754 հազար 839 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել 69.000-ը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025-ի հունվար ամսվա ընթացքում Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվը 754 հազար 839 է, որոնք 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ: Սակայն, 782 հազար հայտարարատուներից այժմ հայտարարագիր են ներկայացրել միայն 69 հազար 813 անձ:
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից։

«2025 թվականի մարտի 2-ը ներառյալ 69, 813 ֆիզիկական անձ հարկային մարմին է ներկայացրել եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկներ՝ հայտարարագիր, որոնցից 59 հազար 156-ը ֆիզիկական անձի՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար, իսկ 10, 657 ֆիզիկական անձ 2024 թվականի հաշվետու տարվա համար»,- ասված է ՊԵԿ-ի պատասխանում։
Այսինքն, իշխանության օրակարգային լոզունգ դարձած համընդհանուր հայտարարագրման գործընթացը, որը 2025 թվականի հունվարի 1-ից պարտադիր է բոլորի համար, լրացրել է դեռ ընդամենը 10 հազար 657 անձ։
Հարկ է նշել, որ փետրվարի 10-ի դրությամբ հայտարարագիր էր ներկայացրել 59 հազար 052 ֆիզիկական անձ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 5 հազար 766 ֆիզիկական անձ։
Այսինքն, գրեթե մեկ ամսվա ընթացքում 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր է ներկայացրել 104 անձ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 4 հազար 891 անձ։
Եթե իշխանությունների համար սա լավ ցուցանիշ է, ապա այս տեմպերով մինչև նոյեմբերի 1-ը դժվար թե պահանջվող քանակի հայտարարագրեր լրացվեն։
ՊԵԿ-ից նաև հայտնել են, որ մինչև 2025 թվականի մարտի 2-ը ներառյալ սոցիալական կրեդիտների մասով պետական բյուջեից փոխհատուցված գումարները կազմել են 668 մլն դրամ, որից 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 347 մլն դրամ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 321 մլն դրամ։
Բայց անգամ այդ կրեդիտների «կաշառքի գործարք» որակված առաջարկը չի ոգևորում քաղաքացիներին հայտարարագիր լրացնել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս