«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ ունեն տապալել Կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն էր տարածել, որ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետեւումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը պետք է ամեն բան անի, որպեսզի այդ ժողովն իրականություն չդառնա:
Ինչպես հայտնի է, այսօր՝ երեկոյան, Կաթողիկոսը վերադառնում է Մարսելից, ու չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ նման սցենար իրականացվեց Մասիսի համայնքապետի դեպքում, երբ հենց օդանավակայանի դռների մոտ իրավապահները ձերբակալեցին Դավիթ Համբարձումյանին: Այս պահին հայրենի իշխանությունները նման նպատակ ունեն:
Թե դա որքանով կկարողանան իրագործել, դեռեւս դժվար է ասել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:





























