագահ չունի։
Հարկ է նշել, որ ազատ են պետական մարմինների ղեկավարների հաստիքները, քաղծառայության հաստիքները՝ փորձագետ, մասնագետ եւ այլն։
Մարդիկ չեն ցանկանում Փաշինյանի օրոք պետական պաշտոն զբաղեցնել:
Ինչու միայն Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով նախարար Քերոբյանը ազատվեց պաշտոնից, իսկ մյուս մեղադրյալները շարունակում են աշխատել նախարարությունում։ Ինչպես հայտնի է, ՀՀ Քննչական կոմիտեն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործը ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։ Հիշեցնենք, որ այս գործով, նախկին նախարարից բացի, մեղադրյալի աթոռին է նաեւ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, որը հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է, ով չի ընդունում իր մեղքը: Իսկ ընկերության աշխատակիցներից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, մեղադրյալի կարգավիճակ ուներ, սակայն, գործուն զղջալու հիմքով, նրա նկատմամբ քրեական վարույթը կարճվեց։ Այս գործով ուշագրավ հանգամանքն այն է, որ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ Աննա Ղարիբջանյանը, Սոնա Գրիգորյանը եւ Աշոտ Սողոմոնյանը քրեական գործով թեեւ մեղադրյալներ են, սակայն շարունակում են իրենց գործունեությունը էկոնոմիկայի նախարարությունում, ուստի հարց է առաջանում. քաղաքական իշխանության միակ խնդիրը Վահան Քերոբյանից ազատվե՞լն էր: Նշենք, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։
Ազգային ժողովում աշխատանքային նոր խումբ է ստեղծվել, որտեղ ընդգրկված են իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներ: Այն գործելու է 1 տարի՝ 2025 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2026 թվականի մայիսի 31-ը: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ աշխատանքային խումբը ստեղծվելու է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի (Շվեդիայի Ազգային ժողով) եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ ժողովրդավարական զարգացման համագործակցության ծրագիրը կազմակերպելու նպատակով: ԱԺ նոր ձեւավորված խմբում ընդգրկված են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Լուսինե Բադալյանը, Արսեն Թորոսյանը, Արման Եղոյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Մինասյանը: «Հայաստան» խմբակցությունից ներգրավված են Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը եւ Արմեն Ռուստամյանը: «Ժողովուրդ» օրաթերթին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ԱԺ-ից դիմել են խմբակցությանը, որպեսզի հայ-շվեդական բարեկամական խմբի անդամները ներգրավվեն աշխատանքային խմբում: «Թե ինչ համագործակցության ծրագիր է իրականացվելու, դեռ հստակեցված չէ, մանրամասներ հայտնի չեն»,- ասաց Քրիստինե Վարդանյանը. բայց հանուն հայ-շվեդական բարեկամության՝ նոր խումբը կգործի:
Հայաստանում իշխանությունները սպառնում, արհամարհում եւ թիրախավորում են հայ առաքելական եկեղեցուն, սակայն պետբյուջեից ահռելի միջոցներ ծախսելով կրոնական միջոցառմանը մասնակցելու համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը օվկիանոսներ է կտրումանցնում: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Փաշինյանը, իր տիկինն ու էլի ուղեկցողներ մեկնեցին ԱՄՆ, որ փետրվարի 3-7-ը մասնակցեն Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին եւ Ազգային աղոթքի նախաճաշին: Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆորմալ առումով սա հիմք հանդիսացավ Փաշինյանի վաշինգտոնյան այցի համար, որը սկսվեց փետրվարի 1-ից։ Որպես վարչապետ՝ Փաշինյանի մասնակցությունը հասկանալի է, բայց այ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով աթեիստ է, բայց մասնակցում է կրոնական միջոցառմանը, տարակուսելի է: Հիշեցնենք, որ խոսքը նույն Արսեն Թորոսյանի մասին է, ով հայտարարել է. «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված, ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պերրոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»: