ՀԱՐՑ. Վերջերս մի խանութում հետաքրքիր դեպքի ականատես եղա. էլեկտրաէներգիան անջատվեց, բայց քանի որ գնորդները շատ էին, վաճառողուհին սկսեց մարդկանց սպասարկել առանց ՀԴՄ կտրոն տալու: Էլեկտրաէներգիա չլինելու դեպքում վաճառողուհին իրավունք ունի՞ աշխատեցնել խանութը:
Քրիստինե Սարգսյան, 30 տարեկան, բանասեր
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն կառավարությանն առընթեր ստանդարտացման չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության 15.07.1998թ. Հայաստանում կիրառման համար թույլատրվող հսկիչ դրամարկղային մեքենաների ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջների հաստատման մասին թիվ 25/1 հրամանով հաստատված թիվ 1 հավելված 32-րդ կետի` հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվում է առանց վերալիցքավորման մինչեւ 16-ժամյա անխափան աշխատանքի ապահովման համար էլեկտրամարտկոցների պարտադիր առկայության պահանջ, որը պահպանում է ՀԴՄ աշխատունակությունն էլեկտրացանցի վթարային անջատումներից հետո: Համաձայն ՀՀ կառավարության 26.08.2004թ-ի հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին 13/28-Ն որոշման 19-րդ կետի` պատասխանատու անձը պարտավոր է ՀԴՄ-ի միջոցով տպել եւ գումարը ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին տրամադրել դրամարկղային կտրոն: Այսինքն` համաձայն այդ ստանդարտացման որոշման` բոլոր ՀԴՄ կտրոնները պետք է այդ տեխնիկական պահանջներին բավարարեն եւ ունենան 16-ժամյա անխափան աշխատանք, եթե նույնիսկ էլեկտրաէներգիան անջատվի:
Նշենք նաեւ, որ 2011թ. հուլիսից 060 54 44 44 հեռախոսահամարով գործում է ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնը, որտեղ մեր համաքաղաքացիները կարող են ստանալ հարկային եւ մաքսային ոլորտներին վերաբերող իրենց բոլոր հարցերի պատասխանները, ներկայացնել առաջարկություններ:
հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ է, որ տվյալ դեպքում վաճառողուհին, ստեղծված խառնաշփոթից օգտվելով, որոշել է հրաժարվել կտրոն տրամադրելուց` դրանով իսկ կատարելով իր շեֆի հրամանը: Հոսանքի բացակայությունը ցանկացած պարագայում ՀԴՄ չտրամադրելու պատճառ չի կարող դառնալ, քանի որ բազմիցս նկատած կլինեք, որ բացօթյա վաճառակետերում նույնպես տեղադրված են այդ սարքերից, իսկ նման կետերն էլեկտրաէներգիայի սնուցման աղբյուրներ չունեն: Այսինքն` աշխատում են լիցքավորված մարտկոցներով: