ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ես դիմում եմ որեւէ բանկի`վարկ ստանալու համար, ներկայացնում եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բայց բանկն ինձ մերժում է, ես կարո՞ղ եմ դատի տալ բանկին, եւ ընդհանրապես, ի՞նչ ձեւով կարող եմ պատժել բանկին` իմ բանկային կենսագրությունը խեղաթյուրելու համար: Իմ կարծիքով` ես պարտաճանաչ վարկառու կլինեմ:

Կարինե Զաքարյան, 38 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկ տրամադրելը կամ չտրամադրելը բանկերի իրավունքն է: Բանկը` որպես այդպիսին, ներգրավում է միջոցներ քաղաքացիներից ավանդի տեսքով եւ տեղաբաշխում դրանք իր սեփական ռիսկով, ուստի յուրաքանչյուր բանկ վարկ տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելիս գնահատում է մի շարք չափանիշներ: Անգամ եթե քաղաքացու կողմից ներկայացվել են բանկի կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերը, վարկի տրամադրումը կարող է մերժվել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է նույնիսկ բանկի իրավունքը` վարկային պայմանագիրը կնքելուց հետո հրաժարվել վարկը տրամադրելուց, եթե առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են, որ վարկառուին տրամադրված գումարը ժամկետում չի վերադարձվի: Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ վարկի տրամադրումը մերժելու մասին բանկի որոշումը պետք է լինի գրավոր եւ պատճառաբանված:
Ինչ վերաբերում է հաճախորդի մտավախությանը` կապված բանկի կողմից «բանկային կենսագրությունը խեղաթյուրելու» հետ, ապա պետք է նշել, որ երբ քաղաքացու վարկային դիմումը մերժվում է, դա չի ազդում վերջինիս վարկային պատմության վրա, վարկային պատմությունը ձեւավորվում է փաստացի տրամադրված վարկերից, դրանց գծով կատարված մարումներից:

Ֆինանսական համակարգի հաշտարարի  գրասենյակի պահանջներն ընդունող եւ քննող խմբի ղեկավար Հրանուշ Աղայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բանկի լիազորությունները ոչ մի կերպ չես համեմատի քաղաքացու իրավունքների հետ: Իհարկե, ֆինանսներ տրամադրող կառույցն իր շահերն ունի, եւ պարզ է, որ ներգրավված ավանդները վարկերի տեսքով պետք է մարդկանց տրամադրվեն: Սակայն հաշվի առնելով, որ բանկերն ավելի քան խուսափում են անգամ ամենափոքր ռիսկերից, նշենք, որ մարդկանց շրջանում անվստահությունը բանկերի նկատմամբ հենց դրանից էլ առաջանում է:




Լրահոս