Ավտոմեխանիկից վարչապետ՝ մի քայլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի դեպքում «Մխչյանի մուկ» մականունը շատ վաղուց բնորոշիչի նման մի բան է դարձել, որովհետեւ այս մականվան մեջ հայրենակիցներն ու քաղաքական որոշ շրջանակներ վիրավորական «նոտաներ» չեն տեսնում:

Ավելին, անգամ ինչ-որ փաղաքշական երանգ են դնում, կամ էլ այդպես բնութագրում այսօր արդեն Ազգային Ժողովի նախագահ, իսկ վաղը գուցեեւ երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս պաշտոնյան կարողացել է ընդամենը քսան տարվա ընթացքում ոչ միայն հասնել երկրորդ դեմքի պաշտոնին, այլեւ հռչակվել որպես Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը:

Հետաքրքիր շատ բան կա Հովիկ Աբրահամյանի կենսագրությունում: Օրինակ` ծնվել է 1958 թվականի հունվարի 24-ին Մխչյան գյուղում, ավարտել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ծառայել է խորհրդային բանակում: Երբ է ավարտել ու երբ է ծառայել, Հովիկ Արգամիչը չի գրել իր կենսագրության մեջ: Եթե հաշվարկենք, որ դպրոցն ավարտել է 1975 թվականին, նույն տարում ընդունվել ինստիտուտ, որն ավարտել է 1980 թվականին, ապա երկու տարով ծառայել բանակում, ստացվում է 1982 թվական:

Նա 1990 թվականին աշխատանքի է անցել Բուրաստանի կոնյակի գործարանում որպես բաժնի պետ: Իսկ որտե՞ղ է եղել թանկագին Հովիկ Աբրահամյանն այս ութը տարիների ընթացքում, ինչո՞վ է զբաղվել. ոչ մի տեղ նշում չկա: Մինչդեռ դժվար չէր պարզել, որ խնամքով «սրբագրելով» իր կենսագրությունը` Արգամիչը որեւէ տեղ չի նշել, որ հայրենի Մխչյան գյուղում աշխատել է որպես մեխանիկ ավտոտեխսպասարկման արտադրամասում: Այս հանգամանքն էլ ստիպում է կասկածի տակ առնել երկու փաստ. առաջին` ե՞րբ է նա ծառայել բանակում, երկրորդ` ե՞րբ է ավարտել ժողինստիտուտը…

Նրա պաշտոնական թռիչքը սկիզբ է առել 1991-ից, երբ նշանակվել է Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն, իսկ հետո չափազանց «հարմարավետ» գներով սեփականաշնորհել այն` այսպիսով առաջին քայլը կատարելով դեպի օլիգարխիան տանող ճանապարհին: 1995-ին, ոտքի հանելով եւ գործի դնելով իր շրջապատն ու ոստիկանությունը, թաղային «աքլորներին»` Հովիկ Աբրահամյանը դարձավ Ազգային Ժողովի պատգամավոր:

Իհարկե, այստեղ Աբրահամյանի կարիերայի «քավորը» դարձավ Դավիթ Զադոյանը: 1995-ին, կիրառելով նույն մեթոդները, Հովիկ Աբրահամյանը դարձավ նաեւ Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1996-ին նա արդեն քաղաքապետ էր կոչվում` աստիճանաբար մեծացնելով իր ունեցվածքի տիրույթները: Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության գալուց հետո Հովիկ Աբրահամյանի համար բացվեցին «երջանկության դռներն» ու 1998-ին նա դարձավ Արարատի մարզպետ: Քոչարյանն իր թիմն էր հավաքում փող ունեցող եւ թաղային հեղինակությունների վրա իրենց իշխանությունը հենող մարդկանցով, եւ Հովիկ Աբրահամյանն ամենահարմարներից էր:

Եւ երբ 2000-ին ձեւավորվեց նոր կառավարություն, Աբրահամյանը դարձավ տարածքային կառավարման եւ քաղաքաշինությունը համակարգող նախարար: Այդ ժամանակ արդեն նրան «մարզպետաց մարզպետ» էին կոչում, քանի որ մարզպետների եւ համայնքապետերի ահուսարսափն ու «սիրելին» էր: Երբ Քոչարյանը նախապատրաստվում էր ընտրությունների, ռեալ իշխանությունը Հովիկ Աբրահամյանի ձեռքում էր: Եկավ մի պահ, երբ Արգամիչը հասկացավ, որ վարչապետը սահմանափակում է իր լիազորությունները, սկսել է կաշկանդել իրեն, ուստի Քոչարյանին հասկացրեց, որ չի ուզում այլեւս սոսկ տարածքային կառավարման նախարար լինել, եւ Քոչարյանն էլ իր հավատարիմ Սանչո-Պանսային անմիջապես նոր լիազորություններ տվեց` վերադարձնելով ենթակառուցվածքների գործունեությունը համակարգողի գործառույթները:

2003-ի նախագահական ընտրությունները դարձան Հովիկ Աբրահամյանի «աստեղային ժամը». նա ոչ միայն իր նվիրվածությունը ցույց տվեց հարազատ նախագահին, այլեւ կիրառեց ընտրակեղծիքների բազմզան մեխանիզմներ: 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանը Աբրահամյանին նշանակեց փոխվարչապետ` այսպիսով հատուցելով նրան: Դրանից հետո արդեն Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակեց աշխատակազմի ղեկավար:

Ի՞նչն էր նման «անկման» պատճառը: Շատերը պնդում էին, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորելով Հանրապետականների ընտրարշավը, Արգամիչն, այնուհանդերձ, աշխատել էր «երկու պլանով»` ձայներ ապահովելով նաեւ իր խնամի Գագիկ Ծառուկյանի կուսակցության համար: Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն, իհարկե, Արգամիչի «հագով» չէր. նա սովոր էր մեծ «թափի» ու մեծ «գործերի»:

Եթե ժամանակին Արտաշես Թումանյանն ու Արմեն Գեւորգյանը, գլխավորելով աշխատակազմը, կարողացել էին «վերահսկել» «Լինսի» հիմնադրամի ֆինանսական մուտքերը, ապա այժմ այլեւս նման գումարներ չկային: Սա էր պատճառը, որ նա սկսեց «պալատական խարդավանքների» իր շարքը` երկրի նախագահին ու ՀՀԿ վերնախավին տրամադրելով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի դեմ: Եղբայր Ջոնիկը, որն իր մտավոր ընդունակություններով հայկական պառլամենտարիզմի «ամենաարտառոց» երեւույթներից մեկն է, հրաժարվեց մանդատից` այն զիջելով եղբորը, ով 2008-ի օգոստոսի 24-ին «ընտրվեց» պատգամավոր, սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվեց աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ սեպտեմբերի 29-ին դարձավ ԱԺ նախագահ…

Արգամիչն իր պաշտոնական-քաղաքական կապիտալի կողքին իսկապես շատ մեծ ֆինանսական կապիտալ է ձեռք բերել, որի ընդհանուր արժեքը կարող է անցնել մի քանի միլիարդ դոլարը: Այսպես, մինչ Հայաստանում բոլորը մտահոգված էին 1999-ի հոկտեմբերի 27-ի դատապարտմամբ ու բացահայտմամբ, Հովիկ Աբրահամյանը մասնակցում էր Արարատի ցեմենտի եւ Արտաշատի պահածոների գործարանների սեփականաշնորհման գործընթացներին: Պահածոների գործարանի սեփականատեր Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերում նաեւ ահռելի չափերի հասնող հողատարածքներ Արաքսի հովտում, որոնք ընդգրկված են Համաշխարհային բանկի ծրագրի մեջ:

Մշտապես կառավարելով օլիգարխների տարբեր «հաշիվներն» ու «ռազբորկաները»` Հովիկ Աբրահամյանը նաեւ մրցակցության մեջ էր մտել նրանց հետ` աստիճանաբար ձեռք բերելով Արաքսի հովտում գտնվող երեք ավազահանք, 1500 հա խաղողի այգիներ եւ հողատարածքներ Արտաշատում, Երեւանի տիրույթներից դուրս գտնվող ավելի քան 10 գազալցակայան, «Արարատ ցեմենտի» մեկ երրորդ մասնաբաժինը, Արտաշատին մերձ տարածքներում` երեք խաղասրահ, բենզալցակայաններ ողջ Հայաստանի տարածքում, հանգստյան տուն Ղրիմում, որը 2007 թվականին գնվել է 7 միլիոն դոլարով, Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, նույն Արտաշատում` մեխանիկական գործարան, «Գյուղշին»-ի թիվ 5 տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, հենց նույն Արտաշատի քաղաքային հյուրանոցն ու ռեստորանը, Մխչյանի մեխանիկական գործարանը, բետոնի գործարանը, Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում` 200 հա հողատարածք, 5 հա հող Ծաղկաձորում եւ Աղավնաձորում, Երեւանի Հանրապետության փողոցի վրա` երկու բազամահարկ շենք, բնակելի մեծ տուն Սեւանա լճի ափին, 2500 քմ տարածք մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգում, արտասահմանյան տասնյակ ավտոմեքենաներ…

Նա հիմա էլ մեծ ցանկություն ունի ձեռք բերելու մայրաքաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչվող հատվածը` այստեղ էլիտար բնակարանաշինությամբ զբաղվելու համար: Հովիկ Աբրահամյանն իշխանության մեջ համարվում է Քոչարյանի մարդը, Գագիկ Ծառուկյանի խնամին ու հավատարիմը, ով «աշխատում» է Սերժ Սարգսյանի մոտ` Կարեն Կարապետյանի քավորությամբ: Հիմա էլ Արգամիչը կամենում է իրականություն դարձնել իր վաղեմի երազանքն ու բազմել վարչապետի աթոռին:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ

«Ժողովուրդ օրաթերթ», հուլիս 15 2011թ.




Լրահոս