Եվ այսպես՝ ՀՀ իշխանությունները պատրաստվում են ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում ստորագրել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ ընդամենը 7 ամիս առաջ Մինսկում ԱՊՀ լրագրողներին տված ասուլիսում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կասկած էր հայտնել մոտ ապագայում ՀՀ անդամակցության վերաբերյալ՝ նշելով, որ այդ գործընթացը չի կարող ավարտին հասցվել ո՛չ մեկ, ո՛չ էլ երկու տարում: Սակայն, ինչպես տեսանք, ՀՀ իշխանությունները գերազանցեցին բոլորի, անգամ` սեփական սպասելիքները` ՄՄ-ին անդամակցության գործը գլուխ բերելով ավելի սեղմ ժամկետներում, քան նույնիսկ ի սկզբանե հայտարարված հունիսի 1-ն էր:
Նկատենք, որ մինչ օրս այդպես էլ որևէ հոդաբաշխ բացատրություն չի ներկայացվել, թե ինչու են ՀՀ իշխանություններն այդպիսի շտապողականություն ցուցաբերում: Սեպտեմբերի 3-ից հետո ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո, սակայն, Ս. Սարգսյանի շտապողականությունը ոչ մի լավ բան չի խոստանում մեզ, քանզի ավելի քան ակնհայտ է, որ չնայած Պուտինի դեմոնստրատիվ զարմանքին, դա արվում է բացառապես Ռուսաստանի պահանջով:
Ինչևէ, ՀՀ քաղաքական դաշտում հակազդեցության լիակատար բացակայության պայմաններում Ս. Սարգսյանն ընդամենը ութ ամսում, փաստորեն, կարողացավ միանձնյա որոշել մեր երկրի հետագա զարգացման վեկտորը` ՄՄ-ին անդամակցության նախաշեմին ձերբազատվելով նաեւ քիչ թե շատ արեւմտամետ վարչապետից եւ ՀՀ ողջ իշխանական վերնախավում ապահովելով բացարձակ ռուսահպատակություն:
Այս ամենում, բացի հարցի քաղաքական բաղադրիչից, խիստ մտահոգիչ է նաեւ տնտեսական մասը: Բանն այն է, որ տրվելով Ռուսաստանի` գործընթացն արագացնելու հրամայականին, Հայաստանը, փաստորեն, պատրաստվում է անդամակցել ՄՄ-ին` առանց հստակեցնելու, թե ինչպիսի պայմաններով են ներկրելու ավելի քան 900 ապարանքատեսակները, որոնց մաքսատուրքերի համար բացառություններ ստանալու նպատակով վերջին ամիսներին ՀՀ կառավարությունը բանացկում էր ՄՄ-ի հետ:
Վերջին օրերին շրջանառվող տեղեկությունների համաձայն, սակայն, այդ թիվը կրճատվել էր, եւ ռուսները համաձայնել էին բանակցել ընդամենը 400 ապրանքատեսակի շուրջ: Սակայն ինչպես երեկ պարզ դարձավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանի խոսքերից, ներկա պահին հստակ չէ անգամ այդ ապրանքատեսակների ճակատագիրը, քանի որ այդ ուղղությամբ բանակցությունները դեռ չեն ավարտվել, եւ, ըստ ամենայնի, դրանք կշարունակվեն արդեն ՀՀ-ի` ՄՄ-ին անդամակցելուց հետո: Թե այդ դեպքում այլեւս որն է լինելու բանակցությունների իմաստը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի: