
Այսօր 20-րդ դարի նշանավոր արտիստ, հայ ծաղրածու, կրկեսի դերասան, գրող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է։
Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում, հայազգի խոհարար Գեորգի Ենգիբարովի (եղել է «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարը) և ռուս Անտոնինա Անդրիանովնայի ընտանիքում։ Դա եղել է Գեորգի Ենգիբարովի երրորդ ամուսնությունը․ Լեոնիդը ունեցել է երկու ավագ եղբայր (հոր նախորդ երկու ամուսնություններից)՝ Միխայիլը, որը հայտնի քանդակագործ է դարձել Օդեսայում, և Հրաչյան (Ղափլանյան), որը հետագայում դարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Գրեթե ամբողջ կյանքում Լեոնիդ Ենգիբարյանն ապրել է Մարյինա Ռոշչայում գտնվող մեկհարկանի հին փայտե տանը։
1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։ 1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես»։
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։
ArmLur.am-ը ներկայացնում է Լեոնիդ Ենգիբարյանի հայտնի մտքերը։
1․ Ես հոռետես անձնավորություն չեմ, սակայն երբեմն ինձ շատ տխուր եմ զգում: Իհարկե, տխրությունը հուսահատության հետ ոչ մի ընդհանրությոն չունի: Ավելին ասեմ՝ իմ կարծիքով չափից շատ կայտառությունը հիմարության նշան է:
2․ Հենց այնպես մարդուն պետք չէ վիրավորել, քանի որ դա շատ, շատ վտանգավոր է: Իսկ եթե նա Մոցա՞րտն է, և դեռ չի հասցրել ոչինչ ստեղծել, անգամ չի գրել իր «Թուրքական երթը»: Դուք կվիրավորեք նրան, և նա ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, չի գրի մյուսը, և աշխարհում ավելի քիչ գեղեցիկ երաժշտություն կլինի, ավելի քիչ լուսավոր մտքեր, և հետևաբար, ավելի քիչ լավ մարդիկ կլինեն:
3․ Նրանք, ում սիրում են, արտասովոր են դառնում:
4․ Մեծ քաղաքում ծաղիկներ նվիրելը շատ դժվար գործ է:
5․ Նպատակս և երջանկությունս սերտ կապված են, բայց ես չեմ հավատում երջանիկ ավարտին, ես հավատում եմ երջանիկ ընթացքին:
Աննա Սրապիոնյան