Խորհրդարանն այսօր քվեարկելու է ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկով Սերժ Սարգսյանին դիմելու որոշման նախագիծը: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ԱԺ ՀՅԴ խմբակցությունը:
Երեկ խորհրդարանը քննարկեց ՀՅԴ՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ գրավոր հարցապնդումը: Կառավարության կողմից որպես պատասխանող հանդես եկավ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Բայց հարցապնդման հիման վրա կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով քվեարկությունը հետաձգվեց այսօր. ԱԺ դահլիճը գրեթե դատարկ էր. հատուկենտ թվով պատգամավորներ էին ներկա այնտեղ, այն էլ հիմնականում դաշնակցականներ: Իսկ ահա ՀՀԿ-ականներն իրենց՝ դահլիճում չգտնվելը մեկնաբանում էին որպես քաղաքական քայլ: Մասնավոր զրույցներում խոստովանում էին, որ ՀՅԴ-ն այս ամենն անում է նախընտրական քարոզարշավի տրամաբանության շրջանակներում, եւ իրենք չեն ցանկանում իրենց ներկայությամբ լրջություն հաղորդել նրանց PR ակցիային:
Բայց մյուս կողմից ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանում տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհ են բոլորը, կարելի է ասել՝ չնչին բացառություններով: Անգամ նույն կոալիցիայի անդամները, այդ թվում եւ ՀՀԿ-ական գործիչներն են մասնավոր զրույցներում խոստովանում, որ այս իրավիճակն այսպես շարունակվել չի կարող, որ երկիրը հայտնվել է դատարկվելու վտանգի առաջ, որ հարկավոր են կտրուկ քայլեր՝ իրավիճակը մեղմելու համար, այլապես հարեւան երկրներից Հայաստանն ավելի ու ավելի է հետ ընկնում: Ընդ որում, հենց նույն ՀՀԿ-ում ոմանք մասնավոր զրույցներում որպես իրավիճակից դուրս գալու ելք մատնանշում են Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը: Բայց մյուս կողմից, որպեսզի դա չդիտվի ընդդիմության ջրաղացին ջուր լցնելու քայլ, խուսափում են նման լուծման գնալուց:
Ինչեւէ, ՀՅԴ հարցապնդման մեջ մանրամասն ներկայացված են այս տարիներին Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ձախողումները: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով` ամեն տարի արտաքին պարտքն ավելացել է 1.3 մլրդ դոլարով, վարկային միջոցների տեղաբաշխումը չի եղել արդյունավետ: Բացի այդ, ըստ նրա` արտագաղթի ահագնացող տեմպերի արդյունքում ազգային անվտանգության առումով ժողովրդագրական լուրջ վիճակ է ստեղծվել. 2011թ. հունվար-սեպտեմբերին ուղեւորահոսքերի բացասական հաշվեկշիռը կազմել է 89 հազար 900 մարդ: ՀՅԴ-ն կարծում է, որ ակնհայտ հակասություններ կան 2008թ. կառավարության կողմից ԱԺ հավանությանն արժանացած ծրագրի, կառավարության ոչ ադեկվատ գործողությունների եւ չորս տարի անց արձանագրած արդյունքների միջեւ: «Մենք գործ ունենք կառավարության կողմից Սահմանադրական պահանջները չկատարելու կամ անտեսելու հետ: Կառավարությունը պարտավոր էր իրականացնել այդ ծրագիրը, եթե ոչ, ուրեմն պետք է վայր դնի իր լիազորությունները: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում ծրագիրը չկատարելու եւ փոփոխության չենթարկելու տարբերակ»,-ասաց նա: ՀՅԴ-ն երեկ երկու լուծում առաջարկեց. «Մենք ԱԺ մեծամասնությանն առաջարկում ենք միասին դիմել Սահմանադրական դատարան` այս հարցի վճռահատումը կատարի ՍԴ-ն ինքը»: ՀՅԴ-ն այդ հարցում հայցեց ԱԺ մեծամասնության աջակցությունը, քանի որ անհրաժեշտ է 27 ստորագրություն, իսկ ընդդիմության պատգամավորների ընդհանուր քանակը չի հերիքում` հատելու ՍԴ դիմելու համար անհրաժեշտ 1/5-րդի սահմանագիծը: Երկրորդ տարբերակն էլ` ԱԺ-ն որոշում ընդունի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը քննարկելու առաջարկով Սերժ Սարգսյանին դիմելու մասին։ «Հակառակ պարագայում, բոլոր հիմքերը կլինեն պնդելու, որ կառավարությունն ԱԺ մեծամասնության օժանդակությամբ գերազանցում է իր սահմանադրական լիազորությունները: Սա հարցի լուծման իրավական ճանապարհն է»,-հավելեց Ռուստամյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե իր հրաժարականի համար չկա քաղաքական նախադրյալ: Իսկ ՀՅԴ-ականների նախաձեռնությունը որակեց հնարավորություն՝ «հնչեցնելու մի կողմից իրենց մտահոգող խնդիրները, մյուս կողմից փորձում են գրավել ընտրողների ուշադրությունը»: Տ.Սարգսյանին հիշեցրինք, որ անգամ ինքն է ՀՀԿ տնտեսական սեմինարի ժամանակ խոսել սոցիալ-տնտեսական բացասական ցուցանիշների, արտագաղթի մասին, եւ հարցրինք՝ արդյոք այդ տվյալները հիմք չեն կառավարությանը հրաժարականի համար: Պարզվեց՝ ոչ: «ՀՀ պարագայում նման խնդիր չկա, որովհետեւ մենք ԱԺ-ում ունենք բացարձակ մեծամասնություն, կառավարելիության մակարդակը բավականին բարձր է, եւ մենք մշտապես ուսումնասիրում ենք նաեւ մեր բնակչության կարծիքը կառավարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ, հստակ պատկերացնում ենք, թե ովքեր են դժգոհ, ովքեր դժգոհ չեն, ովքեր են մեզ աջակցում, եւ կարծում եմ, որ որեւիցե քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, որպեսզի կառավարությունը հրաժարական տա»: Ավելին, նա նաեւ շտապեց հայտարարել, որ աշխարհում այսօր չկա որեւէ պետություն, որտեղ կան կատարված ցուցանիշներ։
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎՈՂԸ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ