Երևանում կաթսայատներն արագորեն օտարվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաք Երևանի չշահագործվող կաթսայատները, որոնք աստիճանաբար վերածվում են բազմահարկ շենքերի,  առաջացնում են էկոլոգիական մեծ ռիսկեր:Մասնագետներն ահազանգում են, որ երկրաշարժի դեպքում չափազանց խիտ կառուցապատման  պատճառով Երևանին մեծ վտանգ է սպառնում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ առկա են Երևան համայնքի սեփականություն հանդիսացող թվով 117 կաթսայատներ, որոնք ներկայացված են աճուրդի:Իսկ մինչ այս պահը օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող թվով 182 կաթսայատներ:

Նշենք, որ գործող կարգը հաշվի առնելով` համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, այդ թվում նաև կաթսայատները, հիմնականում օտարվում են աճուրդով: Սակայն այս պահի դրությամբ քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները չեն կարող կանխատեսել, թե 2014թ. ընթացքում  քանի կաթսայատուն է օտարվելու:

Ամեն դեպքում, անհասկանալի է, թե քաղաքապետարանն ինչու է շտապողականություն դրսևորում մայրաքաղաքի չգործող կաթսայատներն օտարելու հարցում: Ինքնին հասկանալի է, որ այդ կաթսայատների տարածքները ձեռք բերողները գայթակղվում են հետագայում այդ տարածքներում բազմահարկ շենքեր կառուցելու հնարավորությամբ:Էլ չասած, որ շատ դեպքերում   նման շինթույլտվությունները տրվում են  կաթսայատների աճուրդին գրեթե զուգահեռ:

Երկրաբան Ռուբեն Յադոյանը համոզված է, որ կաթսայատան փոխարեն բազմահարկ շենք կառուցելու համար նախ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել:

«Ես շատ եմ կասկածում, որովհետև այսօր ոչինչ չի ուսումնասիրվում: Բոլոր նոր կառուցվող կառույցների հիմքերը չեն ուսումնասիրվում. հիմքերի ինժեներաերկրաբանական կառուցվածքը, նրանց կրողունակությունը, ինչ ապարներ են այնտեղ, ինչ է սպասվում հետագայում, այ այսպիսի հարցեր կան: Ինչի համար էլ այդ շենքերը վտանգավոր են և շահագործման ժամանակ ամեն ինչ կարող է պատահել՚:

«Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները խորությամբ չեն ուսումնասիրել տեղանքը մինչև բազմահարկ շենքի համար շինթույլտվություն տալը, նա պատասխանեց. «Ուր է այնտեղ մասնագետ: Քաղաքապետարանում մասնագետ չկա, ով ինչ ուզում, այն անում է: Տեսեք, ես ապրում եմ Բաղրամյան փողոցում և այս տարածքում, որտեղ կա երեք դպրոց, հարևանությամբ երկու բարձրահարկ շենք է կառուցված, որն անթույլատրելի է: Չի կարելի: Անվտանգության ոչ մի նորմ պահպանված չէ, ուր մնաց քաղաքաշինական: Այնպես որ, քաղաքում նման խայտառակ շատ տեղանքներ կան, որոնց մասին  մշտապես բարձրաձայնել ենք:Բայց արձագանք չկ»՚:

Նրա կարծիքով՝ շենքերի կաթսայատների շահագործումը քաղաքացու ծախսերը նվազագույնի կարող է հասցնել:ՙԲացի այս, բոլոր քաղաքակիրթ երկրներում կենտրոնացված ջեռուցումը պարտադիր է:Իսկ մենք դեգրադացիա ենք ապրում:Այսօր, ով գումար ունի, իր տանն է կաթսայատուն կառուցում:Փոխարենն այս ձմեռ քաղաքացիների մեծ մասն ընկավ պարտքերի տակ. այ եթե կաթսայատունը շահագործվեր, ապա մարդկանց ծախսերը կկրճատվեին:Առաջ գնալու փոխարեն, մենք հակառակը` հետ ենք գնում՚,- զայրացած նկատեց Յադոյանը:

Իսկ մեկ այլ մասնագետի` բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով, շենքերի խտացումը բակերում անթույլատրելի է:Նա համոզված է, որ այս դեպքում կաճեն ե՛ւ էկոլոգիական, ե՛ւ սեյսմիկ ռիսկերը:Մինչդեռ կաթսայատան փոխարեն պետք է գոնե բակային տարածքները բարեկարգվեն:ՙԿաթսայատունը կառուցապատման համար օգտագործելը, հասկանում եմ, որ քաղաքին գումար է բերում, բայց դրա հետ մեկտեղ բերելու է նաև էկոլոգիական մեծ ռիսկեր՚,- նկատեց տիկին Դանիելյանը:

Հասարակական էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նույնպես համաձայն է երկրաբան Ռուբեն Յադոյանի հետ. կաթսայատան շահագործումն ավելի էժան տարբերակ կլիներ քաղաքացիների համար:Նա զարմացած է, թե ինչու համապատասխան ոլորտի մեր պաշտոնյաները չեն փորձում այս հարցը լուծել և կաթսայատները վերանորոգել:Փոխարենը  նրանք հակառակն են անում` օտարելով կաթսայատները:ՙԵթե մենք փորձեինք այս կաթսայատները վերականգնել, այլ ոչ թե տեղում շենքեր կառուցել ու հակասեյսմիկ վիճակ ստեղծել, ապա մենք շատ ավելի կշահեինք:Քանի որ փորձը ցույց է տալիս՝ որտեղ կենտրոնացված կաթսայատներ կան, բոլոր այդ շինությունները լավ են ջեռուցվում և քիչ գումար են ծախսում:Դա սարսափելի է, երբ մարդը պատուհանը բացում է ու դուրս է գալիս ուրիշի պատուհանի դիմաց:Այսինքն՝ մարդը չի կարողանում իր սեփական տանը հանգստանալ:Դա լուրջ է սթրեսի առումով՚,- մտահոգվեց նա` ընդգծելով, որ Երևանում քաղաքաշինական նորմերը չեն պահպանվում:

Հ.Գ. Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա փողոցի թիվ 10 և 12 շենքերի բնակիչները բողոքում էին, քանի որ իրենց՝ առանց այն էլ փոքր բակում չգործող կաթսայատան փոխարեն ՙԼարկո գրուպ՚ ՍՊԸ-ն բազմաֆունկցիոնալ շենք է կառուցում:Բնակիչները տևական ժամանակ պայքարեցին` պահանջելով դադարեցնել շինաշխատանքները, սակայն արդյունքում կաթսայատան տարածքում այսօր արագ տեմպերով կառուցվում է բազմահարկը:

Հավելենք, որ  բնակիչները դիմել են դատարան` շինարարությունը կասեցնելու պահանջով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս