«Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է լքել կոալիցիան, իսկ ՀՅԴ-ն էլ այսօր հայտարարեց, թե չի ընդունում կոալիցիայի մաս կազմելու առաջարկը և բերեց իր հիմնավորումները:
Պարզվում է, իշխող Հանրապետական կուսակցությանն այնքան էլ չի զարմացրել երկու ուժերի որոշումները և դա նրանք համարում են նորմալ քաղաքական գործընթացներ:
Armlur.am-ը ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի որոշումների մասին զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ:
– ՕԵԿ-ը դուրս է գալիս կոալիցիայից, ինչպե՞ս եք գնահատում նրանց որոշումը:
-«Օրինաց երկիր» կուսակցության հետ մենք համագործակցության բավականին երկար ճանապարհ ենք անցել և նրանց հետ համագործակցությունը, իմ կարծիքով, եղել է արդյունավետ, բայց, եթե «Օրինաց երկիրը»` մեր գործընկերները գտնում են, որ իրենք ինչ-ինչ պատճառներով այլ ճանապարհով են գնում, դա պետք է ընդունենք հենց այդպես:
– Իսկ դուք համաձա՞յն եք, որ շատ դեպքերում իրենց կարծիքն ուղղակի հաշվի չեք առել կուսակցության ներսում:
-Ես չեմ կարծում, որ նման վիճակ է եղել: Աշխատել ենք հարգալից վերաբերվել մեր գործընկերոջ նկատմամբ, բայց գուցեև կան խնդիրներ, որ մենք չենք նկատել:
Ամեն դեպքում, պետք է քաղաքական պրոցեսներին նորմալ վերաբերվել: Պետք չէ դրան վերաբերել ինչ-որ հակասությունների, մեծ հանգամանքների դաշտում: Դա նորմալ քաղաքական գործընթաց է, եթե «Օրինաց երկիրը» փորձում է այլ ճանապարհով գնալ, ապա մենք կարող ենք միայն հաջողություն մաղթել նրանց և շնորհակալություն հայտնել նորմալ քաղաքական պրոցեսների համար: Այսպիսի քաղաքակիրթ մոտեցումը գոնե իմ կողմից այդպիսին է:
– ՕԵԿ նախարարները, փաստորեն, հրաժարվեցին կուսակցության անդամակցությունից: Ըստ Ձեզ՝ ի՞նչ էր դա` նախարարական պաշտոնը չկորցնելու փո՞րձ:
– Նման գործընթաց մեր երկրի քաղաքական պատմության մեջ առաջին անգամը չէ որ լինում է: Կարող եք գնահատականները տալ այսքանից հետո:
– Իսկ ՀՅԴ-ի` կոալիցիա չմտնելու որոշումը Ձեզ համար տարօրինա՞կ էր, թե՞ սպասելի:
– Բոլոր այդ պրոցեսները պետք է ամբողջականության մեջ նայել, թե ինչ ուղղությամբ է գնում և ինչ քաղաքական գործընթացներում: Եվ որևէ բանի ես զարմանքով չեմ նայում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ստեղծված իրավիճակում անում է այն քայլերը, որը, ըստ իրեն, ճիշտ է կուսակցության համար: Ցանկացած կուսակցության որոշմանը` մտնել կոալիցիա կամ չմտնել կոալիցիա, հարգանքով եմ վերաբերվում:
– Դաշնակցությունը` որպես կոալիցիայի կազմ չմտնելու պատճառ բերում է նաև այն հանգամանքը, թե ՀՀԿ-ի գործունեության պատճառով հասարակությունը կորցրել է վստահությունը ապագայի հանդեպ: Որքանո՞վ եք համակարծիք նրանց հետ:
– Այն, որ մենք ունենք սոցիալական խնդիրներ, երբեք ու երբեք մենք չենք ժխտել: Մենք երբեք ու երբեք չենք մերժել այդ խնդիրները: Որոշ մասով համաձայն եմ իրենց հետ: Ցանկացած բացասական երևույթների մասին մենք ինքներս ենք բարձրաձայնում: Բայց որևիցե մեկը մեր փոխարեն այդ գործը չի անի: Այդ իսկ պատճառով ես միշտ գնահատում եմ այն քաղաքական ուժերին, ովքեր տեսնելով թերությունները` ոչ թե քննադատում են, այլ փորձում են իրենց միասնական աշխատանքով այդ խնդիրները լուծել:
– Փաստորեն, ո՛չ ՕԵԿ-ը, ո՛չ էլ ՀՅԴ-ն չանդամագրվեցին կոալիցիային, և ՀՀԿ-ն մնաց մենակ: Արդյոք կուսակցությունն ունի՞ այնքան ներուժ ունի` միայնակ կառավարության ձևավորման և հետագա ղեկավարման համար:
– Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններից հետո ունի այդ ներուժը, որն անհրաժեշտ է միայնակ կառավարություն կազմելու և ղեկավարելու համար: Եվ պետք է նաև նորմալ վերաբերվել, որ ՀՀԿ-ն, ունենալով այդքան ներուժ, միշտ փորձել է կոալիցիա կազմել՝ հասկանալով հանդերձ, որ ավելի լավ է լինի հասարակության մեջ հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտը:
Բայց դա մեր կողմից ընկալվել է միայն որպես դրան ուղղված քայլեր: Սակայն դա չի նշանակում, որ մենք դա արել ենք այն պատճառով, որ ունեցել ենք անհրաժեշտ ռեսուրս, և այդ ռեսուրսները մեզ պետք են: ՀՀԿ-ն իր ներուժով կարող է ամբողջությամբ իշխանությունը վերցնել և երկրի առջև ծառացած խնդիրները լուծել:
Նաիրա Հովհաննիսյան