ԴԱՄԲՈՒԼԸ` ԽՈՒՆՏԱՅԻ ՍՊԱՍԱՐԿՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ-ից ՀՀ պետական բյուջեով նախատեսվում է դատավորների աշխատավարձերի բարձրացում: Այսինքն` այսօրվա 600-800 հազար դրամը նրանց համար քիչ է, դրա համար էլ նոր բարձրացումներ են նախատեսվել` կենսաթոշակառուների, մշակույթի գործիչների օրավուր չբավականացնող թոշակների ու աշխատավարձերի հաշվին: Ստացվում է, որ մի դատավորն այս երկրի 14 արվեստագետ արժե, գրադարանային 21 աշխատող եւ մոտ 30 թոշակառու:
Դե, երեւի ճիշտ է գրված Սահմանադրության մեջ, որ Հայաստանը իրավական եւ սոցիալական պետություն է: Միայն իրավական եւ սոցիալական պետության մեջ հրապարակավ կհայտարարեն այն մասին, որ պետք է դատավորների աշխատավարձերը բարձրացնել, որպեսզի կաշառք չվերցնեն: Իսկ նրանք շարունակում են վերցնել…
Ինչեւէ, եղածը եղած է, եւ նորից կբարձրանա նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` շատերին Դամբուլ մականունով հայտնի դատավոր Գագիկ Ավետիսյանի աշխատավարձը, ում հասցեին տարիներ առաջ մեղադրանքներ հնչեցին, բայց նա մնաց համակարգում, արժանացավ պետական պարգեւի:
Երեւի պիտի փոխել պարգեւների «գաղափարախոսությունը». պարգեւ է տրվում նրանց, ովքեր շատ են կաշառք վերցնում կամ էլ սուտ մատնությամբ հանդես գալիս: Ժամանակին Գագիկ Ավետիսյանի անունը հիշատակվեց լրագրողներին վերագրվող մի պատմության մեջ, երբ Դամբուլը բացահայտորեն կեղծ մատնությամբ էր հանդես եկել… Բրազիլացի նշանավոր գրող Ժորժի Ամադուն, ում մեր ընթերցողը ծանոթ է «Ավազահանքերի գեներալները» վեպով, իր ստեղծագործություններից մեկում ասում է. «Խունտան այնքան վտանգավոր չէ, որքան խունտայի սպասարկուները»: Հիմա Հայաստանում ձեւավորված սերժսարգսյանական խունտան կարող է շատ վտանգավոր չլինել, եթե չլինեն Գագիկ Ավետիսյանն ու նրա նմանները: Բայց քանի որ սրանք կան, խունտան դեռ շա~տ փորձանքներ է բերելու մեր գլխին:
Գագիկ Ավետիսյանը ծնունդով Երեւանից է, 1970-ին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժին: Հասկանալի է, որ երեկոյան բաժինը համարվում էր արտադրությունից չկտրված ուսուցում եւ այստեղ այնքան էլ կարեւորություն չէին տալիս դիմորդների բարձր գիտելիքներին կամ էլ պատրաստվածությանը. Խորհրդային պետությունն աշխարհին ուզում էր ապացուցել, որ մտահոգված է բանվոր երիտասարդության կրթության հարցերով: Գագիկ Ավետիսյանը չի նշել իր կենսագրության մեջ, թե 1970-1976 թվականներին, երբ սովորել է երեկոյան բաժնում, որտեղ է աշխատել, չէ՞ որ աշխատելը պարտադիր պայման էր… Ի դեպ, երեկոյան բաժին էլ ընդունվել է երկու տարի ցերեկային բաժնում տապալվելուց հետո… Նրա կենսագրության մեջ ոչինչ չկա նշված նաեւ պարտադիր զինվորական ծառայության մասին: Նա դիպլոմ է ստացել ու 1977-79 թվականներին աշխատել Սպանդարյան շրջանի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու: Այսինքն` կարող էր կատարածու աշխատել անգամ առանց բարձրագույն կրթության… Երկու տարի կատարածուի աշխատանքն անելուց հետո բախտը նրան ժպտացել է. 1979թ-ին աշխատանքի է անցել ՀՍՍՀ արդարադատության նախարարությունում` որպես դատական մարմինների վարչության խորհրդատու, 1981-1983-ին էլ պաշտոնը բարձրացել է.  դարձել է ավագ խորհրդատու: Դատավորի կենսագրությունը սկսել է 32 տարեկան հասակում` դառնալով Բաղրամյանի շրջանի ժողդատարանի դատավոր: Նորաստեղծ շրջանում նա աշխատել է մինչեւ 1991 թվականն ու երկրի համար բարդ ժամանակներում, օգտվելով «նորացման գործընթացներից», տեղավորվել ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիայում: Այստեղ աշխատել է մինչեւ 1998 թվականը, մասնակցել մի շարք գործերի լսումներին, որոնցից շատերի վճիռները եղել են վիճահարույց, տարակուսելի… «Հոգնելով» դատավորի պարտականություններ կատարելուց, հավանաբար այստեղ մեծ եկամուտներ չունենալով` Ավետիսյանը 1998-ին տեղափոխվել է ՀՀ Գլխավոր դատախազություն եւ աշխատել դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունում` որպես ավագ դատախազ: Այսինքն` հիմա էլ մի որոշ շրջան պիտի պաշտպաներ այն վճիռները, որոնց կայացման մեջ իր մասնակցությունն էր ունեցել: Մինչեւ 2003 թվականն այս պաշտոնը վարելուց հետո զբաղեցրել է նույն դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի պետի, մեկ տարի էլ` կազմակերպական-վերահսկողական, վիճակագրության եւ վերլուծության վարչության պետի պաշտոնները: Այս վերջինը կարելի էր պաշտոնի իջեցում համարել, որովհետեւ Ավետիսյանն արդեն անմիջական կապ չուներ կայացվող վճիռների ու մարդկանց ճակատագրերի հետ: Նշանակում է` նաեւ գումարներ վաստակելու հնարավորությունից էր զրկված: 2008 թվականից նորից դատավոր է կարգվել` լինելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատարանի դատավոր: Հենց այս դատարանում են լսվել մարտի 1-ին առնչվող գործերից շատերը, այստեղ են կայացվել վճիռներ, որոնցից մի քանիսի տակ նաեւ Գագիկ Ավետիսյանի ստորագրությունը կա…
Դրա համար էլ, որպես խրախուսանք, նրա պաշտոնը բարձրացրին` նշանակելով վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Հիմա նա կվերաքննի ցածր ատյանների գործերը:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս