«ԴԻՍԻԴԵՆՏ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Գալուստ Սահակյանի` ԱԺ նոր նախագահին պետք է մի կողմից հոշոտեն, մի կողմից քննարկեն:  
-Պարո՛ն Սահակյան, դժգոհեցիք, որ «Ժառանգություն»-ում չեն էլ ցանկացել քննարկել ԱԺ նախագահի ձեր թեկնածուին` միանգամից ասելով, որ իրենք իրենցն ունեն` Ալավերդյանին:
-Հետաքրքիրն այն է, որ  Ստյոպա Սաֆարյանի ելույթը` «որ չքնաղ հայերենով կամ լավ հայերենով» (Լարիսա Ալավերդյանը), ուղղակի ես ցնցված եմ. Լարիսա Ալավերդյանը ռուսական կրթություն ունի, կարելի է նաեւ ներողամիտ լինել, բայց ես էնտեղ հայերեն շարադասության որեւէ նախադասություն չտեսա: Քիչ էր մնում` կարմիր գրիչս վերցնեի ու որպես մասնագետ` նաեւ տառասխալներն ուղղեի, առավել եւս` հնչերանգները: Եւ նաեւ ներկայացվում է, որ մաքուր անգլերեն է խոսում` չմտածելով, որ անգլերենը Լարիսա Ալավերդյանի, ինձ համար, մյուսի համար միջոց է, իսկ հայերենը միջոց չէ, հայերենը դա կերտվածք է, նպատակ է: Բերել օտար լեզուն եւ հայերենի հետ շաղկապել… ես համոզված եմ, որ անգլերեն ավելի լավ կխոսի, քան հայերեն:
-Հակադարձեմ. ՀՀԿ-ի թեկնածուին ներկայացնելիս ընդհուպ փորձ արվեց նրանից դարձնել դիսիդենտ: Պարոն Նիկոյանի կենսագրության այդ էջին ծանո՞թ եք:
-Պարոն Նիկոյանը դիսիդենտ չի եղել, անկախական է եղել, դրանց մեջ մեծ տարբերություն կա. դիսիդենտ՝ նշանակում է համակարգային փոփոխություն: Իհարկե, դա նաեւ քաղաքական հավատամքն է, դա էլ եմ գնահատում: Բայց անկախականների համար ընդհանուրը, ծրագիրը հետեւյալն է` անկախ Հայաստան, համակարգի հետ… մենք էդքան չենք մոտենում` ինչպիսի համակարգ է:  Ոչ թե չենք մոտենում, որովհետեւ չենք ուզում, այլ ամեն մի քաղաքական ուժ  մի ուղղությամբ պետք է աշխատի: Մենք պայքարել ենք անկախ Հայաստանի համար:
-Էթիկայից խոսեցիք, ի՞նչ եք կարծում` Սամվել Նիկոյանի ելույթն էթիկայի տեսանկյունից ճի՞շտ էր, երբ նույն քաղաքական թիմի անդամն այդքան անսպասելի  տարբերակիչ առանձնահատկություններ է մտցնում իր եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ: Չնայած խնդրեց իր ելույթում հակասություններ չփնտրել:
-Այդ ըմբռնումները իմ համար հասկանալի չէ կամ չի դառել, դա չգիտեմ` ով ինչպես է նկատում կամ վերլուծում, ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունն իր որդեգրած ուղուց չի շեղվել եւ չի շեղվելու: Ընդհանուր առմամբ Նիկոյանի խոսքից ես հասկացա, որ այն պրոցեսները, որոնք դրական են, բնականաբար՝ շարունակվելու են նաեւ իր գլխավորությամբ: Եւ իհարկե…
-Ավելի դրակա՞ն են դառնալու:
-ԱԺ աշխատանքն այնպիսին է, որ ինչքան աշխատես, դրական միտումները պիտի ուղեկցեն: Այսինքն` ինքը` հանրապետականը, իր իդեալն ունի, իր մոդելն ունի, բնականաբար, այդ իդեալներն էդպես մինչեւ վերջ չի հաղթահարվել, բայց երբ իդեալ ունես, անընդհատ պայքարում ես, որ այդ իդեալին հասնես: Ես ավելի գաղափարական եմ նայում Սամվել Նիկոյանի խոսքին: Եւ նաեւ բնական եմ համարում, որովհետեւ ԱԺ նախագահի թեկնածու է, պիտի մի կողմից հոշոտեն, մի կողմից քննարկեն, տեսողական լրիվ արժեքներն օգտագործեն` բայց նաեւ մտածելով, որ դա վերջին հաշվով կոալիցիայի որոշումն է:
Հ.Գ. Նկատենք, որ Գալուստ Սահակյանը, ով պատրաստ է, գրիչը ձեռքին, ուղղել Լարիսա Ալավերդյանի սխալները, ինքն էլ, չնայած մասնագիտությանը, բավական հաճախ է դրանք թույլ տալիս: Որպես օրինակ` նշենք ընդամենը մեկ նախադասություն վերոնշյալ հարցազրույցից, որտեղ առնվազն երկու կոպիտ սխալ կա. «Այդ ըմբռնումները իմ համար հասկանալի չէ»: Մինչդեռ գրագետ հայերենով այդ նախադասությունը պետք է հնչեր այսպես. «Այդ ըմբռնումն ինձ համար հասկանալի չէ» կամ «Այդ ըմբռնումներն ինձ համար հասկանալի չեն»:  

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս