ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ ԵՐԻՏԹԵՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նորընտիր փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր անցած ճանապարհն այնքան էլ հարթ չի եղել:
-Պարո՛ն Շարմազանով, Ձեր առաջադրումն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կարծես ի ցույց դրեց այն նոր միտումը,  որ հիմա կուսակցությունում ավելի շատ տեղ են տալու երիտասարդներին:
-Նախ ասեմ, որ ՀՀԿ-ն մշտապես մեծ ուշադրություն է դարձրել երիտասարդ կադրերին եւ նրանց համար նաեւ դարբնոց է եղել: Եւ  նախագահ Սարգսյանի կառավարման շրջանում սերունդների համերաշխությունը շատ էվոլյուցիոն, բնականոն հունով գնաց: Սա ոչ միայն իմ անձի հանդեպ ավանսով վստահություն է, որը ես ամեն ինչ անելու եմ, որ իմ կուսակցության նախագահին եւ պառլամենտական գործընկերներին հուսախաբ չանեմ, այլեւ վստահություն է երիտասարդության հանդեպ: Սա նաեւ խոսում է այն մասին, որ մեր կուսակցությունում շատ լավ է դրված սերունդների համերաշխության խնդիրը, եւ որտեղ, ինչպես ընտանիքում, կրտսերներն ու ավագները համերաշխ աշխատում են մի նպատակի համար:
-Ձեր ընտրությունն արդեն կայացած փաստ է, այնուամենայնիվ, սկզբում շոշափվում էր նաեւ Ձեր կուսակից Հերմինե Նաղդալյանի անունը: Խոսեցիք սերունդների համերաշխության մասին, իսկ կանանց նկատմամբ կուսակցությունում ինչպե՞ս են տրամադրված:
-Հանրապետական կուսակցությունում շատ մեծ է կանանց տեսակարար կշիռը, մեր կուսակցությունում հիսուն տոկոսից ավելին կանայք են, ՀՀԿ կանանց կազմակերպությունն էլ ղեկավարում է տիկին Նաղդալյանը, ում մասին ընդամենը կարող եմ ասել, որ եթե առաջադրվեր, ես սիրով առաջինը կքվեարկեի նրա օգտին: Եւ նա այն քաղաքական պառլամենտականների թվին է պատկանում, ով այս տարիներին ապացուցել է, որ պրոֆեսիոնալ, բանիմաց եւ մտավորական կին է:
-Հայտնի է, որ Դուք խորհրդարան մտաք «Բազե»-ից` որպես երիտասարդական կուսակցության ղեկավար: Հիմա կարծիք կա, որ ձեզ մոտ, ինչպես նաեւ այլ կուսակցություններում, կան շատերը, որոնք, չնայած տեղի ունեցած սերնդափոխությանը, այդպես էլ չեն կարողանում ձերբազատվել կուսակցության երիտթեւի անդամի` երիտասարդի ամպլուայից: Այն իմաստով, որ դա իրենց «կանյոկն է» քաղաքականության մեջ:
-Նախ ասեմ, որ Ձեր հարցն ավելի շատ հարցապնդում էր, քան հարց, բայց իմ կարծիքն ասեմ: Ես իմ քաղաքական-հասարակական ակտիվությունը սկսել եմ 90-ականների կեսերին, ուսանողական շարժման լիդեր էի եւ ընդդիմադիր լիդեր էի, քաղաքական ակցիաներ ու նույնիսկ հացադուլներ էի անում այն ժամանակվա քաղաքական վարչակարգի դեմ: Միայն համամասնական եք ասում, ես 2005-ին առաջադրվել եմ Ալավերդիի քաղաքապետի թեկնածու եւ իմ քաղաքական կարիերան սկսել եմ դառը պարտությունից, տեսել եմ դրա պտուղները: Այսինքն` այնպես չէ, որ անցել ենք շատ հարթ ճանապարհով: Ինչ վերաբերում է երիտասարդ լինելուն, երիտասարդությունը հոգեվիճակ է, կարող են լինել մարդիկ, որ 18 տարեկան են, բայց արդեն ծեր են, եւ ես ճանաչում եմ պառլամենտում մեր ավագ ընկերներին, մարդկանց, որոնք հիսունն անց են, բայց երիտասարդ են: Այնպես որ, երիտասարդությունը հոգեվիճակ է, ինչպես հոգեվիճակ է սերը, երջանկությունը եւ այլն:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս