Մարտի մեկի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նոր պաշտոնի նշանակվելուց հետո լքեց նախաքննությունը` հավաստիացնելով, որ գործն ապահով ձեռքերում է: Իրականում սա ի ցույց դրեց այն, ինչ բոլորը գիտեին. որ անձամբ Սերժ Սարգսյանի հավաստիացումները` մարտի 1-ը բացահայտելու անհրաժեշտության մասին, իրականում քարոզչական-դեկլարատիվ հայտարարություն էին:
Մեր երկրի անկախության առաջին իսկ տարիներից ՀՀ-ում տեղի են ունեցել աղմկահարույց սպանություններ, որոնց, որպես կանոն, հաջորդել է անաղմուկ չբացահայտումը: Ցանկն այս իմաստով պատկառելի է. Համբարձում Ղանդիլյան, Մարիուս Յուզբաշյան, Համբարձում Գալստյան, ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունի, նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան, ՆԳ փոխնախարար Արծրուն Մարգարյան, ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Պողոսյան, հարկային օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյան, ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյան, եւ, ի վերջո, հոկտեմբերի 27-ի 8 զոհերը:
Կա նաեւ մահափորձերի ոչ պակաս աղմկահարույց շարք. ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան, որի դեմ մահափորձ կատարվեց Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Ընդ որում, Վարդան Ղուկասյանը ստիպված է քրիստոնեաբար նայել այն իրողությանը, որ մինչ օրս իրավապահներին չի հաջողվել բացահայտել իր դեմ իրականացված մահափորձը, իսկ գործն էլ կասեցվել է 2008թ-ին. «Նրանք, ովքեր իմ դեմ նման բան էին արել, թող պատժվեն Աստծո կողմից»:
Նշենք, որ լրատվամիջոցները, որպես կանոն, ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվել նման դեպքերի լուսաբանմանը. հնարավորության դեպքում ծանոթացել են գործի նյութերին, ուշադրություն են հրավիրել այս կամ այն կասկածելի հանգամանքի վրա, ներկայացրել են սպանվածների հարազատների վարկածները եւ այլն: Այսքանով, սակայն, լրագրությունն ավարտվում է, եւ «շարունակվում են» իրավապահ մարմինների պարտականությունները` բացահայտել եւ ներկայացնել սպանությունները կատարողներին, պատվիրատուներին կամ կազմակերպիչներին: Եւ եթե ոստիկանությունը կամ մյուս բացահայտող մարմիններն ինչ-որ ժամանակ տեղում դոփելուց հետո քաղաքական կամ այլ շարժառիթներով գերադասում են կասեցնել, «սառեցնել» կամ «կախակայել» այդ գործերը, ապա դա նրանց եւ առաջին հերթին պետության խնդիրն է, որովհետեւ իրականում Մեգրեի կերպարանքով հետախույզները եւ, ինչու ոչ, լրագրողները միայն դետեկտիվ ֆիլմերում են լինում: Սա նաեւ այդպես է, քանի որ նման հանցագործություններին հայաստանյան հոգնած, անտարբեր ու աղքատ հասարակության արձագանքը զուտ կենցաղային հարթության վրա է, ուր մնաց թե մեզանում լիներ քրեագիտության մեջ տարածված հասկացություն` ժողովրդի հանդուրժողականության լցված շեմ: Սա նաեւ այդպես է, որովհետեւ իրականում բազմիցս ապացուցված է ամենապարզ բացատրությունը, որ Հայաստանում պատվիրված սպանությունների բացահայտման անհրաժեշտության մասին իշխանությունների հավաստիացումներն ինչ-որ պահից հետո «լռվում» են: Օրինակ` ինչպես եղավ խորհրդարանական ամենաներկայանալի հանձնաժողով հրավիրված Հայկ Հարությունյանից «բարձր» վկաներ կանչելու նախաձեռնությունից հետո:
Այլ հարց է, որ սա շղթայական ռեակցիայի էֆեկտ ունի, քանի որ անպատժելիությունը հանցագործների, պատվիրատուների եւ կատարողների գիտակցության մեջ վստահություն է ծնում, որ ամեն ինչ մարսելու են:
ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵՆՈՄԵՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ