ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է հանրահայտ բժիշկը փրկել հազարավոր կյանքեր․ Մյուդ Պետրոսյանի 100-ամյա հոբելյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան մարդիկ, որ ինչքան էլ անցնի ժամանակը, չեն մոռացվում։ Նրանցից մեկը հանրահայտ բժիշկ Մյուդ Գարեգինի Պետրոսյանն է։

Վրաստանի Ախալքալաք քաղաքում ծնված բժիշկն անգնահատելի է եղել հայ ժողովրդի համար։ Նրա մասին հետագայում գրել են թերթերում։

Թերթերից մեկում գրված հոդվածից տեղեկանում ենք, որ 1974 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ շուրջբոլորն ամանորյա թոհուբոհ է եղել, մարդիկ սեղանների շուրջ հավաքված սպասել են ժամը 12-ին, իսկ ահա Էջմիածնի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում ամեն բան այլ է եղել։ Ամանորից մի քանի օր առաջ հիվանդանոց երիտասարդ աղջկա են բերել։ Վիրաբույժները բաժանմունքի վարիչ Մյուդ Գարեգինիչի գլխավորությամբ մանրակրկիտ ուսումնասիրել են հիվանդին և միահամուռ որոշել են, որ պետք է վիրահատեն աղջկան։ Չնայած նրան, որ աղջկա առողջական վիճակը գնալով վատթարացել է և ծնողները համաձայն չեն եղել վիրահատությանը, այնուամենայնիվ աղջկան վիրահատել են՝ հեռացնելով աղիքային խոցերը, դադարեցնելով արյունահոսությունը։

Այս պատմությունը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Մյուդ Պետրոսյանը անձնուրաց կերպով է կատարել իր աշխատանքը։

Այդ մասին փաստում է նաև մեկ այլ պատմություն։ Աշտարակ գյուղի բնակիչները պատմել են, որ իրենց 12-ամյա դոսւտրը երկար ժամանակ տառապել է լյարդի հիվանդությամբ և աղջկան ծանր վիճակում տեղափոխել են շրջկենտրոնի հիվանդանոց։ Մյուդ Պետրոսյանը աղջկանն զննել է և մտածել աղջկա կյանքը փրկելու տարբերակների մասին։ Բժշկի վճիռը անհապաղ վիրահատությունն էր։ Իհարկե Մյուդ Պետրոսյանի շնորհիվ վիրահատությունն անցել է բարեհաջող, և աղջկա կյանքը փրկվել է։

Կա նաև մեկ այլ հետաքրքիր պատմություն, երբ Մյուդ Պետրոսյանը փրկել է վիրավոր արծվի։

Բժշկի սեղանի վրա դրված է եղել փայտյա արկղ, որի մեջ եղել է վիրավոր արծիվ։ Մյուդ Պետրոսյանը պատմել է, որ արծվին վերցրել է որսորդների ձեռքից, տեղափոխել հիվանդանոցի իր սենյակ, խնամել, վերքերը վիրակապել, իսկ թռչնի վերականգնումից հետո բաց է թողել։ Կա մի խոսք, որում ասվում է, որ վիրաբույժը պետք է ունենա արծվի սուր աչք, կանացի նուրբ ձեռքեր և առյուծի սիրտ։ Այս խոսքերը ճշգրտորեն բնութագրում են Մյուդ Պետրոսյանին։

Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո Մյուդ Պետրոսյանը կնոջ հետ նշանակվել է Սյունիքի մարզի Քաջարանի հիվանդանոցում աշխատանքի։ Ինքը վիրաբույժ էր, կինը՝ գինեկոլոգ։

Մյուդ Պետրոսյանն աշխատել է վիրաբուժական բաժնի վարիչ Աշտարակ քաղաքում, որից հետո տեղափոխվել է Երևանի Մալաթիայի հիվանդանոց կրկին որպես վիրաբուժական բաժնի վարիչ։

Բժիշկը նույն պաշտոնում աշխատել է նաև Էջմիածնում։

Էջմիածնից հետո տեղափոխվել է Երեվանի երկաթ գծի հիվանդանոց, որտեղ աշխատել է մինչև վերջ։

Մյուդ Պետրոսյանին մինչ օրս ջերմությամբ են հիշում, իսկ առաջին բանը, որը հիշում են նրա մասին, դա իր անսահման հայրենասիրությունն էր։

Մյուդ Գարեգինչի տղան՝ Գարեգին Պետրոսյանը շարունակում է իր հոր ճանապարհը։

Վերջինս նաև պատմում է, որ հայրը բավականին հանգիստ մարդ է եղել, ամուր նյարդային համակարգով։ Գարեգին Պետրոսյանը հավելեց, որ Մյուդ Պետրոսյանը բավականին էմոցիոնալ եղել է իր առաջին թոռնիկի ծնվելուց։

Մյուդ Պետրոսյանի հարսը՝ Կարինե Պետրոսյանը պատմեց, որ Երևանից Էջմիածին տեղափոխվելուց հետո Մյուդ Պետրոսյանի պացիենտները նույնպես տեղափոխվել են վերջինիս հետ։

Անդրադառնալով բժշկի հայրենասիրությանը՝ Կարինե Պետրոսյանը պատմեց, որ Մյուդ Պետրոսյանը բազմակողմանի զարգացած անձնավորություն էր, շատ էր սիրում պատմություն և տպավորություն էր ստեղծվում, որ նա նաև պատմաբան է։

Շենգավիթ ԲԿ-ի փոխտնօրեն, վիրաբույժ Լևոն Հակոբյանը նույնպես կիսվել է իր հիշողություններով։ Նա պատմեց, որ իր երիտասարդ տարիներին 7 տարի շարունակ աշխատել է Մյուդ Պետրոսյանի հետ Երկաթգծի հիվանդանոցում։

2025-ին լրանում է Մյուդ Գարեգինի Պետրոսյանի 100-րդ հոբելյանը։ Մյուդ Գարեգինի Պետրոսյանի թողած ավանդն ու պատիվը մեծ են, իսկ իր մասին հուշերը՝ անվերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս