Armenian text to speach

Իշխանությունը քահանա է փնտրում. ինչ է կատարվում Գյումրիում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ կիրակի օրը` դեկտեմբերի 7-ին, Գյումրի է գնալու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական ողջ էլիտան նրան ուղեկցելու է Գյումրիում. նախ, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեն պատարագի, այնուհետեւ ծաղիկներ կխոնարհեն 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Մենք տեղեկացանք, որ իշխանականները պատրաստվում են այդ օրը Գյումրի գնալ նաեւ այն պատճառով, որ ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանքի տակ է, եւ այդ պայմաններում քաղաքը ամբողջությամբ կլինի ՔՊ-ականների վերահսկողության տակ:

Նշենք, որ իշխանությունները փնտրում էին քահանա, ով այդ օրը պատարագ կմատուցեր, քանի որ Շիրակի թեմի ամբողջ դպրաց դասը, սարկավագները, քահանաները հրաժարվել էին այս կիրակի պատարագ մատուցել Նիկոլ Փաշինյանի օրակարգով՝ առանց հիշատակելու Վեհափառ Հայրապետի անունը։

Ինչպես Գյումրիից են հայտնում՝ հավանաբար, իրենք իրենց «հարմար» քահանային, սարկավագներին ու դպիրներին իրենց հետ կբերեն Յոթ վերք եկեղեցի: Վերջիններս էլ պատարագը կմատուցեն՝ խախտելով կարգը, առանց հիշատակելու Վեհափառ Հայրապետի անունը։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ հայտնում է, որ տեղի քահանաներից բոլորի մուտքն արգելված է։ Նրա գնահատմամբ՝ դեկտեմբերի 7-ին Յոթ վերքում մատուցվելիք պատարագը կլինի ամենախայտառակն իր բովանդակությամբ, քանի որ կանցկացվի ուժայինների ճնշման արդյունքում։

ArmLur.am-ին Կարապետ Պողոսյանը տեղեկացրեց, որ գյումրեցիները մինչեւ երեկ՝ առավոտյան գիտեին, թե Փաշինյանը Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում է պատարագի մասնակցելու, բայց հանկարծակիի են եկել՝ իմանալով, որ Յոթ վերք է այցելելու։

Տեղեկացնենք, որ Շիրակի թեմի հոգեւոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը չի առաջնորդելու Յոթ վերքում կիրակի տեղի ունենալիք պատարագը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բանտարկված է ԱԱԾ-ում՝ հարցազրույց տալու համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս