![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/5-xax-kazino.jpeg)
Հայաստանում խաղային բիզնեսում գործող կազմակերպությունների հարկային բեռը պետք է էապես մեծացվի։
Այս մասին Ազգային ժողովում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հարկային օրենսգրքում կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Մասնավորապես, նա առաջարկել է փոխել շահումով առցանց խաղերի եւ առցանց խաղատների հարկման համակարգը։ Սակայն տոտալիզատորներն ու բուքմեյքերները ներառված չեն այս ցանկում։
Իր դիրքորոշումը հիմնավորելու համար պատգամավորը մեջբերել է սեփական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ այս ոլորտում շրջանառությունը 2010թ. 14 մլրդ դրամից հասել է 6,3 տրլն-ի։ «2023 թվականին միեւնույն ժամանակ, հարկերից եւ տուրքերից եկամուտները 1 մլրդ դրամից հասել են 33 մլրդ-ի»,- նշել է պատգամավորը։
Սարգսյանի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ այդ կազմակերպությունները շահութահարկ են վճարում։ Միեւնույն ժամանակ, իրական շահույթի թվերը ճշտելն ուղղակի անհնար է։ Սրա պատճառով հարկային մարմինները ստիպված են խոսքով հավատալ իրենց կազմակերպությունների տրամադրած տվյալներին։
Այս առումով նա առաջարկել է գործող հարկերին ու պետական տուրքերին ավելացնել 10 տոկոս շրջանառության հարկ։ «Սա կբերի նրան, որ ամեն տարի պետբյուջե կմուտքագրվի լրացուցիչ 100 մլրդ դրամ»,- պարզաբանել է պատգամավորը։
Քննարկումների ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից բարձրացվել են որոշ հարցեր։ Օրինակ՝ խորհրդարանականներին հետաքրքրում էր՝ արդյոք այս նախագծի ընդունումը կհանգեցնի՞ վերոնշյալ ընկերությունների փակմանը, թե՞ ստվեր մտնելուն։ Ավելին՝ հանձնաժողովը ձեռքի տակ չի ունեցել Կառավարության եզրակացությունը, թեեւ Սարգսյանը հակառակն է պնդել։ Ըստ նրա՝ կա եզրակացություն։
Հանձնաժողովի փոխնախագահ, իշխող կուսակցությունից պատգամավոր Բաբկեն Թունյանն իր հերթին «հում» է համարել Սարգսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը։ Նա կոչ է արել նախագծի քննարկումը հետաձգել երկու ամսով, սակայն Սարգսյանն անդրդվելի էր, ավելին՝ նա իր որոշ գործընկերների կասկածում է խաղային բիզնեսի շահերի լոբբինգի համար։
Բավականին երկար ու բուռն քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական կարծիք է ստացել խորհրդարանական մշտական հանձնաժողովի կողմից։
Հարկ է նշել նաեւ, որ քննարկումների ավարտին Սարգսյանը, պատգամավոր Սերգեյ Բագրատյանի աջակցությամբ, համաձայնել է շրջանառության հարկը հասցնել 20 տոկոսի։
578 ՊԱՑԻԵՆՏ Է ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ
2025 թվականի 5-րդ շաբաթվա (հունվարի 27-ից փետրվարի 2) ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել սուր շնչառական վիրուսներով պայմանավորված ակտիվությունը: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացրած տվյալներով՝ նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է՝ 307.3) նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է 1,1 անգամ, իսկ 2024թ. միեւնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ եւս ցածր է՝ 1.1 անգամ։
Ընդհանուր դեպքերի 74.7%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։ Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է՝ 1022 պացիենտ. նախորդ շաբաթվա համեմատ հիվադացությունը գտնվում է գրեթե միեւնույն մակարդակի վրա: Ընդհանուր դեպքերի 67.9%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 863 պացիենտ, որոնց 92.8%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա 932-ի համեմատ հոսպիատալացումները նվազել են՝ 1,1 անգամ։ Թոքաբորբով հոսպիտալացվել են 578 պացիենտ, որոնց 67.4%-ը եւս կազմում են 0-18 տարեկանները. նախորդ շաբաթվա 584 հոսպիտալացումների համեմատ գրեթե նույնն են։
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:
Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի ընդունման գործընթացը, որը կտեւի մինչեւ ս.թ. մարտի 15-ը ներառյալ։
Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական եւ գիտական, առողջապահական եւ մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։
Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն եւ հումք, առաջարկում են նորարարական լուծումներ, միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:
Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է «Ակբա» բանկի, ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկային խմբի, «Կրեդիտ Ագրիկոլ» ազգային ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
«Հարկային տեռոր է սկսվել ամբողջ ազգի դեմ»: Այս մասին հայտնել են կառավարության շենքի դիմաց հարկային փոփոխությունների դեմ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողները։ «Իրենք ուզում են՝ մեր գրպանները լրիվ դատարկեն ու ասեն՝ ոտքով սահմանը լքեք: Ես ընդամենը մի տուն եմ կարողացել ձեռք բերել, բայց իրենք իմ տված հարկերի հաշվին 400,000-անոց մեքենաներ են ձեռք բերում: Մենք հարկատու ենք, իրենք՝ հարկակեր: Արդեն քանի տարի է՝ ես բիզնեսի մեջ եմ, բայց դեռ մի սեփական խանութ չունեմ: Ով խաբում է, կոռուպցիայի մեջ է, թող իր հետեւից գնան: Ձեզնից շատերը մեր միջից են դուրս եկել, մի՛ մոռացեք ձեր անցյալը: Մենք պահանջում ենք, որ դադարեցնեն այս հարկային տեռորը, գույքագրումը եւ հայտարարագրումը»,- նշել է մասնակիցներին մեկը։
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՏԵՂՅԱ՞Կ ԵՆ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք՝ Տավուշի մարզի համայնքներում որքա՞ն 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային տներ ու բնակարաններ կան, ո՞ր բնակավայրում՝ քանիսը։ Մարզպետարանից պատասխանել են. «Տավուշի մարզի համայնքներում 3-րդ եւ 4-րդ կարգի վթարային աստիճանի տների եւ բնակարանների վերաբերյալ ցուցակները ճշգրտման եւ թարմացման փուլում են»: