Դեկտեմբերի 4-ին կայացան Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները, որոնց թե՛ ընթացքը, թե՛ արդյունքները շատ կարեւոր են մեզ համար: Եվ ոչ միայն այն առումով, որ Ռուսաստանը Հայաստանի կարեւորագույն ռազմավարական դաշնակիցն է, որի ներքաղաքական իրավիճակը մեզ հետաքրքրում է: Պետդումայի ընտրությունները մեզ համար առավել կարեւոր են այն պարզ պատճառով, որ Ռուսաստանում իրականացվող քաղաքական գործընթացները շատ հաճախ գրեթե նույնությամբ կրկնօրինակվում են Հայաստանում: Եվ այս առումով Պետդումայի ընտրությունները մեր տեսանկյունից ունեին մեկ լավ եւ մեկ վատ կողմ: Սկսենք վատից. այս անգամ եւս Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններն անցան բազմաթիվ կեղծիքներով, լցոնումներով ու խախտումներով, որոնք արձանագրող տեսանյութերով այս օրերին հեղեղված է համացանցը: Եվ այնուամենայնիվ, այդ ընտրությունները որակվեցին իբրեւ «երկրի օրենսդրությանն ու ժողովրդավարական չափանիշներին հիմնականում համապատասխանող»: Նկատենք, որ երբ խոսքը վերաբերում է ընտրական գործընթացներին, ապա չկա ավելի վտանգավոր ու երկիմաստ եզրույթ, քան այդ «հիմնականում»-ը, որը մեկ անգամ չէ, որ կիրառվել է նաեւ հայաստանյան կեղծված ընտրությունների դեպքում: Ինչեւէ, Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների «հիմնականում ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող» ընթացքը խոսում է այն մասին, որ առաջիկա հայկական ընտրությունները ռուսականից առնվազն լավը չեն լինելու` եթե չասենք վատթարի մասին: Ինչը, թեպետ, միանգամայն սպասելի է` չնայած իշխանությունների հնչեցրած «աննախադեպ թափանցիկ եւ հեղափոխական» խոստումներին:
Հիմա անդրադառնանք ՌԴ Պետդումայի ընտրությունների` մեզ համար լավ կողմին. ի հուսախաբություն Վլադիմիր Պուտինի եւ Դմիտրի Մեդվեդեւի՝ նրանց ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքեց ակնկալածից զգալիորեն` մոտ 15 տոկոսով քիչ ձաներ` ընդամենը 49,54 տոկոս, այն դեպքում, երբ նախորդ` 2007թ. ընտրություններում ստացել էր 64,3% ձայն: Սա, ինչպես նշել է The Wall Street Journal-ը, «տհաճ անակնկալ էր ժամանակակից ռուսական ցարին»: Փոխարենը նոր Դումայում բավական զգալի ներկայություն կունենա Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը` գրեթե հասնելով 1995թ. առավելագույն ցուցանիշին` 19,6%: Վատ չեն նաեւ ընդդիմադիր «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի եւ Ժիրինովսկու ՌԼԴԿ-ի դիրքերը: Ասել է թե` «Եդինայա Ռոսիա»-ն, չնայած տարած հաղթանակին, այնուամենայնիվ այլեւս չի կարողանա օրենսդիր մարմնում միահեծան իշխանություն ունենալ եւ ստիպված կլինի հաշվի նստել մյուս խորհրդարանական ուժերի հետ:
Ռուսական իշխող կուսակցության այս նշանակալի ձախողումը հնարավորություն է տալիս հուսալ, որ նույն սցենարը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում: Հնարավոր է, որ ՀՀԿ-ն այսօրվա պես ներկայանալի չլինի` ինչքան էլ փորձի հնազանդեցնել քաղաքական բոլոր ուժերին:
ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ