Մայրության և գեղեցկության տոների կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված «Կանանց առողջության պահպանման միամսյակի» հիմնական նպատակն էր «Բաց դռների օրերի» կազմակերպման միջոցով կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող առողջական խնդիրներին (գինեկոլոգիական, ակնաբուժական, սրտաբանական, ուռուցքաբանական, ներզատաբանական, նյարդաբանական) ուղղված մասնագիտացված բուժօգնության մատչելիության ապահովումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախաքաղցկեղային հիվանդությունների և օստեոպարոզի հայտնաբերմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների անցկացմանը։
Մարզերում «Բաց դռների օրերին» նախապես կազմված ժամանակացույցով արտագնա այցեր են կատարվել Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների նեղ մասնագետների կողմից` ուռուցքաբանների և ակնաբույժների ուղեկցությամբ։ Միամսյակի ընթացքում «Բաց դռների օրեր» են կազմակերպվել նաև մարզերի մասնագիտական ներուժով։
Միամսյակի շրջանակներում առաջնային օղակի բուժհաստատություններում կանանց տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, կազմակերպվել է գինեկոլոգիական առաջնակի զննում, ըստ ցուցումների կատարվել են մասնագիտական այլ զննումներ: Անհրաժեշտության դեպքում տեղերում իրականացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ։ Բժշկական ցուցումներից ելնելով կազմակերպվել է կանանց հիվանդանոցային բուժօգնություն։
Կանանց միամսյակի ընթացքում Երևանում և մարզերում բուժօգնություն է ստացել 45.953 կին, որից 28.896-ը Երևանում, 17.057-ը` մարզերում։
Միամսյակի արդյունքները հուշում են`ՀՀ առողջապահութան նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում կազմակերպված աշխատանքների շնորհիվ հազարավոր կանանց համար մատչելի դարձան մի շարք բժշկական ծառայություններ, ինչը հնարավորություն տվեց ստանալու անվճար բուժօգնության այնպիսի տեսակներ, որոնք հասու չեն եղել այդ կանանց համար:
Մեծ է նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգ ծրագրերի և կանխարգելիչ միջոցառումների պահանջարկը, որոնց ծախսարդյունավետությունը ևս մեկ անգամ ապացուցվեց միամսյակի շրջանակներում ստացված արդյունքներով:
Միամսյակի արդյունքերից ելնելով անհրաժեշտություն է առաջանում`ուսումնասիրել ակնաբուժական և գինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման վերանայման հնարավորությունը, դիտարկել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ինչպես նաև կանխարգելիչ այլ ծրագրերի մշակման և ներդրման հարցը։