ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց` արդյոք համաձայն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն գնահատականին, թե ընդդիմության ճնշման հետևանքով եղավ վարչապետւ հրաժարականը, պրն Սահակյանը բացասաբար պատասխանեց` հիմնավորելով. «Այն քայլերը, որոնք եղան մինչև ապրիլի 28-ը ՝ վկայում են ճիշտ հակառակը: Այսինքն` ցանկանում են լինել այն կարգավիճակում ու այնքան ուժեղ, որ ճնշումներով ինչ-որ քայլեր իրականացնել: Պետք է հիասթափեցնեմ և ասեմ` նման բան չկա»:
-Բայց եթե ընդդիմության ճնշման հետևանքով չեղավ կառավարության հրաժարականը, ապա համաձա՞յն եք, որ դա եղավ ինչ-որ հասարակական ակտիվության շնորհիվ:
-Մի դիտարկում անեմ: Փորձ է արվում նսեմացնել «Դեմ եմ» քաղաքացիական ակտիվիստների գործողությունները: Հարցազրույցում ասվում է`ակտիվիստները վարչապետի հրաժարականի պահանջ չէին դրել, այլ կենսաթոշակային օրենքում փոփոխություններ անել: Ի պատիվ այդ ակտիվիստների` նրանք չմտան քաղաքական գործընթացների ու խաղերի մեջ, այլ պահեցին քաղաքացիական հասարակության պահվածքը:
-Լևոն Տեր-Պետրոսյանն «հրաշալի քառյակին» հետագա գործողությունների պլան է առաջարկել: Եթե ընդդիմադիր ուժերը հետևեն սրան, չեք կարծում, որ իշխանությունը լուրջ խնդիրներ կունենա:
-Նախ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց քայլ անել, որով «հրաշալի քառյակին» կփորձեր ենթագիտակցաբար կառավարեր: Այսինքն` որևէ մեկը եթե կոալիցիոն սկզբունքով կառավարությանը մաս կազմելուն կամ ծրագրերին կհամաձայներ, արդեն ընդդիմության քննադատությունների տակ կլիներ:
Երկրորդ` Լևոն Տեր-Պետրոսյանն աննուղղակի և ուղղակի գնահատական հնչեցրեց մեր կատարած քայլերին` մասնավորապես Մաքսային միության անդամակցելու սեպտեմբերի 3-ի հայտարարությունը համարեց անշրջելի ու ամենակարևոր գործընթաց` արդարացնելով, որ սա միակ ուղին է: Մենք տեսանք, որ մենք արտաքին քաղաքականության մեջ որևէ խնդիր չունենք:Այն բառապաշարը, որով նա բնութագրում է Սերժ Սարգսյանին, հազիվ թե որևէ ՀՀԿ-ական գտնվեր, որ նման բառապաշարով արտահայտվեր (նկատի ունի դրական առումով-խմբ.):
-Այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի գովքն է արե՞լ:
-Ես որ կարդացի հարցազրույցը, նման տպավորությունը ստացա: Չեմ կարծում, որ քննադատություն կար, ավելի շատ անուղղակի կոչ կար, այն է` պրն նախագահ, էդ կառավարությունը ձևավորելիս մեր մի երկու հոգուն էլ նկատի ունեցեք, մենք էլ մեզ մի քիչ թանկ կծախենք, բայց մեզ էլ նկատի ունեցեք: Հիմա պետք է տեսնենք` նկատի կունենան, թե չէ:
-Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը երկու ուժի` ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին, արդեն հրավիրել է հանդիպման, չի՞ նշանակում արդյոք,որ նոր կառավարությունը միգուցե ձևավորվի ազգային համաձայնության սկզբունքով:
-Մենք չպետք է մոռանանք մեր երկրի սահմանադրությունը` երկրի վարչապետ նշանակում են քաղաքական ուժերի հետ խորհրդակցության հետևանքով: Իսկ ազգային համաձայնության կառավարության մասին հնչեցնում եմ իմ անձնական տեսակետը` կարծում եմ մեր պետության համար լավ կլինի ծրագրային դրույթի ու ազգային գաղափարախոսության համագործակցություն, թե պաշտոնակռիվը թողնում ենք մի կողմ:
ՀՀԿ-ն, ի դեմս ՀՀԿ կուսակցության ղեկավարի, ունենալով բացարձակ մեծամասնություն, կարող է ձևավորել միանձյա կառավարություն, բայց գնում ենք կոալիցիոն սկզբունքով կառավարման, քանի որ այս դեպքում ավելի շատ քաղաքական ուժեր ազնիվ ձևով կվերցնեն պատասխանատվություն իրենց վրա և կփորձեն ինչ-որ փուշ հանել ժողովրդի մատից:
Սոնա Դավթյան