
Այսօր հայ մեծագույն բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Վահագն Դավթյանի հիշատակի օրն է: 1922 թվականի օգոստոսի 15-ին Արևմտյան Հայաստանի Արաբկիր գյուղաքաղաքում, որը գտնվում է Եփրատի վտակ Ոսկեգետակի մոտ, ծնվեց ապագա մեծ պոետը, որը դարակեսին զարգացրեց հայ նորագույն բանաստեղծությունը, պոեմը, հայրեներգության անզուգական օրինակներով զարդարեց հայ գրականության պսակը. օգտվելով միջնադարյան ասքերի լավագույն օրինակներից՝ Դավթյանը ստեղծեց իր պոեմանման ասքերը՝ «Գինու երգը», «Ասք սիրո և սրի», «Ճերմակ ձիավորը» և այլ գործեր, որոնք մի նոր՝ բարձրարժեք ուղենիշ սահմանեցին հայկական պոեմի ժանրում։
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնում է գրողի կյանքին և այն ստեղծագործություններին, որոնք անպայման արժե ընթերցել:
4 տարեկան էր Վահագն Դավթյանը, երբ ընտանիքը Տրապիզոնից նավով գաղթեց և ժամանակավորապես հաստատվեց Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում։ Գաղթական արաբկիրցիները 1930-ականներին Երևանում հիմնել էին Նոր Արաբկիր թաղամասը ։ Այդ մասին իմանալով՝ Վահագն Դավթյանը 1932 թվականին մոր և քրոջ հետ հաստատվեց Երևանում (հայրը ավելի ուշ միացավ իրենց)։
1941–1943 թվականներին Դավթյանը մասնակցեց հայրենական պատերազմին: Հետագայում սովորեց և ավարտեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը:
Բանաստեղծի քնարերգությունը վերածնունդ է ապրում «ձնհալի» տարիներին:
1950-ականների իր ստեղծագործություններում նա խորացնում է քնարական մոտիվները՝ ծննդավայր («Ասում են հեռու Եփրատն է մի օր»), բնություն (գարնան, անձրևի, լույսի պատկերներ), սիրային ապրումներ (հայտնվում է պարզ զգեստով աղջկա պատկերը, որ գնալով դառնում է Դավթյանի ամենասիրած պատկերներից մեկը), պատերազմական դրվագներ («Զինվորը վերջին բարձունքի վրա» շարքը):
Դավթյանը ունի առանձին լավ բանաստեղծություններ, բայց նրա ստեղծագործությունների մնայուն որակը լավագույնս դրսևորվել է միասնական շարքերի մեջ, որոնք գաղափարով ու կառուցվածքով պոեմ-շարքեր են:
Առաջին ամբողջական գործը «Գինու երգը» գրքի համանուն՝ «Գինու երգը» շարքն է՝ գրված 1964-65 թվականներին:
Վերնագրից արդեն երևում է, որ այն նվիրված է գինու ստեղծմանը: Դավթյանի շարքը Դանիել Վարուժանի ավանդների շարունակումն է: Վարուժանը գրեց «Հացին երգը», թեև անավարտ, և պատրաստվում էր ստեղծել «Գինիին երգը», որից պահպանվել է միայն ծրագիրը: Դավթյանը օգտագործել է և՛ «Հացին երգի» պոետիկան, և՛ վարուժանյան գինու պատկերները: Դրա շնորհիվ շարքում գործում է յուրատեսակ թաքնված հեթանոսականություն՝ զարթնող ու պտղավորվող բնություն, հողի ու արեգակի պաշտամունք:
Վահագն Դավթյանը 50-60-ականներին գրեց հայերգության լավագույն ժողովածուները՝ թե՛ բանաստեղծություններ, բանաստեղծական շարքեր, թե՛ պոեմներ:
Դրան զուգահեռ հեղինակեց նաև հուշեր, որոնցից լավագույնն է Վիլյամ Սարոյանի մասին պատմող «Բարի հսկան» (1979) գիրքը։
Անկախ սիրերգության, գրականագիտական հոդվածների և թարգմանությունների շքեղ օրինակներից՝ Դավթյանի բանաստեղծական աշխարհի առանցքում մշտապես մնաց հայրենիքը, մասնավորապես ծննդավայր Արաբկիրը:
«Ինչու՞ այնպես եղավ, որ աշխարհում
Ես կարող եմ հիմա ամենայն տեղ գնալ,
Լոկ չեմ կարող գնալ հայրենի տուն…», – գրում է Դավթյանը:
Կորսված հայրենիքի թեման մշտապես ուղեկցում է հայրենազուրկ գրողներին, որոնցից անմասն չէր և Վահագն Դավթյանը, ում հայրեներգությունը ընթերցողին հիշեցնում է՝ նա Հայկա զավակն է, Էջմիածնա որդին, Նոյյան թոռը, Դրախտի բնակիչը…:
Իր նամակներում Դավթյանը գրում է. «…Իմ մանկությունը ցեղասպանությունից փրկված մարդկանց շրջանում է անցել, ներծծվել է այդ եղեռնագործության սարսափելի պատմություններով, և, թվում էր, թե ամեն ինչ հայտնի է ինձ, և այլևս ոչինչ չի կարող ինձ զարմացնել կամ հուզել: Բայց ահա, երբ 1965-ին մի հսկայական հատորով հրատարակվեցին այդ ցեղասպանության փաստաթղթերը, ու երբ դրանք սկսեցի կարդալ, հիվանդացա, բառիս բուն իմաստով, հիվանդացա ոչ միայն հոգեպես, այլև ֆիզիկապես… Սկսվեց մի երկար ու ձիգ անքնություն, մղձավանջներն անընդհատ հետապնդում էին ինձ, ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել…»: Այս զգացումները չէին կարող իրենց արձագանքը չգտնել գրողի ստեղծագործություններում, որոնցից ամենաազդեցիկ գործերից է «Բայց ծնվեցի…» պոեմը: Դավթյանը վերհիշում է մանկությունը, ընտանիքը, սեփական ծննդի օրինակով նա հակադրում է հայ երեխայի ծնունդը աշխարհում ծնվող սովորական ծննդին:
«Մի սև ոճիր` մարդու կերպար ու տեսք առած
Ու ձեռքի մեջ առած ահեղ մի յաթաղան,
Բարձրացել էր, որ աշխարհում
Հայ մանուկներ աշխարհ չգան,
Բարձրացել էր, որ չծնվեմ, Բայց ծնվեցի…»:
Հիշատակի այս օրով պատահական չէ հիշել պոետի ծնունդը. ամեն ինչ վերարժևորվում է սկզբով: Ընթերցե՛ք Վահագն Դավթյանի ստեղծագործությունները, դրանք մի քիչ ավելի հայ զգալու բանալիներից են:
Աննա Սրապիոնյան