Փաստը, որ Ցեղասպանության մասին բանաձևն առաջին անգամ անցնում է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում, բայց ոչ` Ներկայացուցիչների պալատում, շատ կարևոր է: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը` միաժամանակ զարմանք հայտնելով, որ կատարվածի առնչությամբ Թուրքիան այս անգամ աղմուկ չբարձրացրեց:
«Կարևոր հանգամանք է նաև ձայների բաշխումը: Ընդհանարապես, նման բանաձևերն անցնում են հազիվ 1-2 ձայնի առավելությամբ: Այս անգամ «կողմ» արտահայտվածների թիվը զգալի մեծ էր: Սա նշան է այն բանի, որ ԱՄՆ-ում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին առնչվող գործընթացները: Թե ամերիկահայ կազմակերպությունները, թե հայամետ ամերիկացիները և թե ՀՀ իշխանություններն սկսել են այս ուղղությամբ աշխատանքներ տանել»,-նշեց Կայծ Մինասյանը:
Ֆրանսահայ գործիչը բանաձևի ընդունման հարցում վճռորոշ համարեց նաև այս տարի ԱՄՆ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
«Կոնգրեսի պատգամավորները վերընտրվելու մեծ ցանկություն ունեն, իսկ Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը շրջանառության մեջ դնելն այս գործում նրանց շատ կօգնի: Երկրորդ, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև բավական կան խնդիրներ: ԱՄՆ այսօր ավելի մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանին, քանի որ խնդիրներ ունի Ռուսաստանի հետ»,- նշեց Մինասյանը:
Ամփոփելով` Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետը դժվարացավ ասել` ԱՄՆ նախաձեռնությունը ավարտին հասցնելու քաղաքական կամք կունենա, թե ոչ:
«Թուրքերը, վստահաբար, պատասխան քայլի են նախապատրաստվում: Նրանք անելու են ամեն ինչ, որպեսզի հայամետ բանաձևը չանցնի»,- ասաց կայծ Մինասյնաը:
Հիշեցնենք` վերջին 25 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։ Հիշեցնենք նաև, որ բանաձևն ընդունվել է 12 կողմ, 5 դեմ ձայներով։
Անի Ղազարյան