«ՉԵՄ ԱՓՍՈՍՈՒՄ, ՈՐ ՀԵՌԱՑՎԵԼ ԵՄ». ԱՍԼԱՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ զրուցել է նրա՝ կուսակցությունից հեռացվելու, քաղաքական այժմյան գործունեության  եւ նոր ուժ ստեղծելու քայլերի  վերաբերյալ:

 

-Պարո՛ն Ասլանյան, երբ դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եւ պատգամավոր էիք, նշում էիք, որ Ձեր թիմում մշտապես ժողովրդավարություն է, այլակարծությունն ընդունվում է, եւ որեւէ մեկը դրա համար չի պատժվում: Այդ դեպքում ինչո՞ւ Ձեզ հեռացրին թիմից՝ այլ տեսակետ հայտնելու, եւ Ձեր գործընկերոջը պաշտպանելու համար:

-Այո՛, ես ասել եմ, եւ բնական է, որ այդպես պետք է ասեի:

Քանի դեռ այդ թիմում ես, բարոյական պարտք ունես տվյալ թիմի մթնոլորտը կարգավորելու, բարելավելու եւ ավելի լավացնելու: Երբ այդ տեսակետն ասել եմ, նաեւ իմ ցանկությունն եմ հայտնել` նպատակ ունենալով ասելու՝ վե՛րջ տվեք: Մենք, «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն ենք արել», բայց ձեզնից շատերը չեն գիտակցում այդ հեղափոխության իրական իմաստն ու նպատակները:

Իշխանություն ասվածը շատ վտանգավոր երեւույթ է: Այն մարդուն փչացնելու ամենամեծ գործոններից մեկն է, իսկ մարդուն փչացնում, ոչնչացնում է երեք բան, որ թույլ չի տալիս՝ մարդն ազատ լինի: Այդ երեքն են փողի իշխանությունը, իշխանության իշխանությունը եւ վախի իշխանությունը:

-Ձեր նախկին թիմակիցների վրա Ձեր նշած երեք կոմպոնենտից ո՞ր մեկն է ազդել:

-Կարծում եմ, գրեթե յուրաքանչյուրի մեջ ինչ-որ չափով դա արտահայտված է:

-Այդ թվում՝ նաեւ Նիկոլ Փաշինյանի՞:

-Նիկոլ Փաշինյանին թողնենք, որովհետեւ նա ուրիշ կերպար է: Իսկ մնացած պատգամավորներն ու մյուս ՔՊ-ականները որոշակիորեն խրվել են այս երեք չարիքներից մեկի մեջ:

-Պարո՛ն Ասլանյան, իսկ ինչո՞ւ եք հենց այս փուլում խոսում դրա մասին: Ինչո՞ւ եք լռել մինչեւ այս պահը:

-Ես չեմ լռել, ես փորձել եմ պայքարել դրա դեմ: Օրինակ՝ ինձ եւ պարոն Աղազարյանին մեղադրում են դավաճանության համար: Բայց ես հստակ կարող եմ ասել, որ մենք չենք դավաճանել, մենք գնում ենք «թավշյա հեղափոխության» ընտրած իրական ճանապարհով, որը ընտրել էինք 2018 թվականին: Այդ ՔՊ-ն է, որ մեզնից հեռացել է: Եվ այդ հեռացումը դանդաղորեն բերեց հասցրեց այն իրավիճակին, որն այժմ կա:

Իրականում ոչ մեկը չի կարող ինձ մեղադրել ո՛չ դավաճանության համար, ո՛չ էլ՝ փողով վաճառվելու: Մեր գաղափարախոսությունը հիմնված է 2018 թ. իրական գաղափարախոսության վրա: Մենք չենք դավաճանել մեր սկզբունքներին եւ արժեքներին, ու դրանք պահելու ենք մեր նոր կուսակցությունում եւս: Մեր բոլոր խոսքերը լինելու են առարկայացված:

-Ի՞նչ կատարվեց, պարո՛ն Ասլանյան, ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ուղիղ եթերով հանդես գալ, որ որոշ ժամանակ սառեցնում եք գործունեությունը, այնուհետեւ փոշմանեցիք, Ձեր մեղայականը մի քանի անգամ հրապարակվեց, եւ պարզվեց որ այն ուղարկել է Ձեր նախկին աշակերտը` Մխիթար Հայրապետյանը: Ինչո՞ւ զիջումների գնացիք. եթե այդքան հաստատակամ էիք, ինչո՞ւ մտքափոխվեցիք:

-Ինձ շատ խնդրեցին մտքափոխվել:

-Բայց Արսեն Թորոսյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ մյուսները ասում էին, որ վռնդել են Ձեզ կուսակցությունից:     

-Նրանք ինձ հեռացրել են: Բայց խնդրում էին գրել այն տեքստը, որը հրապարակվեց:

-Ո՞վ է խնդրել, Մխիթար Հայրապետյա՞նը, եւ հենց նա՞ է ուղարկել  Ձեզ տեքստը:

-Չեմ կարող անուն հնչեցնել եւ չեմ  ցանկանում անդրադառնալ այս հարցին: Եղավ այն, ինչ եղավ, ես ոչնչի համար չեմ ափսոսում: Ես չգիտեմ, թե նրանք ինչ են ասում, բայց կարող եմ բացահայտ մի բան ասել. շնորհակալ եմ այդ մարդկանց, որ Ասլանյանին վերադարձրին Ասլանյանին:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Երեկ Երեւանի քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել. կան մի շարք ձերբակալվածներ։ Նրանց թվում է Երեւանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, որը նախկինում եղել է Կենտրոնի համատիրության նախկին նախագահ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս աշխատել է նաեւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարման ընթացքում։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ բացահայտումը, որի հիման վրա ձերբակալվել է Ղիմոյանը, կապված է այդ տարիներին նրա աշխատանքային գործունության հետ։

Ձերբակալվածներից է նաեւ Երեւանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը՝ Արամ Այվազյանը եւ Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։

 

 

ԹՈՐՈՍՅԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է. ՄԱՐՈՒՔՅԱՆԻ «ՕՐԱԿԱՐԳԸ»

ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը գրում է. «Շատերը նկատած կլինեն, որ մեր նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանը վերջին շրջանում ակտիվորեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է գովազդում ու առաջխաղացնում, ու ես թեեւ զարմանքս կորցնելու եզրին եմ մեր քաղաքական համակարգում հնչած որոշ մտքերի ու կոչերի հանդեպ, բայց կրկին անկեղծորեն զարմանում եմ։

Պարոն Մարուքյանն ասում է, որ պետք է պահանջենք այդ փաստաթղթի կետերի կատարում՝ հավանաբար մոռանալով, որ այդ փաստաթղթի ստորագրման պահից ինչքան ուժ ունեինք հենց դա էինք անում, բայց իրականությունը եղավ հակառակը։ Ստորագրումից շատ չանցած` մյուս երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսեցին խախտել այդ փաստաթուղթը։ Զարմանալ կարելի է, թե ինչպես կարել է այսքանը չհիշել։

Ինչպե՞ս կարելի է մոռանալ Խծաբերդը, Փառուխը, Լաչինի միջանցքի բլոկադան, գերիներին հետ չտալը։ Թե՞ լավ էլ ամեն ինչ նա հիշում է, բայց այլ օրակարգ է առաջ տանում։

Իսկ կարո՞ղ է ռուսական զորքերի վերադարձն ու ռուսական վերահսկողության տակ միջանցքն է այդ օրակարգը։ Չէ, չէ, չեմ պնդում, որ պարոն Մարուքյանը մեզ կրկին ռուսական լծի տակ է ուզում վերադարձնել ու մեր սուվերեն տարածքից զիջումներ անել նրանց, պարզապես բարձրաձայն մտածում եմ։

Հ.Գ. Երբեք չէի մտածի, որ հայտնի «երրորդ ճանապարհը» դա մեր սուվերեն տարածքից զիջված միջանցքն է»։

 

 

ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում, ռազմական ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը,  սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսեւորման ձեւերը, հստակեցվում են կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը եւ ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը:

 

Օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում՝ վարժական հավաքից խուսափելը պատժվում է տուգանքով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝  շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում են ունեցել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, որտեղ մի քանի խնդիրներ են բարձրաձայնվել 25-օրյա վարժական հավաքների մասին:

«Վարժական հավաքներից խուսափելու շրջանակներում վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված որոշմամբ (որին մենք դեմ ենք քվեարկել)՝ azdarar.am-ում տեղադրված ծանուցումն արդեն համարվում է, որ քաղաքացուն ծանուցել են, եւ եթե դրանից հետո քաղաքացին չի ներկայանում, համարվում է վարժական հավաքից խուսափում: Իսկ azdarar.am-ում ուղղակի խայտառակ տեխնիկական խնդիրներ կան, եւ քաղաքացիների մեծ մասը պարզապես չի կարող իր անուն-ազգանունը գտնել այնտեղ: Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդունել է, որ կա նման խնդիր:

Եվ ի՞նչ է ստացվում՝ ԱԺ-ում բերեցին, օրենքը շըփ-թըփ ընդունեցին, բայց այդ օրենքի գործադրման համար որեւէ տեխնիկական լուծում չեն տվել: Եվ քաղաքացիներն այդ առումով դառնալու են քրեական եւ վարչական հետապնդման զոհ»,- ասել է պատգամավորը:

Հավելենք, որ չնայած առկա բացերին՝  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 25-օրյա վարժական հավաքների մոդելը հաջողված է համարում:

Իսկ պահեստազորայինների վարժական հաջորդ հավաքը նախատեսված է   թվականի փետրվարի 4-ից մինչեւ ապրիլի 18-ը ներառյալ:

 




Լրահոս