ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

 

-Տիկի՛ն Հակոբյան, ինչպե՞ս կարձագանքեք ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

-Ես վաղուց ո՛չ զարմանում, ո՛չ զայրանում եմ իրենց քայլերից, հայտարարություններից, որովհետեւ այն մարդիկ,  որոնք ուղիղ հանձնեցին Արցախը, նրանցից պետք էլ չէ որեւէ բան ակնկալել: Ես չեմ էլ փորձում հակադարձել, հակափաստարկներ բերել։ Բավական են այն ցցուն փաստերը, որ Ակնայում նրանք նկարվում էին ոչ թե հայրենասիրությունից դրդված, այլ Ադրբեջանին ու մեզ՝ բոլորիս, մեսիջ փոխանցելու ենթատեքստով։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում աղաղակում, կոկորդ էր պատռում՝ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»։ Դա նույնպես արեց ոչ թե հայրենասիրությունից, այլ որովհետեւ պետք էր սադրել ու հրահրել պատերազմ։ Երբ մենք շրջափակման մեջ էինք գտնվում, Հայաստանն ամբողջությամբ՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների, ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ հրաժարվում է Արցախից։ 2022 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։

Այսինքն՝ այն մարդիկ են խոսում, որոնք հանձնել են Արցախը, որոնք հենց այս պատերազմը հրահրել են։ Մեզ համար տարբերություն չի եղել՝ արցախցին է կռվում, թե Հայաստանի կամ Սփյուռքի մեր հայրենակիցը, կարեւորը, որ բոլորը մարտնչել են հանուն հայրենիքի։ Եվ այդտեղ որեւէ մեկը չի հաշվել եւ չի նայել, թե ով պետք է կռվեր, եւ ով՝ ոչ։ Չնայած, ես կարծում եմ, որ այս հողերի անունները շատ բան են ասում։ Այս ամբողջ պատմության մեջ դուրս մնաց այն կոնտեքստը, որ ինքը նաեւ սյունեցիներին դիմեց. դա նախազգուշացում էր, որ հաջորդը հենց  Սյունիքն է։ Մարդիկ բաժանել են մեր հայրենիքը: Հայաստանը բաժանել են առանձին մարզերի, Արցախը՝  ընդհանրապես առանձին։

-Տիկի՛ն Հակոբյան, ԱԺ-ում պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես այդ տեսակետը կիսում է, եւ փորձեց արդարացնել Ալեն Սիմոնյանին։ Երբ պահանջ ներկայացրին Ալեն Սիմոնյանին, որ ներողություն խնդրի, կարծեք թե վարչապետը նույնպես արդարացրեց այդ տեսակետը։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

-Իհարկե վարչապետը պետք է կիսեր տվյալ տեսակետը, որովհետեւ այդ հանցախումբը, որի ղեկավարն ինքն է, ունի ընդհանուր ծրագիր եւ նպատակ։ Իրենք առանձին չեն գործում։ Ծրագրի առաջին հատվածը կատարել են եւ ազատվել Արցախից։ Հիմա հասել են Հայաստանի Հանրապետությանը եւ,  բնականաբար, գործում են համատեղ։ Մենք պատահական չենք ասում՝ Նիկոլ Փաշինյանի «ուսպարկերը»։ Իրենք բոլորը հրահանգներ կատարող են՝ ուզում է լինի Ալենը, թե մյուսները։ Հիշում եք՝ ՔՊ-ական մի պատգամավոր էլ շրջափակման ժամանակ ասում էր, որ 50,000 արցախցիներին պիտի զոհենք՝ փրկելու Հայաստանը։ Այսինքն՝ սրանք այն մարդիկ են, որոնց «շեֆն» ինչ ուղղություն տա՝ դրանով էլ գնալու են։ Հայտնածը Ալենի անձնական դիրքորոշումն ու կարծիքը չէր. նրանք վարվում են այնպես, ինչպես իրենց «շեֆն» ասում է։

Հիշեցնենք, որ խորհրդարանում արցախցի լրագրողներից մեկը Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է վերադառնալու Արցախ, Սիմոնյանը պատասխանեց՝ երբ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք այժմ արցախցիների վերադարձի հարցով բանակցություններ գնո՞ւմ են, Սիմոնյանը պատասխանեց. «Դուք դրա մասին շատ լավ տեղյակ եք, երբ որ անվտանգ կլինի, այդ հարցը կբարձրացվի, էլ ի՞նչ հարցեր ունեք»։ Լրագրողը հարցրեց՝ ինչո՞ւ է Արցախն անվանում Ղարաբաղ, Սիմոնյանը պատասխանեց. «Դուք չեք ասու՞մ, որ ղարաբաղցի եք, Ղարաբաղ է։ Ես քաղաքական գործիչ եմ, եւ ես դեմ եմ, որ այլ երկրի քաղաքացի իմ քաղաքներից մեկը անվանի ադրբեջանական անուններով։ Ես քաղաքական գործչի էթիկան պետք է պահպանեմ։ Ձեզ թվում է, թե ես ակտիվիստ եմ ու պետք է հաճո բաներ ասե՞մ, որ վարկանիշս բարձրանա»։ Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ լրագրողի հարցերից, ապա ասաց. «Դուք դուրս եկաք այդտեղից՝ չնայած կարելի էր մնալ եւ պայքարել մինչեւ վերջ։ Պետք էր կռվել, պետք էր կռվել, դուք դուրս եկաք»։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՔՊ-ԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՐՏՈՆՅԱԼ ԵՆ ԶԳՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ամուսնուն նշանակել է իրեն հասարակական հիմունքներով օգնական, հետո վերջինս պարզաբանել էր, թե դա արել է, որպեսզի ամուսինը, իրեն ԱԺ բերելուց հետո, դրսում չսպասի։

 

Հայտնել էինք նաեւ՝ Գյումրի քաղաքը սպասարկող «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների լվացման կետ է բացել։ Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է։ Ի դեպ, երբ 2018-ի իշխանափոխությունից հետո Էմմա Պալյանն էր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի օգնականը, որոշակի դադարից հետո գործուղվեց Ազգային ժողով՝ կրկին որպես Սարուխանյանի օգանական, իսկ 2021 թվականին՝ պատգամավորի մանդատ ստանալուց հետո, ԱԺ բերեց ամուսնուն որպես իրեն օգնական։ Ապա բերեց եղբորը, ով այժմ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել էր Էմմա Պալյանի եղբոր՝ Հայկ Պալյանի հայտարարագիրը։ Այսպիսով, ուսումնասիրել էինք Հայկ Պալյանի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիրը, ինչից էլ հասկանում ենք, որ ԱԺ-ից տարեկան 3 մլն 504 հազար դրամ աշխատավարձից կուտակված եկամուտ ունեցող Հայկ Պալյանը 2023 թվականին ձեռք է բերել 25 մլն դրամ արժողությամբ բնակարան։ Բնակարանը, որը միանձնյա սեփականությամբ է ձեռք բերվել, գտնվում է Շիրակի մարզի Գյումրի համայնքում։ 2022 թվականին Հայկ Պալյանը ձեռք է բերել մեքենա՝ 2012 թվականի արտադրության Ford մակնիշի։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,5 մլն դրամ։ Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ։ Մամուլը գրել էր նաեւ, որ Էմմա Պալյանի եղբայրը գրենական պիտույքների խանութ ունի Գյումրիում, ու ՔՊ-ական պատգամավորը ստիպում է, որ բոլոր դպրոցները եղբոր խանութից առեւտուր անեն։ Այսօր՝ հեղափոխությունից հետո, ֆինանսական վիճակը կտրուկ բարելաված, ընտանիքի անդամներին ԱԺ-ում աշխատանքի տեղավորած Էմմա Պալյանը զարմանք է հայտնել՝  հանցագործությո՞ւն է, որ Շիրակի մարզի 146 դպրոցներից իր եղբորը պատկանող գրենական պիտույքների խանութից 7-8 դպրոց գնումներ են անում։

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 




Լրահոս