Գիտնականները կպայքարեն նոր կառավարության դեմ, եթե…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականը ֆիզիկոս, գիտնական Արթուր Իշխանյանից հետաքրքրվեց` ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ու նոր ձևավորվող կառավարությունից՝ հատկապես գիտնականների աշխատավարձերի բարձրացման առումով:

Գիտնականն ասաց, որ առայժմ անորոշ վիճակ է և դժվար է որևէ բան ասել.«Ակնկալիքներ իհարկե կան, բայց վաղ է ինչ-որ գուշակություն ասել»:

Իշխանյանի  խոսքով` գիտնականները ոչ թե սպասելիքներ ունեն, այլ պահանջներ ունեն և դրանք բարձրաձայնվում են ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովների ժամանակ:

«Կա հստակ  պահանջ` ավելացնել գիտության ֆինանսավորումն ու հասցեական օգտագործել ֆինանսները: Եթե  կառավարությունը մեր ձայնը չլսի, կարծում եմ` լուրջ պայքար կսկսվի»,- ասաց ֆիզիկոսը:

-Ո՞ւմ միջև պայքար կսկսվի:

-Պայքար ասելով նկատի ունեմ  հետևյալը` գիտական հանրությունն ընդդեմ կառավարության, եթե կառավարությունը չլսի այս պահանջը:

-Այսինքն` գիտնականների համբերության բաժակն արդեն լցվե՞լ է, եթե պայքարի մասին են խոսում:

-Գիտնականների համբերության բաժակը վաղուց է լցվել: Գիտնականները պայքարում են վաղուց, որն արտահայտվել  է  «Պահանջում ենք ավելացնել գիտության ֆինանսավորում»  նախաձեռնության ստեղծմամբ: Պարզապես գիտնականների պայքարն ունի որոշակի ակադեմիական ոճ: Պայքար չի նշանակում` զենք բարձրացնել: Պայքարն արտահայտված է գիտնականների անհանգստությամբ երկրի ապագայի նկատմամբ:

-Պրն Իշխանյան, հաշվի առնելով այն, որ նորանշանակ վարչապետը, վերանշանակված նախարարները իշխանության ներկայացուցիչներ են, (իսկ այս իշխանության վերաբերմունքն արդեն ակնհայտ է գիտնականների ու գիտության նկատմամբ), ի՞նչ ակնկալիքների մասին կարելի է խոսել:

-Բարդ հարց եք տալիս: Փիլիսոփայորեն ասած` քիչ բան կարելի է սպասել: Եթե լիներ լուրջ վերաբերմունք գիտության հանդեպ, այն պետք է արտահայտված լիներ: Բայց, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում: Կառավարությունը հուսանք կգիտակցի գիտության ռազմավարական նշանակությունը և համապատասխան քայլեր կձեռնարկի:

Հիշեցնենք, որ բարձր որակավորում ունեցող գիտնականի միջին աշխատավարձը 70.000  դրամ է:

«Սա  ցույց  է տալիս, որ մեր երկիրը գիտնականին գնահատում է ամենավատ ձևով»,- եզրափակեց գիտնականը:

Սոնա Դավթյան




Լրահոս