
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նոր Սահմանադրություն ընդունելու համար հանրաքվե պետք է անցկացվի։
-Տիկի՛ն Մկրտչյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է հանրաքվե անցկացվի նոր Սահմանադրություն ընդունելու համար։ Վարչապետը նշեց. «Գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
-Հանրապետության արժեքային եւ նպատակային սուբյեկտայնությունը կասկած չի կարող հարուցել որեւէ գիտակից հայի համար, բացի, բնականաբար, Նիկոլից, որովհետեւ իր համար դա ոչ թե մտածելակերպ է, կամ կարծիքի շրջանակներում է տեղավորվում, այլ Ալիեւի եւ Էրդողանի հանձնարարությունն է։ Մի ժամանակ «հատուկ կապ» ունեին, հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ ինքը գլուխ էր գովում, որ Ալիեւի հետ կապ ունի, շփվում է. հիմա Ալիեւին տրված խոստումներն այլեւս չեն բավարարում Ալիեւին։ Ինչպես իր խորհրդարանը հայտարարեց, իրենք հայ ժողովրդին են ուզում ծնկի բերել, եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ՝ այդ տողերի մեջ հենց այս իրականությունն է։ Հիմա Ալիեւն արդեն Նիկոլին պարտադրում է հայ ժողովրդին ծնկի բերել, նվաստացնել, ծաղրել արժեքները, Սահմանադրությունը, այն պետականությունը, որը երեսուն տարի դժվարությունների միջով կերտվել է։
Հիմա նա ուզում է ցույց տալ, որ մեկ ուղիղ եթերի ժամանակ կարող է ամբողջությամբ քարուքանդ անել այն գաղափարական հենքը, որ կա Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար մենք ունենք մեկ պրոբլեմ. պիտի Նիկոլ Փաշինյանը չլինի իր այդ պրոբլեմներով, իր լեգիտիմության խնդիրներով։ Ցավալի է, բայց այս իրականությունը մեզանում տեղ է գտնում այն փաստի ուժով, որ մենք մինչեւ հիմա չենք կարողացել դավաճան Նիկոլից ազատվել։
Տպավորություն է, թե ի՞նչը կարող է Նիկոլ Փաշինյանին Սահմանադրության մեջ խանգարել, որը չկարողանա լուծել իր 70-ից ավելի ուսապարկերի միջոցով։ Չէ՞ որ Փաշինյանին, օրինակ, պետք էր զավթել Սահմանադրական դատարանը, եւ նա չնայեց, որ սահմանադրական փոփոխություններ են պետք։ Այնտեղ իրենք իրենցով հավաքվեցին, 2 ժամում «կնոպկաները» սեղմեցին եւ անցան առաջ։ Նշանակում է, որ ամենեւին էլ Սահմանադրության ինչ-որ դրույթների, հոդվածների շարադրանքի մասին չէ խնդիրը, այլ այն, որ Նիկոլի առաջ խնդիր է դրված՝ Անկախության հռչակագիրը. հայ ժողովրդի հավաքական կամքը դեպի անկախություն, ինքնիշխանություն, որն ընդունվել է, պետք է կոտրեն, վերացնեն, իսկ դա կարելի է անել միայն հայ ժողովրդին ծնկի բերելով։ Իր ուղիղ եթերը դրա մասին էր։
-Իսկ ի՞նչ եք կարծում անկախության հռչակագիրը եւս փոփոխության կենթարկվի՞, քանի որ նրանց նպատակը դա էր, որ Սահմանադրությունը ամբողջությամբ փոխեն, ոչ թե մի քանի հոդվածներ։
-Անկախության հռչակագիրը փոփոխության ենթարկվել չի կարող, եթե կա անկախության հռչակագիր, ուրեմն կա Երրորդ Հանրապետություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը այդ Երրորդ Հանրապետության իրավական բազան ուզում է վերացնել, որովհետեւ Էրդողանն ու Ալիեւը այդ Երրորդ Հանրապետության ոչ թե սահմանադրությունն են ուզում փոխել, այլ դրա չգոյությունն են ուզում կազմակերպել, հետեւաբար Նիկոլը ստանձնել է Երրորդ Հանրապետության քայքայման գործընթացը։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ ԱՄՈԹԱԼԻ Է
Մենք ներկայացրել ենք խաղաղության համաձայնագրի վերջին տարբերակը, ընդամենը երկու պակասող գլուխ է մնացել, մենք մեր տեսակետներն ենք այս գլուխների շուրջ ներկայացրել, դեռեւս չենք ստացել արձագանք ադրբեջանցիների կողմից: Այս մասին, Երեւանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Ինչ վերաբերում է մեր «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, այստեղ նորից մենք պետք է լսենք ադրբեջանական կողմի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:
Սահմանազատման սահմանագծման հետ կապված առաջին համաձայնագիրն անցյալ տարի է կնքվել եւ վավերացվել, մենք սկսել ենք դա իրականացնել։ Դուք գիտեք, որ սահմանագծումն ու սահմանազատումը ամենազգայուն թեմաներից մեկն է մեր օրակարգում, մեր հարեւանի հետ բանակցությունների շրջանակներում: Մենք հույս ունենք, որ կունենանք դրական դինամիկա: Բաքվից հնչող հռետորաբանությունն այդքան էլ զարմացնող ուղերձներ մեզ չի ուղարկում, ամեն անգամ նրանք վտանգավոր սպառնալից ուղերձներ են ուղարկում: Մեր գերիները շարունակում են այնտեղ մնալ, ինչն ամոթալի գործընթաց է Բաքվի համար:
Մենք խնդրում ենք, որ մեր բոլոր գործընկերներին ներգրավեն այն ջանքերի մեջ, որը մենք խաղաղության համար ենք ներդնում եւ շնորհակալ ենք Եվրամիությանը, բայց ԵՄ միջնորդական ձեւաչափը հիմա չի գործում: Մենք խոսել ենք նոր նախագահի ներգրավման մասին եւ ակնկալում ենք նրա այցը շատ մոտ ժամանակում, որ նա կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, որպեսզի այս գործընթացում մենք ունենանք առաջընթաց եւ հաստատենք խաղաղություն: Նույն մոտեցումն ունենք Թուրքիայի հետ կապված, մենք շատ ջանքեր ենք գործադրել նորմալիզացնելու համար մեր հարաբերությունները: Քաղաքական երկխոսությունը տարվում է արտգործնախարարների, նախագահի եւ վարչապետի մակարդակներով, բայց շատ համաձայնագրեր դեռեւս չեն իրականացվել։
Խոսքը դիվանագիտական անձանց, երրորդ երկրների քաղաքացիների՝ սահմանն անցնելու հնարավորության մասին է, բայց ես չեմ կարող կոնկրետ առաջընթաց արձանագրել այդ մասով», – ասել է նա։