ԱՆՍԱՀՄԱՆԱԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին լրացավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի  վեցերորդ տարելիցը: Այո՛, տարելիցը, քանի որ անկախ Սահմանադրական փոփոխությունների  էությունից` դրանց անցկացման բուն գործընթացը տեղի ունեցավ աննախադեպ  կեղծիքներով: Ըստ էության` 2005թ. նոյեմբերի 27-ի Սահմանադրական  փոփոխությունների հանրաքվեն ՀՀ քաղաքացիների կամքի ամենազանգվածային եւ տոտալ կեղծումն էր: Ո՛չ 1996թ., ո՛չ 1998թ., ո՛չ  2003թ., ո՛չ էլ անգամ 2008թ. նախագահական ընտրությունները, առավել եւս ո՛չ էլ մինչ օրս եղած բոլոր խորհրդարանական ընտրությունները չեն անցկացվել ժողովրդի կամքի նման համատարած բռնաբարման պայմաններում: Ընդ որում, մինչ այդ եղած բոլոր  համապետական ընտրական գործընթացներից ամենանվազ մասնակցելիություն ունեցած հանրաքվեի հայտարարված պաշտոնական արդյունքներն ապշեցրել էին անգամ կեղծարարության գործընթացի պարագլուխներին: Այն դեպքում, երբ  ընդդիմությունը կանխատեսում էր, որ Սահմանադրական փոփոխությունները չեն ստանա անգամ անհրաժեշտ 800 հազար քվեն, Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի հեռուն գնաց` հրահանգելով ԿԸՀ-ին հայտարարել, թե հանրաքվեին մասնակցել է մոտ 1,4 միլիոն մարդ, որոնցից 93.3 տոկոսը կողմ է քվեարկել: Սա աննախադեպ քաղաքական ցինիզմ էր, քանի որ բոլորը գիտեին, որ հանրաքվեին գրեթե մարդ չի մասնակցել: Այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը դա բավական հեշտ մարսեց: Հանրաքվեի կեղծված լինելու մասին ժամանակի ընդդիմադիր ուժերը մեկ-երկու ասուլիս հրավիրեցին, մեկ-երկու զեկույց գրեցին, եւ հարցն այդպիսով փակվեց:
Եվ հիմա հետընթաց հայացքով փորձելով գնահատել այդ ամենի պատճառը` բախվում ենք հետեւյալ հարցին. ինչո՞ւ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը լրջորեն չընդդիմացավ այդ համազգային կեղծիքին: Եթե ոմանք կարող են ասել, որ այդ ժամանակ ընդդիմությունը թույլ էր կամ ռեժիմը շատ ուժեղ, ապա դա միանշանակ այդպես չէ. երկուսն էլ գրեթե նույն մակարդակին էին, ինչ այսօր: Իրականում պատճառն այն էր, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կեղծումն առնչվում էր համապետական եւ ոչ թե կոնկրետ որեւէ քաղաքական ուժի շահերին: Իսկ մեզանում, ինչպես գիտեք, պետական շահն անտեր է, կարեւոր են եւ գերակա հատվածային` նեղ կուսակցական շահերը: Ու եթե օրինակ  Վազգեն Մանուկյանն արդեն տասնչորս տարի շարունակ կարող է աղաղակել 1996թ. կեղծված ընտրությունների մասին, ապա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կեղծումը նրան առանձնապես չի հուզել եւ, բնականաբար, չի էլ հուզելու: Նույնը կարելի է ասել նաեւ ՀՅԴ-ի կամ ՀԱԿ-ի մասին: Սակայն այստեղ բացի նեղ քաղաքական շահից, առկա է նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք` մեզ համար Սահմանադրություն ասվածն ընդամենը մի օրենք է, որը մշտապես կարելի է խախտել եւ մնալ անպատիժ: Ուրեմն արժե՞ այդքան ուշադրություն դարձնել ոչինչ չնշանակող  Սահմանադրության հանրաքվեին, եթե միեւնույն է, այն ցանկացած տեսքով խախտվել է, խախտվում է, եւ ցավոք, խախտվելու է:




Լրահոս