ՀԱՐՑ. Գիտեմ, որ այսօր Երեւան քաղաքում շատ բազմաբնակարան շենքեր կան, որոնք գտնվում են վթարային վիճակում եւ անհապաղ ամրացման կարիք ունեն: Մեր շենքը համարվում է 5-րդ կարգի վթարային շենք, սակայն ամրացնելու մասին դեռ խոսակցություններ չկան: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում նման տիպի շենքերի ամրացման ուղղությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքաշինության նախարարությունը մշակել է Հայաստանում բազմաբնակարան վթարային շենքերի ամրացման հայեցակարգ, եւ միջոցներ լինելու դեպքում այդ աշխատանքները կսկսվեն: 5-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերը վերականգնման ենթակա չեն, նման շենքերը պետք է քանդվեն: Եւ եթե այդպիսի շենքերը քանդվեն, ապա պիտի այդքան էլ բնակարան կառուցվի, որպեսզի փոխարենը տրվի այդ մարդկանց: Դրանք ամբողջը մեծ գումարներ են, եւ ցավոք սրտի, այսօր Հայաստանը հնարավորություն չունի: Պետությունը որոշակիորեն փորձում է միջամտել այդ գործընթացին` թույլ չտալով, որ դժբախտ դեպքեր լինեն: Վերջին օրինակը Մարգարյան փողոցում ու Ֆուչիկում գտնվող այն երկու շենքերն էին, որ քանդվեցին, եւ բնակիչների համար նոր տներ կառուցվեցին: Դրանք մեծ գումարների հետ են կապված, եւ հնարավորության սահմաններում, միջոցներ լինելու դեպքում նման տիպի աշխատանքները կսկսվեն:
քարտուղար Բաղդասար Մհերյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերանորոգման մշտական հարցը կախված է նաեւ բազմաբնակարան շենքերի գլխին: Առաջիկայում հազիվ թե գումարներ գտնվեն: Ուստիեւ վստահաբար կարելի է ասել, որ բազմաբնակարան շենքերը շարունակվելու են քայքայվել, մինչեւ որ գան նոր ժամանակներ, եւ բարձրահարկերն ինքնափլուզումից փրկելու միջոցներ ձեռնարկվեն: