ԱՄՆ Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը ուրբաթ օրը այցելել է Գազա՝ ԱՄՆ-ի աջակցությամբ գործող օգնության բաշխման կետերից մեկը, որտեղ վերջին շաբաթներին հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել՝ փորձելով հասնել սակավաթիվ սննդի պաշարներին։
CNN-ի տվյալներով Վիտկոֆը ժամանել է Գազայի հարավային Ռաֆահ քաղաքում գտնվող օգնության կետ, որը ղեկավարում է Gaza Humanitarian Foundation (GHF) կազմակերպությունը։
GHF-ը ստեղծվել է՝ փոխարինելու ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությանը Գազայում, սակայն լայնորեն քննադատվում է՝ պայմանների բարելավման ձախողման համար, քանի որ սովի ճգնաժամը խորանում է։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 1,000 պաղեստինցի սպանվել է իսրայելական բանակի կողմից սնունդ ստանալու փորձի ժամանակ, որոնցից հարյուրավորները՝ հենց GHF-ի կետերի մոտ։ Կազմակերպությունը հերքում է այս տվյալները։
Հիշեցնենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հինգշաբթի հայտարարել էր, որ Վիտկոֆը և Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կայցելեն Գազա՝ «ուսումնասիրելու գործող բաշխման կետերը, մշակելու ավելի շատ սնունդ մատակարարելու ծրագիր և հանդիպելու տեղացի պաղեստինցիների հետ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար»։
Նրա խոսքով՝ Վիտկոֆն ու Հաքաբին «այցելությունից անմիջապես հետո զեկուցելու են նախագահին՝ հաստատելու սննդի և օգնության բաշխման վերջնական ծրագիրը», հավելելով, որ Սպիտակ տունը ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդի, երբ ծրագիրը հաստատվի ԱՄՆ նախագահի կողմից։
Հիշեցնեք, որ ուրբաթ օրվա այցը Վիտկոֆի երկրորդ այցն է Գազա։ Հունվարին, երբ Թրամփը ստանձնեց նախագահի պաշտոնը, Վիտկոֆը դարձավ վերջին տասնամյակում առաջին ամերիկացի պաշտոնյան, ով այցելեց Գազա։
Իսկ Համասի բարձրաստիճան պաշտոնյան քննադատել է Վիտկոֆի այցը՝ այն որակելով որպես լուսանկարվելու համար կազմակերպված միջոցառում։
«Պարոն Վիտկոֆ, Գազան անասնաֆերմա չէ, որ պահանջում է բեմականացված անձնական այց՝ մահվան թակարդների ֆոնին լուսանկարվելու համար, որոնք վերահսկվում են ձեր ամերիկյան ընկերությունների կողմից», — հայտարարել է Գազայի նախկին առողջապահության նախարար Բասեմ Նայեմը CNN-ին փոխանցված հայտարարության մեջ։ «Գազայի ժողովուրդը մուրացկանների խումբ չէ, այլ ազատ, հպարտ և արժանապատիվ ժողովուրդ, որը ձգտում է միայն ազատության, անկախության և հայրենիք վերադառնալու»։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի























