
Այսօր՝ փետրվարի 22-ին գեղարվեստական և վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է։
Փելեշյանն այսօր դարձավ 87 տարեկան։
Նշենք, որ Արտավազդ Փելեշյանը համարվում է ոչ միայն ՀՀ ժողովրդական արտիստ, այլև՝ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ։
Փելեշյանը Գյուրիում է ծնվել և ևս մեկ անգամ կարելի է փաստել այն հանգամանքը, որ Գյումրին հայերիս տվել է մեծանուն մարդկանց։
Փելեշյանը համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականներից մեկը։
ArmLur.am-ը Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացնում է հետաքրքիր փաստեր, պատմություններ վերջինիս կյանքից։
Իր ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը» վավերագրական ֆիլմերը, որոնք էլ տարբերվում են իրենց ուրույն ոճով և կինոլեզվի այն ժամանակվա համար թարմ արտահայտչամիջոցներով։
Դեռ երիտասարդ տարիներից Փելեշյանը փայլել է իր տաղանդով և դա կարելի է փաստել նաև նրանով, որ 1969 թվականին իր նկարահանած «Մենք» ֆիլմը արժանացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմի, որտեղ առաջին անգամ օգտագործվել է «Դիստանցիոն մոնտաժի» հիմնատարրերից. Փելեշյանը նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։
Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար», որն էլ իրապես այդպես է։
Արտավազդ Փելեշյանը ռեժիսուրայի արվեստի մասին դասավանդել է բազմաթիվ համալսարաններում և կինոդպրոցներում՝
ԽՍՀՄ Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակումների աշխատողների որակավորման ինստիտուտում, ԽՍՀՄ Պետական կինոյի ինստիտուտում (Մոսկվա)՝ սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասարաններում,
ՖԱՄՈՒ (Պրահա) կինոակադեմիայում, ՖԵՄԻՍ (Փարիզ), կինոյի համալսարան (Մեխիկո)
Համարվում է պատվավոր դոկտոր և պրոֆեսոր երկու պետական բուհերում՝ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ և Հայ-Ռուսական Համալսարան։
Աշխատել է Բելառուսֆիլմում, Հայֆիլմում, Գորկու անվան ստուդիայում, Մոսֆիլմում, Մոսկվայի գիտական ֆիլմերի կենտրոնում։ Փարիզում աշխատել է ֆիլմերի վրա Fondation Cartie-ի համար և Կարլսրուհեում (Գերմանիա) ZTKM-ի համար։
2015 թվականին Ֆրանսիայի Լեոն քաղաքի Լյումիեր եղբայրների թանգարանում բացվել է պատվոտախտակ՝ «Արտավազդ Փելեշյան»։
Հետաքրքիրն այն է, որ մեծ պատիվ ունեցող Փելեշյանին 20 տարի չի հաջողվել ֆինանսավորում գտնել իր լիամետրաժ ֆիլմի՝ magnum opus-ի` «Հոմո սափիենսի» համար։
Աննա Սրապիոնյան