
«Հրապարակ» թերթ-ը գրում է. «Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ռուս-ամերիկյան կողմերի միջեւ կայացած հանդիպումը ՌԴ-ԱՄՆ փոխհարաբերություններում նոր սկզբի մասին է՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Սակայն բանակցությունների ու հանդիպման առանցքն այնքան էլ Ուկրաինայում պատերազմը չէր՝ համոզված է նա: «Այն, ինչ վերաբերում է Էր-Ռիյադում հանդիպմանը, ապա լրատվամիջոցների մեծ մասը գրում է, որ այնտեղ որոշվում էր միայն Ուկրաինայի հարցը, իրականում այնտեղ այդ հարցը գրավում էր բանակցությունների միայն 5-10 տոկոսը: Նրանք պարզապես հայտարարեցին, որ ուկրաինական սցենարի շուրջ աշխատանքները ճգնաժամից դուրս բերելու համար կիրականացվեն հատուկ ներկայացուցիչների միջոցով, որոնց պետք է սկզբում նշանակի ԱՄՆ-ն, իսկ հետո՝ նաեւ Ռուսաստանը: Ասվել է, ընդհանուր առմամբ, այն, որ պատերազմը պետք է կանգնեցնել, եւ Մոսկվան, ընդհանուր առմամբ, պատրաստ է փնտրել այդ ֆորմուլաները: Հիմնական քննարկումը եղել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ փոխհարաբերությունների կարգավորումը: Ընդ որում, այնքան սենսացիոն տարբերակ էր, որ Թրամփը եւ կողմերը պարզապես շրջեցին շախմատի տախտակը՝ նրանք ամբողջությամբ վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները, սկսում են կոնսուլտացիաներ, պատրաստվում են հանդիպումների, եւ այդ հանդիպումները հետագայում նեղ ֆորմատից սկսում են լուրջ ֆորմատ դառնալ: Ամենայն հավանականությամբ, ներկայիս ադմինիստրացիան կգնա, այսպես կոչված, նոր պլացդարմի ստեղծմանը՝ ազդեցության գոտիների բաժանմանը»,- ասաց ռուս քաղաքագետը:
Տարասովը նկատեց, որ ամերիկացիներն այս պահին ժամանակ շահելու խնդիր ունեն, որովհետեւ հիմա շատ բարդ տնտեսական եւ գեոպոլիտիկ վիճակում են: Իսկ Թրամփի ադմինիստրացիան պատրաստվում է շատ լուրջ, սենսացիոն, մերկացնող բացահայտումներ անել Բայդենի ադմինիստրացիայի վերաբերյալ, եւ ամերիկացիների մոտ ընթանում է ներքին ու բավականին բարդ ներքաղաքական պայքար: «Դրա համար Թրամփին անհրաժեշտ են աղմկոտ արտաքին քաղաքական հաղթանակներ՝ իր դիրքն ամրացնելու համար, եւ այս պարագայում Պուտինը հանդես է գալիս որպես լրջագույն գործընկեր Թրամփի համար: Եվ դրան ի պատասխան, ամերիկացիները գնում են ընդհանուր հետաքրքրությունների որոշման ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի հարցն արդեն որոշված է, եւ, հավանաբար, պատերազմը կավարտվի այս տարի»,- ենթադրում է Տարասովը:
Տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե Մոսկվայում դեռեւս չեն որոշել` ուզում են Ուկրաինայի ամբո՞ղջ տարածքը վերցնել իրենց վերահսկողության տակ, թե՞ միայն արեւմտյան հատվածը, որովհետեւ, եթե ամբողջ Ուկրաինան անցնի Ռուսաստանի վերահսկողության տակ, դա Արեւմուտքում կդիտարկվի որպես Պուտինի հաղթանակ: Իսկ նրանց պետք է ինչ-որ կոմպրոմիսային որոշում: «Իզուր չէ, որ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանն այլեւս ագրեսոր չէ: Նրանք արգելափակեցին բանաձեւը, հայտարարեցին, որ պատերազմի հրահրման մեջ մեղավոր է ադմինիստրացիան, եւ, հետեւաբար, կարող են ադմինիստրացիան հայտարարել հանցավոր, իսկ որոշ լիդերների մասով, ինչպես FBI-ն է հայտարարել, բացահայտող մերկացումներ են լինելու»,- ասաց Տարասովը:
Այս պարագայում Ռուսաստանը մաքուր է դուրս գալու, իսկ երկրորդ հանգամանքն այն է, թե Ուկրաինայի մասով ինչ է որոշվելու։ Չնայած Տարասովը կարծում է, որ Ուկրաինայի ճակատագիրն արդեն որոշված է՝ իշխանությունը միանշանակ փոխվելու է, սակայն գեոպոլիտիկ սահմանները դեռեւս հստակեցված չեն, թեեւ դրանք տեխնիկական հարցեր են։ Սակայն ամենագլխավորն այն է, որ Թրամփի ու Պուտինի հանդիպումը պետք է տեղի ունենա մինչեւ փետրվարի 28-ը: «Խնդիրն այն է, որ փետրվարի 28-ին Ռամադանն է մեկնարկում, իսկ հանդիպումն Էր-Ռիյադում է նախատեսված, կարծում եմ՝ մինչեւ Ռամադանը կանցկացնեն այդ ֆորումը, ու, ամենայն հավանականությամբ, կողմերը կսկսեն ինչ-որ փաստաթուղթ պատրաստել ստորագրման համար, ոչ թե միայն հանդիպել ու խոսել»,- ասաց Տարասովը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: