ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԻ ՉԳԻՏԱԿՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 10-ին բոլորում է Արցախի անկախության 20-ամյակը: Հայաստանի` միմյանց փոխարինած օրվա իշխանությունները դեկտեմբերի 10-ը մինչ օրս “նշել” են սոսկ հերթապահ շնորհավորանքներով, հայրենասիրական կեղծ պաթոսով, որի հիմքում պետության հետ իրենց նույնացնելու, հեռուստաէկրանից ազգի առաջնորդ ներկայանալու խղճուկ, հանցավոր մտայնությունն է: Սփյուռքի հնարավորությունների օգտագործում հասկացության վերաբերյալ իշխանազավթիչների մտածելակերպը ցայսօր սահմանափակվել է հիմնականում որպես փող հավաքելու եղանակ: Ընդամենը: Նեղմիտ, խմբակակեր տեսադաշտից անդին այդպես էլ չանցավ նրանց միտքը, հասու չեն նաեւ պարտականությանը համարժեք տոնադարձի կազմակերպմանը, այն է` հայության համախումբ հաղթանակի ու ազատագրման արգասիք Արցախի 20-ամյա անկախությունը նույն կերպ` հայության հավաքական ուժերով միջազգային հարթակում նշելը: Աշխարհի հարյուրավոր քաղաքներում սփռված միլիոնավոր հայերի միջոցով հայանպաստ խնդիրների վերհանումն ու լուծումը, հայրենաշեն ռազմավարության սպասարկումը անիրագործելի են միայն այս հակահայ համակարգի եւ իշխանավորների համար: Նրանք անգամ ի զորու չեն գիտակցելու հայկական բազմամիլիոն սփյուռքի հետ ամբողջական եւ շարունակական համագործակցության (օրվա իշխանության համար` պարտականության) կարեւորագույն նշանակությունը, որը, հայ ժողովրդի եւ հայկական երկու պետությունների համար բազմաթիվ կենսական խնդիրներ լուծելուց զատ, ի վերջո որպես հիմք կծառայի Հայրենիքում ազգահավաքի համար: Բայց Հայաստանի երեք նախագահները երբեւիցե դրա համար ժամանակ չգտան: Ընդհակառակը, գիտակցված թե անմեղսունակ` ամեն ինչ արեցին, որ լավագույնս կյանքի կոչվի Հայաստանը հայաթափելու հայակործան ծրագիրը, որը դեռ շարունակվում է` էլ ավելի զանգվածային դառնալով: Իսկ “գործի” վա՞րձքը. նրանց համար դա մեկն է – ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ – եւ ամեն գնով` ընտրակեղծիքներով, ծեծուջարդով, կրակելով, մարդասպանությամբ, գործ սարքելով, բանտերի օգտագործմամբ, ցինիզմով, գողանալով, արժեքների պղծմամբ, ոչնչացմամբ… Արցախի անկախության տոնադարձերը աշխարհի բազմաթիվ քաղաքներում հայկական համայնքների մասնակցությամբ նշելը շատ հեշտ է կազմակերպել ու անցկացնել, եւ անգամ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում (որոնց բացակայությունը վկայակոչելով է իշխանությունը սովորաբար արգելակում ազգօգուտ ծրագրերի կենսակոչումը): Ընդամենն անհրաժեշտ է  որ դեկտեմբերի 10-ին եւ սեպտեմբերի 2-ին, միեւնույն ժամին, այդ մասին իրազեկելով տեղի ԶԼՄ-ներին, հայաշատ քաղաքներում ապրող մեր հայրենակիցները համախումբ դուրս գան փողոցներ եւ խաղաղ երթեր անցկացնեն` Հայաստանի ու Արցախի դրոշներով, պաստառներով, վանկարկումներով եւ այլն:Սա նվազագույնն է, բայց թեկուզ միայն այդ միջոցառումների` հատկապես պարբերաբար անցկացման դեպքում մի՞թե ակնհայտ չէ, որ դրանք արդյունավետ ճնշման գործիք կհանդիսանան այն երկրների կառավարությունների դեմ, որոնք հակահայկական դիրքորոշում են որդեգրել կամ այդպիսի ծրագիր ունեն: Մի՞թե նաեւ ակնհայտ չէ, որ հայկական դրոշներով երթերին ականատես օտարերկրյա քաղաքացիների շրջանում համապատասխան հետաքրքրություն կառաջանա Արցախի վերաբերյալ, ինչն իր հերթին ըստ ամենայնի կնպաստի  հայանպաստ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԻ ձեւավորմանը: Իսկ ի տարբերություն հայաստանյան իրականության` այլ երկրների իշխանություններն իրենց քաղաքական ուղեգծի մշակման եւ իրագործման դեպքում անպայման հաշվի են առնում իրենց քաղաքացիների կարծիքները (եթե չասենք` առաջնորդվում են դրանցով):Դեռեւս նոյեմբերի 21-ին Հայաստանի եւ Արցախի նախագահներին հրապարակավ դիմեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` կոչ անելով դեկտեմբերի 10-ին աշխարհի հայաշատ քաղաքներում կազմակերպել եւ անցկացնել Արցախի անկախության 20-ամյակին նվիրված համահայկական հանդիսություններ` դրանք դարձնելով ավանդական, ներառելով նաեւ սեպտեմբերի 2-ը, պետական ծրագրով լայնորեն վերաբնակեցնելով Արցախի սակավաբնակ տարածքները… Առավել քան իրատեսական, հրատապ եւ հայրենասիրական կոչ է: Եվ հուսանք, որ այս իշխանությունը վերջապես կհրաժարվի ազատագրված Արցախի տարածքները թշնամուն «մադրիդաբար» հանձնելու դավաճանական մտքից, փոխարենը` կկենսագործի վերոնշյալ կոչը: Եվ թեր¨ս զարմանալի չէ, որ նման կոչով հանդես եկավ Զարուհի Փոստանջյանը, ով, հայտնի լինելով իր սկզբունքայնությամբ եւ քաղաքացիական-ժողովրդավարական կեցվածքով, նաեւ կարողացել է ԵԽԽՎ-ի պես հեղինակավոր միջազգային կառույցում քանիցս անցկացնել Արցախի անկախությունը եւժողովրդավարությունը փաստող գրավոր հայտարարություններ, եւ այդ պաշտոնական փաստաթղթերին յուրաքանչյուր անգամ ստորագրություններով միացել են Վեհաժողովի մի քանի տասնյակ պատվիրակներ:Խոսքս ավարտեմ հայաստանյան վերջին շրջանի ներքաղաքական ուշագրավ իրողություններից մեկին անդրադարձով: Կարդալով “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Սերժ Սարգսյանին հասցեագրված հայտնի նամակին ի պատասխան գործող նախագահի արձագանքը` ակամայից մտածեցի,  թե հապա այդ ինչպե՞ս պատահեց, որ այսչափ արդարամիտ, բարի, հանդուրժող ¨ ժողովրդի լիակատար սերը վայելող իշխանությունը ցայսօր չկարողացավ հայտնաբերել ¨ պատժել “մարտի 1”-ի մարդասպաններին: Կամ` ինչպե՞ս պատահեց, որ այդ նույն իշխանությունը մեկ-երկու ամիս ինչ-որ երկխոսություն ծավալելով իրեն գործիք վերաորակած համակարգաստեղծի հետ` հանկարծ հանդուրժեց եվրոպական չինովնիկների կողմից հայ ժողովրդի ողբերգություններից “մարտի 1”-ի էջը փակելու մասին հայտարարությունը: Սկսեցի նույնիսկ կասկածել, թե ա՞յս իշխանությունն էր, որ տարիներով քաղաքական բանտարկյալներ պահեց… Կարծում եմ` ամենքը գիտեն, որ Հայաստանի պետական-քաղաքական գործիչներից իր հանդուրժողականությամբ եւ պարկեշտությամբ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանն է առանձնանում (ով գործող իշխանությանը սթափեցնելու համար անգամ դիմեց ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում 15-օրյա հացադուլի): Եվ նրա` հայրենասիրությամբ, հանրային պատվերով եւ պատասխանատվության գիտակցումով թելադրված հրապարակային նամակ-հորդորին պատասխանել “թույն, չարություն, սեւացնել” եւ այլ բառակույտով բնորոշ է միայն ավտորիտար իշխանությանը: Հավանաբար` արդար ընտրությունների եւ իշխանությունը կորցնելու միտքը սարսափ է առաջացնում` դրանից բխող դրսեւորումներով:   




Լրահոս