1985 թվական. Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն։ Հայ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի ցուցադրությունից հետո դահլիճը մոտ տասը րոպե անդադար ծափահարում էր. միջազգային ժյուրիին հատկապես ցնցել էր Սիրանուշի կերպարը կերտած հայ դերասանուհու խաղը։ Գալյա Նովենցն առաջին անգամ արժանացավ միջազգային ժյուրիի հատուկ մրցանակի՝ դառնալով նման հաջողության արժանացած առաջին հայ դերասանուհին։
Այսօր՝ հուլիսի 22-ին, թատրոնի եւ կինոյի հայ անվանի դերասանուհի Գալյա Նովենցի հիշատակի օրն է։ Օրը եւս մեկ առիթ է վերարժեւորելու նրա արվեստը, ապրած ուղին եւ թողած հարուստ ժառանգությունը։
Նովենցը ծնվել է 1937 թվականի հուլիսի 10-ին Երեւանում։ Իր կենսագրության մեջ դերասանուհին հիշում էր. «Հայրս ծնողներին վաղ էր կորցրել, ու ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Մեր ընտանիքն էլ պարզ, ավանդապաշտ հայկական ընտանիք էր։ Հայրս նվագում էր զինվորական նվագախմբում, մայրս՝ հրաշալի երգում էր»։
Գալյա Նովենցի մորաքույրը՝ Լյուսյա Հովհաննիսյանը, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր, Հայաստանի ժողովրդական արտիստուհի, որը նաեւ Խորեն Աբրահամյանի կինն էր։ Այս միջավայրն էր, որ օգնեց ձեւավորվել Գալյա Նովենց արտիստին։
1958 թվականին նա ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում՝ ուսանելով Արմեն Ջիգարխանյանի, Հենրիկ Հովհաննիսյանի, Գուժ Մանուկյանի եւ ապագա ամուսնու՝ Երվանդ Ղազանչյանի հետ։ Վերջինս տարիներ անց կնշի. «Գալյան նվեր էր մեր ընտանիքին, մեր ժողովրդին…»։
Գալյա Նովենցի առաջին դերը ֆիլմում եղել է քրդուհու կերպարը Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմում։ Այդ փոքրիկ դրվագին հաջորդեցին մեծ ու անմոռանալի դերեր՝ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մարդ աստծո», «Հին օրերի երգը», եւ իհարկե՝ «Մեր մանկության տանգոն», որտեղ մարմնավորեց Սիրանուշին։
Հետագայում դերասանուհին իր համար առանձնացնում էր հենց Սիրանուշի դերը («Մեր մանկության տանգոն»), որը իրեն մեծ ճանաչում ու հանդիսատեսի սերը բերեց։ Ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը նախապես մտադիր էր այս դերը տալ վրացուհի դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիին, սակայն երբ այդ մասին հայտնում է Գալյա Նովենցին, վերջինս, որն արդեն ծանոթ էր սցենարին ու շատ էր ուզում ներկայանալ Սիրանուշի դերում, այնպիսի հուզական պոռթկում է ունենում, որ Ալբերտ Մկրտչյանը ոգեւորված դերը տալիս է նրան։
«Ես Գյումրիում ապրել եմ, շփվել տարբեր կանանց հետ։ Ամեն մի դրվագում, ես կարծես… պատահական անուններ եմ տալիս՝ տեսնում էի Հասմիկին, մյուսում՝ Սուսանին… Սա ոնց որ Գյումրվա հավաքական կերպար լիներ, շատ համով, կոլորիտով» – հետագայում պատմում է Նովենցը։
Իսկ Սոֆիկո Ճիաուրելին, ֆիլմը դիտելուց հետո, ասում է. «Այսուհետեւ հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրաց կինոն նկարահանումների համար կփնտրի Գալյա Նովենցին»։
Ճակատագրական կորուստը՝ որդու՝ Ստեփան Ղազանչյանի մահը, դերասանուհուն հեռացնում է բեմից։ Նա մեկնում է ԱՄՆ թոռների կողքին լինելու համար։ Սակայն հայրենիքից հեռու լինելու ցավն ավելի էր խորացնում Նովենցի վիշտը։
«Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը։ Ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ…. Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։ Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում»։
Չնայած Ամերիկայում բնակվելուն՝ Նովենցը պարբերաբար վերադառնում էր Հայաստան՝ խաղալու իր հարազատ բեմում։ 2012 թվականի հունիսին, երբ վերջին անգամ Հայաստանից ԱՄՆ էր մեկնում, հայտնում է, որ գնում է՝ վերջնականապես վերադառնալու մտադրությամբ: Սակայն ԱՄՆ-ում նրա առողջությունը կտրուկ վատանում է։ Դերասանուհին կյանքից հեռանում է 2012-ի հուլիսի 22-ին 75 տարեկան հասակում։
Գալյա Նովենցը հայ կինոյում եւ բեմում ստեղծում էր ոչ թե սոսկ կերպար, այլ ապրում էր իր մարմնավորած հերոսների կյանքը, ինչն էլ նրան արժանացնում էր հանդիսատեսի անսահման սիրուն, մեծ գնահատանքին, իսկ հետագայում՝ նաեւ հայ կինոյի մայր խորհրդանիշի բարձր պատվին, որն այնքան համահունչ էր իր էությանը։
Գալյա Նովենցի թողած ժառանգությունը մշտապես կապրի մեր մշակութային հիշողության մեջ՝ իբրեւ արվեստի հանդեպ մաքուր սիրո օրինակ։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

















































































