
Նախորդ հրապարակման մեջ՝ «Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է։ Ժողովուրդ օրաթերթը խոստացել էր մանրամասնել թեման: Եւ այսպես, հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է ԱԺ ՔՊ խմբակցության կողմից 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: 2022թ նոյեմբերի 23-ին Ընդդիմադիր խմբակցությունները բողոքարկեցին մարդու սեփականության դեմ ուղղված մտահոգություններ պարունակող այս օրենքը երկրի բարձրագույն` Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն ամիսներ շարունակ ուսումնասիրում էր դիմումը և վարույթ չէր ընդունում: Ի վերջո, կայացրեց աշխատակարգային որոշում:
Ի՞նչ որոշման մասին է խոսքը
Սահմանադրական դատարանը 2023թ հուլիսի 7-ին, Գլխավոր դատախազությանը 21 հարց ուղղելով, գործի վարույթը կասեցրեց: Ու թեեւ դատախազությունը 2023թ սեպտեմբերին պատասխանել է բոլոր հարցերին, բայց Սահմանադրական դատարանը, որը պարտավոր է ապահովել Սահմանադրության գերակայությունը, չի շտապում որոշում կայացնել: Թողել է օդում այս կարևոր հարցի սահմանադրականության ճշգրտումը: Սա նշանակում է, որ չկա հստակություն և մասնագիտական եզրակացություն՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանո՞ւմ է ՀՀ մայր օրենքին` Սահմանադրությանը, թե՞՝ ոչ:
Իսկ ինչու է դանդաղում ՍԴ-ն
Նկատենք, որ բարձր դատարանը չի պարզաբանում, թե քննության ընթացքում ինչու չի կասեցրել օրենքի կիրառումը: «Համաձայն Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի, «Գործը քննության ընդունելուց հետո Սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմող կողմի կամ հանրության համար»: Սակայն օրենքի կիրառումը կասեցնելու մասով ՍԴ-ն որոշում չի կայացրել` թողնելով իրավապահ ողջ համակարգին անորոշության մեջ:
Ինչպե՞ս կարող են բռնագանձել մարդու ունեցվածքը։ Իսկ ի՞նչ է ենթադրում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Այն հնարավորություն է տալիս դատախազությանը հետ գնալ մինչև 1991 թվականն ու ստուգել՝ արդյո՞ք պաշտոնյան օրինական ճանապարհով է հարստացել, որը և խնդրահարույց է, քանի որ 90-ականներից ունեցվածք կուտակածների մեծ մասը չունեն գույքի ու գումարների ծագման փաստաթղթերը և տրամաբանական է, որ չունեն:
Այսինքն` դժվարությամբ կարող են դատախազությանն ապացուցել, որ ազնիվ ճանապարհով են ձեռք բերել գույքը կամ գումարը, ինչը նշանակում է, որ դատախզությունը կարող է վերցնել գույքը, գումարը, որը հարվածի տակ է դնում նաև սեփականության իրավունքը։ Այստեղ է, որ դատավորները խուսափում են կայացնել բռնագանձման մասին որոշումներ, քանի որ չունեն մասնագիտական եզրակացություն՝ այդ օրենքը համապատասխանո՞ւմ է սահմանադրությանը, թե՞՝ ոչ:
Հիշեցնենք, որ այս գործով զեկուցող դատավորը Վահե Գրիգորյանն էր, որը գնացել է Ստրասբուրգ 9 տարով` ընտրվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր:
Շարունակելի․․․
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան