Առաջին անգամ Հայաստանում փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ԱրԱվես ՀԿ-ն հայտնում են կարևոր և բացառիկ իրադարձության մասին. Արմաշի կարևորագույն թռչնաբանական տարածքում (IBA) առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի (Vanellus spinosus) բնադրումը։ Թեև տեսակը տարածքում նկատվել է դեռևս 1995 թվականից, սա առաջին փաստագրված բնադրման դեպքն է Հայաստանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Այս թռչնատեսակի գրանցումը եզակի է հատկապես նրանով, որ բտիկաթև կիվիվն աչքի է ընկնում իր դժվար նկատելի վարքագծով։ Տեսակի հայտնաբերումը վկայում է ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում ունեցող թիմի աշխատանքի, այլև տարածքում իրականացվող պահպանության ջանքերի արդյունավետության մասին։

2024 թվականին FPWC-ի և ԱրԱվեսի համատեղ հետազոտական աշխատանքների արդյունքում Արմաշում գրանցվել է ավելի քան 100 տեսակի թռչուն։ Հազվագյուտների թվում են նաև՝

Սպիտակապոչ արծիվը՝ Հայաստանի հազվադեպ չվահյուրերից

Ֆլամինգոներ և սուլթանական հավեր

Կարմիր գրքում գրանցված գանգրափետուր և սպիտակ հավալուսներ:

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև միջազգային Կարմիր ցուցակում ընդգրկված սպիտակագլուխ բադի պոպուլյացիայի ուսումնասիրությանը, ինչը կարևոր է տեսակի պահպանության արդյունավետ միջոցառումների մշակման համար։

«Բտիկաթև կիվիվի բնադրման փաստագրումը ոչ միայն գիտական նշանակալի ձեռքբերում է, այլև վկայում է Հայաստանի էկոհամակարգերի առողջության և կենսաբազմազանության պահպանման մեր ջանքերի արդյունավետության մասին», – նշում են կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հետազոտական աշխատանքները կշարունակվեն նաև 2025 թվականին։




Լրահոս