Սեպտեմբերի 2-ը հայոց պատմության մեջ առանձնահատուկ օր է. 1980-ական թվականների վերջին արցախյան ազատագրական պայքարի արդի փուլի վերջնարդյունքը եղավ Արցախի անկախությունը, որը ընդունվեց 1991 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 2-ին։ Թեեւ այսօրվա իրողությունները ցավալիորեն փոխել են Արցախի քաղաքական ու վարչական կարգավիճակը, սակայն Արցախի մշակութային ժառանգությունը շարունակում է մնալ հայկական ինքնության անքակտելի մասը։
Այս օրը ոչ միայն հիշատակի առիթ է, այլեւ հնարավորություն՝ անդրադառնալու արցախյան հարուստ մշակութային ժառանգությանը։ «Ժողովուրդ» օրաթերթը օրվա խորհրդով անդրադառնում է նախաքրիստոնեական ու քրիստոնեական շրջանում ստեղծված մշակութային ժառանգությանը Լեռնային Ղարաբաղում:
Արցախում ստեղծված արվեստն ու ճարտարապետությունը անցել են զարգացման նույն փուլերով, ինչ Հայաստանում՝ նախաքրիստոնեական ժամանակաշրջանից մինչեւ քրիստոնեության ընդունումը չորրորդ դարում, եւ միջնադարյան ծաղկուն շրջանը։
Արցախի ամենահին հուշարձանները վերաբերում են նախաքրիստոնեական դարերին, երբ բազմաստվածությունը գերակշռող կրոն էր համարվում։ Այդ ժամանակաշրջանում արվեստի առավել հայտնի ճյուղը խոշոր մարդածին քարե կուռքերի պատրաստումն էր, որոնք հայտնաբերվել են Ջրաբերդում եւ Խաչենում, Երկաթյա դարաշրջանի հուշարձանների շարքում։
Արցախի հյուսիսարեւելյան եւ արեւելյան տարածքներում գոյություն ունեն սահմանաքարեր, որոնք կոչվել են «սահմանակարներ»՝ նշանակելով տարածքային սահմանի նշաններ։ Սահմանաքարերի ավանդույթը սկիզբ է առել Արտաշեսյան թագավորական դինաստիայի ժամանակաշրջանում (190-39 թթ.), երբ դրանք ծառայել են թագավորության սահմանները ներկայացնելուն եւ արձանագրություններ կատարելուն։ Միջնադարում Արցախում շարունակվել է այս ավանդույթը, իսկ Մարտակերտի շրջանում Մատաղիսի մոտ գտնվող ամենամեծ միջնադարյան սահմանաքարի արձանագրությունն այսօր հիշեցնում է. «Այստեղ ավարտվում է Սյունիքի մարզը»։
Միջնադարյան շրջանում Արցախում գերակշռող էր եկեղեցական ճարտարապետությունը՝ եկեղեցիներ, տաճարներ, մատուռներ եւ վանքեր։ Այս ժամանակաշրջանում արվեստի մյուս ճյուղերը նույնպես ծաղկում էին. ստեղծվում էին ձեռագրեր, խաչքարեր եւ որմնանկարներ, որոնք նվիրված էին Արցախի տարածաշրջանին եւ Հայ Առաքելական եկեղեցուն։
Արցախն ու նրա հարակից նահանգները՝ Ուտիքը եւ Փայտակարանը, միջնադարում դարձել էին կրթական կենտրոններ, որտեղ գործունեություն էին ծավալում առաջատար կրոնական առաջնորդներ։ Նրանցից առավել հայտնի են Գրիգոր Լուսավորիչը (257-331), Հայաստանի առաջին կաթողիկոսը, եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (361-440), հայոց այբուբենի ստեղծողը։ Նրանց գործունեությունը թողել է անմահ հետք՝ բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններով, որոնք համարվում են հայ ժողովրդի հավատքի ու մշակույթի հնագույն վկայություններ։
Ամենահայտնի կենտրոններից մեկը՝ Ամարասի վանքը, հիմնադրվել է IV դարում Սբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Վանքի ամենահին հատվածը նվիրված է Սուրբ Գրիգորիսին, իսկ նրա գերեզմանատունը՝ ծածկված երկու կողային գավիթներով, վկայում է հայ միջնադարյան ճարտարապետության բարձր մակարդակի մասին։ 410 թվականին Սուրբ Մեսրոպ Մաշտոցը Ամարասում հիմնեց դպրոց, որտեղ օգտագործվում էին նորաստեղծ հայոց գրերը։
Արցախում եւ հարակից շրջաններում գործող Թարգմանչաց վանքը եւս կապված է Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի գործունեության հետ։ Վանքն անվանվել է «Սուրբ թարգմանիչներ», քանի որ այստեղ հայերեն են թարգմանվել Աստվածաշունչն ու կրոնական այլ գրքեր, ինչը ամրապնդեց հայ մշակութային ինքնությունը եւ կրթությունը։
Միջնադարյան Արցախի ամենահայտնի կոթողներից մեկն է Գանձասարի վանական համալիրը, որը կառուցվել է 1261 թվականին եւ առանձնանում է իր չափերով ու բարձրակարգ վարպետությամբ։ Գմբեթը լուսավորվում է կենտրոնական պատուհանով, զարդարված արվեստի այնպիսի էլեմենտներով, ինչպիսիք հանդիպում են Հաղպատում, Մշկավանքում ու Գեղարդում։ Գանձասարի վանքը Խաչենի հոգեւոր կենտրոնն էր, այստեղ էր տեղավորված Աղվանքի Կաթողիկոսությունը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տարածքային կարեւոր ստորաբաժանումներից մեկը։
Արցախը շարունակում է լինել հայ մշակույթի ու ինքնության անբաժան մասը. մենք մշտապես պետք է հիշենք ու հավատանք, որ հողը չի մոռանում իր իսկական տիրոջը, եւ հողի ու տիրոջ երանելի հանդիպումը մի օր անպայման կյանքի է կոչվելու:























