![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/477792029_645358995020477_3512597090050897631_n.jpg)
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված երեք որոշումներով Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց ևս 7 միավոր գույք: Մասնավորապես.
1. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 2-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12.400 քմ մակերեսով հողամասը:
2-3. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել երկու գույքի՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ:
4. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով հողամասի նկատմամբ:
5-6. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել երկու գույքի՝ Ծաղկաձոր քաղաքի Մ.Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 26.700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 26.400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ:
7. Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի վճռով բավարարվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 30.000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խոսքով՝ նշված գույքերի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 1 միլիարդ 732 միլիոն դրամ է:
Աննա Վարդապետյանի տեղեկացմամբ՝ 2023-2024 թվականների ընթացքում Դատախազության երկու բացառիկ լիազորությունների՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պետությանը վերադարձված գույքերի շուկայական արժեքի և դրամական միջոցների հանրագումարը գերազանցում է 30 միլիոն ԱՄՆ դոլարը:
«Առիթն օգտագործելով՝ հիշեցնեմ, որ օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ Դատախազության լիազորության շրջանակում ներկայացված հայցով առաջին վճիռը: Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է նաև 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ: Վճռի մնացած մասի կատարման համար Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ»,- նշել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում մինչ այժմ Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերը հաշտության շրջանակներում էին:
Հանրապետության գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ Դատախազության լիազորության շրջանակում Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումների թիվը 136 է: Գլխավոր դատախազությունը 136 հայցադիմումներով պահանջում է բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույքեր, 359 իրավաբանական անձանցում մասնակցություններ, դրամական պահանջը կազմում է ավելի քան 527 միլիարդ ՀՀ դրամ: Ընդհանուր հայցագինը կազմում է շուրջ 600 միլիարդ դրամ (այս թիվն, իհարկե, ունի աճման միտում, պայմանավորված նրանով, որ ներկայում ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձանցում մասնկացությունների արժեքները):
«Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի 1922-Ն որոշմամբ ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ: Գործարկման օրվանից մինչ օրս Վերականգնված միջոցների միասնական հաշվին մուտքագրվել է շուրջ 10 միլիարդ 283 միլիոն դրամ»,- նշել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ Կառավարության նույն որոշման հավելվածով՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը նախաքննական մարմինները Գլխավոր դատախազություն են փոխանցում տեղեկատվություն՝ քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ:
«Նշված տեղեկատվությունը գտնվում է ամփոփման փուլում և 2025 թվականի հուլիսի 30-ին, ինչպես սահմանվել է Կառավարության որոշմամբ, Գլխավոր դատախազությունը կհրապարակի նաև տեղեկատվություն քրեական վարույթներով որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազն ու, անդրադառնալով համայնքներին վերադարձված գույքերին ու դրամական միջոցներին՝ նշել, որ օրինակ՝ Արարատի մարզում 2024 թվականի ընթացքում դատախազական գործունեության արդյունքում վերականգնվել է պետությանը և համայնքներին պատճառված 900 հազար ԱՄՆ դոլարի գույքային վնաս: