«Դեմ եմ»-ը կերկխոսի՞ նորանշանակ վարչապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին  ժամը 18:30-ին տեղի է ունենալու «Դեմ եմ» նախաձեռնության ակցիան:

Թե որտե՞ղ է այն լինելու, «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը  armlur.am-ի հետ զրույցում փակագծերը չբացեց, միայն ասաց, որ  հաստատ կիմանանք` որտեղ այն կանցկացվի:

Դավիթ Մանուկյանը խոստանում է, որ ապրիլի 18-ի ակցիան անակնկալներ է մատուցելու իշխանություններին: Նախաձեռնության անդամը տեղեկացրեց, որ ակցիան արտոնված չէ, որևէ մեկին չեն իրազեկել, քանի որ դա հանրահավաք չէ:

-Մտավախություն չունե՞ք, որ իրավապահները, ինչպես նախորդ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ ակցիան արտոնված չէ, նման բան կհնչի նաև այս անգամ:

-Կախված է ակցիայի բնույթից, տեսակից: Այդ ամենը հաշվի առնված է: Համենայն դեպս, օրենքի դաշտում պիտի որ չառաջանան:

-Դավիթ, ի՞նչ սպասելիքներ ունի «Դեմ եմ» նախաձեռնությունը  ձևավորվելիք կառավարությունից իր բարձրացրած խնդրի առումով:

-Մեր սպասելիքները հանրային գիտակցված ուժեղ պահանջից են, իրենց իրավունքների համար պահանջատեր քաղաքացիներից, ոչ թե որևէ կառավարությունից: Եթե այդ պահանջի բարձրացումը երկարատև լինի ու անզիջում, ապա ցանկացած կառավարություն  ստիպված կլինի զիջելու:

-Նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ այդպես էլ երկխոսել չհաջողվեց, քանի որ ինչպես հայտարարել էր «Դեմ եմ»-ը՝ Տիգրան Սարգսյանի երկխոսության պահանջին ի պատասխան, երկխոսությունն արդեն ուշացած է: Պատրա՞ստ է արդյոք նախաձեռնությունը երկխոսելու նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Ձեր բարձրացրած խնդրի առնչությամբ:

-Մենք երկխոսության կամուրջները չենք այրել: Եթե  նոր վարչապետը պիտի երկխոսի մեզ հետ ՍԴ-ի որոշման կատարելության չափի մասին,  բնականաբար, չենք երկխոսելու, որովհետև Սահմանադրական դատարանի որոշումը պիտի կատարվի, և վերջ:

Եթե հանդիպում լինի կամ քննարկում մշակվելիք նոր օրենքի հետ կապված, մենք չենք մերժի, քանի որ դա կնշանակի` կառավարությունը պատրաստ է լսելու հանրային կարծիքը:

-Եթե հիմք ընդունենք Սերժ Սարգսյանի ուղերձը նորանշանակ  վարչապետին, որում ասվում է. «Իրականացվող բարեփոխումներն արդյունավետորեն շարունակվելու են՝ նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը», չի՞ նշանակում արդյոք, որ նոր կառավարությունն ըստ էության շարունակելու է նախորդ կառավարության գործունեուությունը և չի հրաժարվելու պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումից:

-Անկախ  նրանից ինչ կասի նախագահը, ՍԴ-ն ժամանակ է հատկացրել նրանց օրենքը փոխելու և Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: Եթե նախագահը նկատի ունի փոփոխված և պատշաճ օրենք ներկայացնելը այն ժամկետում, որը տվել է ՍԴ-ն, բայց այն նույն տեսքով, որով ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական, ինձ համար ընդունելի չի կարող լինել:

-Այսինքն` Ձեզ համար անհասկանալի՞ է` ի՞նչ նկատի ունի  նախագահը:

-Ոչ թե անհասկանալի է, այլ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել:

Սոնա Դավթյան




Լրահոս