«Ես այսօր մի բախտացույց կազմեցի,-ասաց հայը, – եւ այնտեղ տեսա, որ այս երեկո ինձ հետ ինչ-որ արտակարգ բան է կատարվելու։ Սատուրնը տագնապալի դիրք է բռնել, Մարսը՝ չեզոք, իսկ Յուպիտերը իշխում է։ Լի Թայ Պո, դուք հուլիսի ծնունդ եք։
-Ես ծնվել եմ հուլիսի երկուսին, – պատասխանեց Քլինգզորը»։
Հերման Հեսսե «Քլինգզորի վերջին ամառը»
Ինչպես իր հայտնի պատմվածքում հայ գուշակի եւ Քլինգզորի երկխոսության մեջ ենք կարդում՝ 1877 թվականի այս օրը՝ հուլիսի 2-ին է ծնվել 20-րդ դարի լավագույն արձակագիրներից մեկը՝ Հերման Հեսսեն, ով հայտնի դարձավ գրականության մեջ իր յուրահատուկ փիլիսոփայական մոտեցմամբ, մարդու ու աշխարհի ներսը եւ դուրսը մեկնաբանելու ինքնատիպ կարողությամբ: ArmLur.-am-ը ներկայացնում է գերմանացի արձակագրի կյանքի եւ ստեղծագործական ուղու ուշարժան դրվագներից:
Հերման Հեսսեն ծնվել է գերմանացի միսիոներների ընտանիքում։ Նրա մայրը ծնունդով Հնդկաստանից էր, իսկ հայրը` Յոհան Հեսսեն, որոշ ժամանակ ապրել է Հնդկաստանում՝ որպես միսիոներ։ Այդ է պատճառը, որ Հեսսեն ամուր կապ է ունեցել Հնդկաստանի հետ եւ իր գրական ճանապարհին արեւելյան փիլիսոփայությունը մեծ հետք թողեց ու հետաքրիքր անդրադարձ ստացավ։
Դեռ փոքր տարիքից Հեսսեն գեներացրել է իր ունակությունները եւ հետաքրքրությունները։ Նա սիրել է կարդալ, նկարել է, նվագել է տարբեր երաժշտական գործիքներ, իսկ գրելու հմտությունները ի հայտ են եկել դեռեւս տասը տարեկանից։
Հեսսեն տարիներ շարունակ աշխատել է Գերմանիայի տարբեր գրախանութներում։ Եվ հենց 1895 թվականից սկսած՝ հրատարակել է իր առաջին ստեղծագործությունները։ Այդ ժամանակ նրան հաջողություն է բերել «Պիտեր Կամենզինդ» վեպը, որի հրատարակվելուց հետո է միայն Հեսսեն պայմանագիր կնքել հրատարակչության հետ։ Նա ակտիվ շփումների մեջ էր ժամանակի հայտնի գրողների՝ Թոմաս Մանի, Ստեֆան Ցվայգի, Մարիա Ռիլկեի հետ։
Լինելով պացիֆիզմի հետեւորդ՝ գրողն Առաջին աշխարհամարտի տարիներին միսիոներական աշխատանքներ էր կատարում։ Հենց այդ ժամանակ է նա հրատարակել է «Դեմիանը»՝ Էմիլ Զինքլեր կեղծանունով:
Հեսսեն սեփական «ես»-ի որոնումներով հաճախել է շվեյցարացի հայտնի հոգեվերլուծող Կառլ Յունգի հոգեբանական սեանսներին։
Նրա վերջին գրական մեծ աշխատանքը եղել է «Հուլունքախաղ» վեպը, որը գրել է շուրջ 11 տարի, եւ որը մինչեւ այսօր գրական ամենաակնառու, հետաքրքիր եւ դժվար մեկնաբանելի գրքերից է:
Հեսսեի ստեղծագործություններում հատկապես մեծ դեր է խաղում արվեստը։ «Տափաստանի գայլը» վեպի մեջ Հեսսեն խոսում է երաժշտության նվազման մասին, որը մարդկային բարբարոսության զոհն է դարձել։ Վեպում Մոցարտին փոխարինելու է եկել սաքսաֆոնահար Պաբլոն, ով ուրախացնում է այն լսարանին, ովքեր ի վիճակի չեն գնահատել բարձր արվեստը։
«Հուլունքախաղում» երաժշտությունը հայտնվում է արդեն որպես առեղծված, հատուկ կարգուկանոն, խաղի մի կաղապարված մաս։ Կյանքի ընթացքում հեղինակը մեղադրել է քաղաքականությանն ու պատերազմին անտարբերության մեջ, կենտրոնացել է ներքին փնտրտուքների վրա, մինջչդեռ շրջակայքում ամեն բան փոխվել ու զարգացել էր։
Գրականության մեջ թողած իր մեծ ավանդի համար 1946 թվականին Հեսսեն Նոբելյան մրցանակ ստացավ՝ «Գրական փայլուն ոճի եւ ոգեշնչող ստեղծագործությունների համար, որոնցում դրսեւորվում են հումանիստական դասական իդեալներ»։
Հետաքրքիր է, որ լինելով Արեւմտյան մշակույթի կրող՝ Հերման Հեսսեն նույնչափ տեղեկացված էր Արեւելյան մշակույթից ու ժողովուրդներից: Նրա պատմվածքներից երկուսում հիշատակվում են հայերը։
Առաջինը «Մասսագետների մոտ» պատմվածքն է, որը ենթադրաբար հայերի մասին է: Այս պատմվածքը թարգմանվել է նաեւ հայերեն: Այն «Ներսը եւ դուրսը» պատմվածաշարի մասն է կազմում: Պատմվածքում Հեսսեն սարկազմով խոսում է մի ազգի մասին, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Ներկայացնում է պատմական տվյալներ` հիշատակելով Հերոդոտոսին, Տոմիրիսին եւ քրիստոնեությունը։ Գրական դաշտում երբեմն մինչեւ օրս վիճում են, թե Հեսսեն ո՛ր ազգին կամ պետությանն է նկատի ունեցել:
Այն, որ Հեսսեն արդեն հստակորեն անդրադարձել է հայերին, հայտնի է նրա «Քլինգզորի վերջին ամառը» պատմվածքից: Այստեղ տեսնում ենք մի հայ մոգ-աստղագետի, ով Արեւմուտքի եւ Արեւելքի հաշտեցման, այլ կերպ ասած՝ մտքի ներդաշնակությունը հայտնաբերողի դերում է: Շատ հավանական է, որ Հեսսեն քաջածանոթ էր հայ ժողովրդին:
ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՋԱՋՈՒՌ
Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի նիստերի դահլիճից կտեղափոխվեն Ջաջուռում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունից, որմնանկարների տեղափոխման աշխատանքները սկսվել են գարնանը, եւ այդ նպատակով մշակվել է որմնանկարների՝ տեղում ապամոնտաժման, մասնատման, տեղափոխման եւ նոր վայրում վերականգնման սխեմատիկ նախագիծ: Որմնանկարների՝ Մինաս Ավետիսյան թանգարան տեղափոխումն ու վերականգնումը պայմանավորված է նշյալ գործերը հանրայնացնելու անհրաժեշտությամբ: Այն հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում՝ հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ, ինչպես նաեւ հանրության համար հնարավորություն կստեղծվի թանգարան այցելելով տեսնել որմնանկարները:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՌԻԹՄԵՐ
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ստրասբուրգ քաղաքում կայացել է ցուցադրություն՝ միավորելով հայ եւ ֆրանսիացի մասնագետների փորձը: Նախագծի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ՝ ներկայացնելով հայկական մշակույթն ու ինքնատիպությունը ֆրանսիական արվեստի նրբերանգների համադրությամբ։ Ցուցադրությունն ունեցել է ինչպես ստատիկ, այնպես էլ ոչ ստատիկ ձեւաչափ՝ ներգրավելով հանդիսատեսին նորարարական լուծումներով: Միջոցառումների ընթացքում ցուցադրվել են հագուստի գործեր, որոնք արտացոլում են ֆրանսիական մշակութային առանձնահատկությունները եւ ժամանակակից հայկական ոճաբանությունը։ «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը խորհրդանշում է Շառլ Ազնավուրի արվեստի հնչյունային ու մշակութային ռիթմերը՝ որպես ոգեշնչման աղբյուր՝ միաժամանակ ընդգծելով ֆրանսիական մշակույթի ազդեցությունն ու ներդրումը համաշխարհային նորաձեւության եւ արվեստի զարգացման մեջ։ Ծրագիրը կիրականացվի նաեւ Չեխիայում, Հայաստանում եւ Վրաստանում: Ծրագիրն ուղղված է նորարարական լուծումների խթանմանը նորաձեւության ոլորտում, հայկական ժամանակակից նորաձեւության միջազգային ճանաչմանը եւ տարածմանը, ինչպես նաեւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվող ինքնազբաղ արվեստագետների աջակցությանը։























