ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԺԱՄԱՆԱԿ ՁԳԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային վերլուծությունից հետո, երբ հայտարարվեց, որ լավ կլիներ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանար Հայ ազգային կոնգրեսին, քաղաքական դաշտում առաջացած ոգեւորությունը կարծես կամաց-կամաց մարում է: Բոլորին էլ հասկանալի է, որ ԲՀԿ-ն անգամ սատանայի հետ կհամագործակցի, բայց ոչ երբեք ՀԱԿ-ի:
Ինչո՞ւ. հարցի պատասխանը տարբեր է: Նախ՝ ԲՀԿ-ն 18 կուսակցությունների միասնությամբ ձեւավորված Կոնգրեսում անհայտ է, թե որերորդը կլինի` հաշվի առնելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի` 2008-ի չստացված համագործակցության պատճառները: Այն ժամանակ Տեր-Պետրոսյանն ասել էր, որ ՕԵԿ-ը 18 կուսակցություններից մեկն է` Ստեփան Դեմիրճյանից, Արամ Սարգսյանից հետո: Այսինքն` Գագիկ Ծառուկյանը Կոնգրեսում չի կարող առնվազն այս երկու գործիչներից առաջ անցնել` որքան էլ նրա կուսակցությունը լինի հզոր, մարդաշատ կամ տարաբնույթ ռեսուրսներով օժտված: Բացի այդ, եթե միանա ՀԱԿ-ին, ապա նրա կուսակիցների շրջանում ոչ միայն թմրամոլները, այլեւ ուրիշ հանցագործներ եւս կսկսեն բացահայտվել: Իսկ ինչ վերաբերում է բիզնեսին, ապա Ծառուկյանի ցանկացած ձեռնարկությունում մեկանգամյա ստուգումը բավական կլինի, որպեսզի նա իր ողջ ունեցվածքը տա ու հեռանա: Ահա սա է պատճառը, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն օրերս իր նեղ շրջապատում ասել է, որ ՀԱԿ-ին միանալու տարբերակը բացառվում է` «մեզ կհոշոտեն»:
Բայց մյուս կողմից էլ Ծառուկյանը չի կարող միանալ ՀՀԿ-ին, քանի որ այդպես կփոշիանան նրա ձայները, եւ այս տարիների ընթացքում կուտակված հավատը, որ մարդիկ, այնուամենայնիվ (գուցե նաեւ ցավոք սրտի), կուտակել են նրա նկատմամբ, մի քանի վայրկյանում կկորցնի: Բացի այդ, եթե միանա ՀՀԿ-ին, իր քաղաքական կնքահայր Ռոբերտ Քոչարյանն այնքան էլ սիրով չի ընդունի այդ փաստը` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Եւ ուրեմն ի՞նչ պետք է անի Ծառուկյանը: Նա համոզելով, «հիվանդանալով», «ծնունդներ նշելով» եւ այլն, պետք է ժամանակ ձգի, մինչեւ մոտենան ընտրությունները: Ինչքան քիչ ժամանակ մնա, այնքան Ծառուկյանի՝ վարկաբեկվելու շանսերը կնվազեն` անկախ նրանից, թե նա ինչ որոշում կկայացնի` դատապարտելի՞, թե՞ գովելի: Ուստի այս անորոշ վիճակը որքան շատ երկարի, այնքան լավ «Բարգավաճ Հայաստան»-ի համար:
Իսկ ընդհանուր առմամբ, եթե փորձենք վերլուծել ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները, պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության երեք նախագահներն էլ փորձում են իրենց հերթին ճնշում գործադրել ԲՀԿ-ի վրա: Պատճառն այն է, որ այս կուսակցությունը, լինելով իշխանություն, օգտվելով իշխանական կերակրատաշտից, այնուամենայնիվ, կարողացել է այնպիսի իմիջ ձեւավորել, որ այնքան էլ վատը չէ, բարի է, բարեգործություններ է անում եւ այլն, ուստի արժե նրան ձայն տալ: Հայաստանում հավանաբար երբեք չի եղել իշխանական կուսակցություն, որին մարդիկ ինքնակամ ձայն տալու ցանկություն ունենան: Ու հենց այս իրավիճակն էլ հանգիստ չի տալիս քաղաքական դաշտում դերակատարություն ունեցող այրերին: Նրանք հնարավորինս արագ փորձում են կոտրել ԲՀԿ-ին` այդպիսով իրենց դիրքերը հավասարեցնելով դաշտում: Եւ այս առումով հետաքրքիր զարգացումները դեռ առջեւում են:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս